Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովհաննես Մկրտիչը իրականում գոյություն ունեցե՞լ է

Հովհաննես Մկրտիչը իրականում գոյություն ունեցե՞լ է

Ավետարաններում հիշատակվում է Հովհաննես Մկրտիչ անունով մի մարդ, որը Հրեաստանում քարոզում էր Աստծու Թագավորության մասին։ Արդյոք այս մարդու մասին աստվածաշնչյան արձանագրությունը ճշգրի՞տ է։ Նկատի առնենք հետևյալ փաստերը։

  • Աստվածաշունչն ասում է. «Հովհաննես Մկրտիչը եկավ ու սկսեց քարոզել Հրեաստանի անապատում՝ ասելով. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»» (Մատթեոս 3։1, 2)։ Իսկ ի՞նչ են ասում աշխարհիկ աղբյուրները։

    Առաջին դարի պատմագիր Հովսեպոս Փլավիոսը գրում է «Մկրտիչ մակդիրն ունեցող Հովհաննես» անունով մի մարդու մասին, որը «հրեաներին կոչ էր անում արդար կյանքով ապրել», «Աստծու աչքում բարեպաշտ» լինել և «մկրտվել» («Հրեական հնախոսություն», գիրք XVIII)։

  • Աստվածաշունչն ասում է, որ Հովհաննեսը հանդիմանեց Հերովդես Անտիպասին, որը Գալիլեա մարզի և Պիրեայի կառավարիչն էր։ Հերովդեսը պնդում էր, թե հրեա է և Օրենքի տակ է գտնվում։ Հովհաննեսը քննադատեց Հերովդեսին այն բանի համար, որ նա ամուսնացել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի հետ (Մարկոս 6։18)։ Աստվածաշունչը միակ աղբյուրը չէ, որտեղ հիշատակվում է Հերովդեսի կյանքի մասին այս մանրամասնությունը։

    Պատմագիր Հովսեպոսը գրում է, որ Անտիպասը «սիրահարվել էր Հերովդիային» և «հանդգնել էր ամուսնության առաջարկ անել նրան»։ Հերովդիան համաձայնել էր և լքել ամուսնուն՝ Անտիպասի հետ ամուսնանալու համար։

  • Աստվածաշունչը պատմում է, որ «Երուսաղեմը, ամբողջ Հրեաստանը և Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա [Հովհաննեսի] մոտ, և մարդիկ մկրտվում էին նրա կողմից Հորդանան գետում» (Մատթեոս 3։5, 6

    Հովսեպոսը նույնպես հաստատում է այս մանրամասնությունը՝ գրելով, որ մարդկանց «բազմություն» գնաց Հովհաննեսին տեսնելու, և որ մարդիկ «չափազանց ոգևորված [կամ՝ խանդավառված] էին նրա քարոզներով»։

Հստակ է, որ առաջին դարի պատմագիր Հովսեպոսը վստահ էր, որ Հովհաննես Մկրտիչը իրական անձնավորություն է եղել։ Մենք էլ կարող ենք համոզված լինել դրանում։