Անցնել բովանդակությանը

Հերմինե Շմիդտ

ԱՊՐԻԼԻ 18, 2024
ԳԵՐՄԱՆԻԱ

Հերմինե Շմիդտ. նացիստական համակենտրոնացման ճամբարներից փրկված վերջին Վկան մահացել է 98 տարեկանում

Հերմինե Շմիդտ. նացիստական համակենտրոնացման ճամբարներից փրկված վերջին Վկան մահացել է 98 տարեկանում

Հերմինեն՝ նախքան Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբար ուղարկվելը

2024 թ. մարտի 31-ին 98 տարեկանում մահացավ քույր Հերմինե Շմիդտը։ Նա հավատի համար համակենտրոնացման ճամբարում հալածանքներ կրած Եհովայի վկաներից վերջինն էր, ով ողջ էր։ Հերմինեն ծնվել էր 1925 թ. նոյեմբերի 13-ին Գդանսկ քաղաքում, որն այժմ Լեհաստանի մաս է կազմում: Նրա ծնողները՝ Օսկար և Ֆրիդա Կոշմիդերները, Եհովայի վկաներ էին։ Նրանք օգնեցին իրենց դստերը ամուր հավատ զարգացնել և ապավինել Եհովային։ 1939 թ.-ին նացիստական զորքերը գրավեցին Գդանսկը, որից հետո Եհովայի վկաների համար խիստ հալածանքների ժամանակաշրջան սկսվեց։ Այդ ընթացքում Հերմինեն իր կյանքը նվիրեց Եհովային և մկրտվեց 1942 թ. մայիսի 2-ին՝ 16 տարեկանում։

Հաջորդ տարի՝ 1943 թ. հունիսին, նացիստները ձերբակալեցին 17-ամյա Հերմինեին և կալանավորեցին։ Հետո նրան նորից ձերբակալեցին 1944 թ. ապրիլին ու այս անգամ ուղարկեցին Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբար։ Այդ սարսափելի օրերի մասին հիշելիս Հերմինեն մի անգամ ասել էր. «Հեշտ չէր հաշտվել տեղի ունեցածի հետ։ Մեզ նսեմացնում էին ու խոր ցավ պատճառում։ Գեստապոն ամեն ինչ անում էր, որ կոտրեր ինձ։ Ես հերոս չէի ծնվել, սովորական աղջիկ էի։ Բայց հստակ գիտեի, թե ինչ պետք է անեի։ Ես պետք է հավատարիմ մնայի ու վճռական՝ հետևելու իմ խղճին։ Երբ լսում ես խղճիդ ձայնին, խաղաղություն ես ունենում Աստծու և ինքդ քեզ հետ»։

Հորստն ու Հերմինեն՝ 1995 թ. մարտին

Մեկ տարի անց՝ 1945 թ. ապրիլին, ռուսական բանակը մոտեցավ Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարին։ Գերմանացի էսեսականները շատ բանտարկյալների ստիպողաբար նավակներ նստեցրին և ծով ուղարկեցին։ Նրանք չէին ցանկանում, որ բանտարկյալները ազատ արձակվեն ռուսական բանակի կողմից։ 1945 թ. մայիսին Հերմինեն և 370 այլ մարդիկ փրկվեցին՝ հասնելով Դանիայի Մյոն կղզի։ Դրանից հետո նա միացավ իր ծնողներին։

1947 թ.-ին Հերմինեն ամուսնացավ Հորստ Շմիդտի հետ։ Հորստը հրաժարվել էր զինվորական ծառայությունից։ Նա նաև արգելքի տարիներին աստվածաշնչյան գրականություն տարածող էր եղել։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց, մահվան դատապարտեց և բանտարկեց Բրանդենբուրգ-Գյորդեն բանտում։ Իր մահապատժից կարճ ժամանակ առաջ՝ 1945 թ. ապրիլի 27-ին, նա ազատ արձակվեց։ Հորստն ու Հերմինեն ամուսնացած էին մոտ 63 տարի՝ մինչև Հորստի մահը՝ 2010 թ.։

Շմիդտները երկար տարիներ ուրիշներին պատմում էին իրենց փորձառությունների մասին։ 1998 թ.-ին անցկացված հարցազրույցի ժամանակ Հերմինեն խոսել էր իր անարատության մասին ու ասել. «Անցածս ճանապարհը հեշտ չէր, բայց ամենագեղեցիկն էր: Ես այն երբեք ոչնչի հետ չէի փոխի»։

Ուրախ ենք, որ հավատարմության այսպիսի օրինակ ունենք։ Մենք կարող ենք ընդօրինակել քույր Հերմինեի հավատը՝ քաջ լինելով և ամրապնդելով մեր սրտերը՝ լի վստահությամբ, որ Եհովան կպաշտպանի իր հավատարիմ ծառաներին (Սաղմոս 31։23, 24