Անցնել բովանդակությանը

Մեղավորության զգացում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ

Մեղավորության զգացում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ

Աստվածաշնչի պատասխանը

 Այո։ Աստվածաշունչը կարող է օգնել մեզ, որ հաղթահարենք մեղավորության զգացումը (Սաղմոս 32:1–5)։ Եթե սխալ ենք գործել, բայց անկեղծորեն ափսոսում ենք, Աստված կների մեզ և կօգնի ապաքինվել (Սաղմոս 86:5)։ Աստվածաշնչից տեսնում ենք, որ մեղավորության զգացումը երբեմն կարող է օգտակար լինել, քանի որ այն կարող է մղել մեզ, որ փոխենք մեր սխալ ընթացքը և ամեն ինչ անենք ապագայում նույն սխալը չկրկնելու համար (Սաղմոս 51:17; Առակներ 14:9)։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ չափից շատ մեղավոր զգալը, օրինակ՝ մտածելը, թե մեր վիճակն անհույս է, կամ Աստծու համար անարժեք ենք, կարող է վտանգավոր լինել։ Այսպիսի մտածելակերպը կարող է պատճառ դառնալ, որ անհատը «կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը» (2 Կորնթացիներ 2։7

 Ի՞նչը կարող է մեղավորության զգացում առաջացնել

 Հնարավոր է, որ մեզ մեղավոր զգանք մի շարք պատճառներով։ Գուցե զգանք, որ վիրավորել ենք մեր սիրելի անձնավորությանը կամ չենք արդարացրել մեր սպասելիքները: Երբեմն էլ գուցե այդ զգացողությունն ունենանք, բայց ոչ մի բանում մեղավոր չլինենք։ Օրինակ, եթե ողջամտության սահմաններից դուրս բարձր չափանիշներ սահմանենք մեզ համար, ամենայն հավանականությամբ, մեզ մեղավոր կզգանք ամեն անգամ, երբ չհամապատասխանենք այդ չափանիշներին։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը խրախուսում է, որ ինքներս մեզնից ողջամիտ ակնկալիքներ ունենանք (Ժողովող 7:16):

 Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել մեղավորության զգացումը

 Հուսահատվելու փոխարեն՝ հնարավորության սահմաններում ամեն ինչ արա, որ շտկես իրավիճակը։ Ինչպե՞ս։

  •   Ընդունիր սխալներդ։ Աղոթիր Եհովային a, որ ների քեզ (Սաղմոս 38:18; Ղուկաս 11:4)։ Կարող ես համոզված լինել, որ Աստված կլսի քեզ, եթե իսկապես զղջաս ու ամեն կերպ ձգտես չկրկնել նույն սխալը (2 Տարեգրություն 33:13; Սաղմոս 34:18)։ Ի տարբերություն մարդկանց՝ նա տեսնում է մեր ներքին անձնավորությունը։ Երբ Աստված տեսնում է, որ փորձում ենք ճիշտ ճանապարհի վրա կանգնել, «նա ներում է.... որովհետև նա հավատարիմ է և արդար» (1 Հովհաննես 1։9; Առակներ 28։13

     Ինչ խոսք, եթե ինչ-որ մեկի հանդեպ սխալ ես գործել, լավ կլինի, որ ընդունես մեղքդ ու անկեղծորեն ներողություն խնդրես։ Գուցե դա հեշտ չլինի, և դա անելու համար քեզնից քաջություն ու խոնարհություն պահանջվի։ Սակայն անկեղծորեն ներողություն խնդրելը երկու խնդիր կլուծի։ Առաջին՝ քո սրտից մեծ քար կընկնի, և երկրորդ՝ խաղաղությունը կվերականգնվի (Մատթեոս 3:8; 5:23, 24

  •   Խորհիր Աստծու ողորմածությանն առնչվող աստվածաշնչյան համարների շուրջ։ Օրինակ՝ քննենք 1 Հովհաննես 3:19, 20-ը։ Այս համարներում տեսնում ենք, որ հնարավոր է՝ երբեմն մեր սրտերը դատապարտեն մեզ, այսինքն՝ չափազանց խիստ լինենք ինքներս մեր հանդեպ և մտածենք, որ արժանի չենք Աստծու սիրուն։ Սակայն նաև նշվում է, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է»։ Ի՞նչ է դա նշանակում։ Ճանաչելով մեզ՝ նա ամբողջ պատկերն է տեսնում և լիովին հասկանում է մեր զգացմունքներն ու թուլությունները։ Նա նաև գիտի, որ մենք անկատար ենք ծնվել և հակված ենք սխալ գործելու b (Սաղմոս 51:5)։ Այդ իսկ պատճառով Աստված չի մերժում նրանց, ովքեր իսկապես զղջում են իրենց սխալների համար (Սաղմոս 32:5):

  •   Մի ապրիր անցյալով։ Աստվածաշնչում բազմաթիվ պատմություններ կան, թե ինչպես են մարդիկ սխալ ճանապարհի վրա կանգնել, բայց հետո փոխվել են։ Նրանցից է տարսոնացի Սողոսը, ով հայտնի է դարձել որպես Պողոս առաքյալ։ Սողոսը փարիսեցի էր և դաժանորեն հալածում էր Հիսուսի հետևորդներին (Գործեր 8:3; 9:1, 2, 11)։ Բայց երբ հասկացավ, որ իրականում Աստծու և Մեսիայի՝ Քրիստոսի դեմ է դուրս եկել, զղջաց և օրինակելի քրիստոնյա դարձավ։ Իհարկե, Պողոսը խորապես ափսոսում էր իր արածների համար, բայց նա անցյալով չէր ապրում։ Երբ Պողոսն իմացավ, թե Եհովան որքան ողորմած է եղել իր հանդեպ, նա եռանդուն քարոզիչ դարձավ։ Նա միշտ վառ պահեց հավիտենական կյանքի հույսը (Փիլիպպեցիներ 3:13, 14):

 Մեղավորության և ներողամտության վերաբերյալ աստվածաշնչյան համարներ

 Սաղմոս 51։17. «Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի»։

 Նշանակությունը։ Եթե իսկապես ափսոսում ես, որ Աստծուն ցավ ես պատճառել, նա չի մերժի քեզ սխալներիդ համար։ Նա գթասիրտ է։

 Առակներ 28:13. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի»։

 Նշանակությունը։ Եթե ընդունենք, որ Աստծու դեմ մեղք ենք գործել, և ուղղվենք, նա կների մեզ։

 Երեմիա 31։34. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»։

 Նշանակությունը։ Երբ Աստված ներում է, նա այլևս չի հիշեցնում մեզ մեր կատարած սխալները։ Նրա ողորմածությունն անկեղծ է։

a Եհովան Աստծու անունն է (Ելք 6:3):

b Մենք ի ծնե հակում ունենք սխալներ գործելու, քանի որ առաջին մարդուց՝ Ադամից, մեղք ենք ժառանգել։ Նա իր կնոջ՝ Եվայի հետ, մեղք գործեց Աստծու դեմ, ինչի հետևանքով ոչ միայն իր կատարելությունը կորցրեց, այլև իր հետնորդներին զրկեց կատարյալ լինելու հեռանկարից (Ծննդոց 3:17–19; Հռոմեացիներ 5:12):