Անցնել բովանդակությանը

Արյան փոխներարկում. ի՞նչ են ասում բժիշկները հիմա

Արյան փոխներարկում. ի՞նչ են ասում բժիշկները հիմա

Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները ենթարկվել են քննադատության արյան փոխներարկումից հրաժարվելու համար։ Նրանց դիրքորոշումը, որը հիմնված է Աստվածաշնչի հետևյալ պատվերի վրա՝ «հեռու մնալ.... արյունից», հակասել է բժիշկների այն համոզմանը, որ դա լավագույն տարբերակն է իրենց պացիենտների համար (Գործեր 15:29

Սակայն փորձառու բժիշկների շրջանում գնալով ավելի շատ է խոսվում անարյուն բուժմեթոդների կիրառման արդյունավետության բժշկական հիմնավորումների մասին։

Սթենֆորդի բժշկական համալսարանի պարբերականի 2013թ. գարնանային համարում արյան վերաբերյալ հատուկ հոդված կար, որի մի բաժինը վերնագրված էր «Հոսանքին դեմ. ինչո՞ւ է արյան փոխներարկումը զիջում իր դիրքերը»։ Հոդվածի հեղինակ Սառա Ուիլյամսը նշում է. «Վերջին տասը տարիների և ընթացիկ հետազոտությունները ակնհայտ են դարձնում, որ աշխարհի տարբեր հիվանդանոցներում՝ թե՛ վիրահատարաններում, թե՛ տարբեր բաժանմունքներում, դոնորական արյունը ավելի հաճախ և ավելի մեծ քանակությամբ է օգտագործվում, քան անհրաժեշտ է պացիենտներին» (Stanford Medicine Magazine)։

Հեղինակը մեջբերում է Պատրիշա Ֆորդի խոսքերը, ով Փենսիլվանիայի հիվանդանոցի անարյուն բժշկության և վիրաբուժության կենտրոնի հիմնադիր տնօրենն է. «Բժշկության մեջ կարծրացած տեսակետ կա, թե պացիենտը կմեռնի, եթե օրգանիզմում արյան մակարդակը սահմանված շեմից ցածր լինի, և որ արյունը կյանք փրկելու միակ միջոցն է.... Որոշ դեպքերում, ճիշտ է, դա այդպես է, a սակայն մեծ մասամբ պացիենտներից շատերի դեպքում դա ուղղակի սխալ կարծիք է»։

Դր. Ֆորդը, ով տարեկան ավելի քան 700 Եհովայի վկա պացիենտ է ունենում, ավելացնում է. «Բժիշկներից շատերը, ում հետ խոսել եմ.... այսպիսի թյուր կարծիք ունեն, թե շատ պացիենտներ կմահանան, եթե նրանց արյուն չներարկվի.... Կար ժամանակ, որ ես էլ էի այդպես մտածում։ Բայց շուտով հասկացա, որ կարելի է նման պացիենտներին բուժել ընդամենը որոշ պարզ բուժմեթոդներ կիրառելով»։

2012-ի օգոստոսին «Միջազգային բժշկության արխիվներ» ամսագրում տպագրվեցին մի բժշկական կենտրոնում 28 տարիների ընթացքում սրտի վիրահատությունների ուսումնասիրության արդյունքները։ Եհովայի վկա պացիենտների հետ կապված դրական ցուցանիշները գերազանցում էին միևնույն առողջական խնդիրն ունեցող և արյան փոխներարկում ընդունած պացիենտների դրական ցուցանիշներին։ Վերջիններիս հետ համեմատած՝ Վկաների մոտ ավելի քիչ են եղել հետվիրահատական բարդություններ և մահացություն։ Վիրահատությունից հետո կյանքի 20 տարիների ընթացքում մահացության ցուցանիշները հավասար են եղել։

«Ուոլ սթրիթ ջորնլ»-ի 2013թ. ապրիլի 8-ի թողարկման մի հոդվածում գրված է. «Տարիներ շարունակ կիրառվում է անարյուն վիրաբուժությունը. արվում են վիրահատություններ առանց դոնորական արյան։ Նման վիրահատություններ արվել են այնպիսի պացիենտների, ովքեր կրոնական համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվել են արյան փոխներարկումից։ Այսօր արդեն այն լայն տարածում է գտնում.... Անարյուն վիրաբուժության կողմնակից մասնագետները ասում են, որ բուժման այս մեթոդը բացի ծախսերը նվազեցնելուց՝ կապված արյուն գնելու, պահեստավորելու, մշակելու, ստուգելու և փոխներարկելու հետ, նվազեցնում է նաև արյան միջոցով վարակներ ձեռք բերելու ռիսկը և կրճատում է ապաքինման ժամանակը»։

Ուստի զարմանալի չէ, որ Ռոբերտ Լորենսը՝ Քլիվլենդի բժշկական կենտրոնի արյան հարցերով պատասխանատու բժիշկը, նշում է. «Արյուն փոխներարկելիս այն զգացումն ես ունենում, թե օգնում ես հիվանդին.... Սակայն տարիների փորձը հակառակն է ցույց տալիս»։

a Եհովայի վկաների տեսակետը արյան փոխներարկման մասին իմանալու համար տես «Հաճախ տրվող հարցեր» բաժնի «Ինչո՞ւ չեք ընդունում արյան փոխներարկում» հոդվածը։