Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երկու թարգմանիչներ, որոնք վերականգնեցին Աստծու անունը Նոր Կտակարանում

Երկու թարգմանիչներ, որոնք վերականգնեցին Աստծու անունը Նոր Կտակարանում

 Շատերի սովորած ամենաառաջին աղոթքներից մեկը «Տերունական աղոթքն» է, որը Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին։ Այն արձանագրված է Նոր Կտակարանում և սկսվում է հետևյալ խոսքերով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Սակայն Աստծու անունը, որն անգլերենում գործածվում է «Jehovah» (Եհովա), երբեմն՝ «Yahweh» (Յահվե) տառադարձմամբ, հազվադեպ է հանդիպում Նոր Կտակարանի անգլերեն թարգմանություններում։ Մինչդեռ այդ թարգմանություններում կան կեղծ աստվածների անուններ, ինչպիսիք են Զևսը, Հերմեսը և Արտեմիսը։ Արդյոք չպե՞տք է դրանք ընդգրկեն նաև ճշմարիտ Աստծու՝ Աստվածաշնչի Հեղինակի անունը (Գործեր 14։12; 19։35; 2 Տիմոթեոս 3։16

Եթե Նոր Կտակարանում կան կեղծ աստվածների անուններ, ուրեմն չպե՞տք է այն ընդգրկի նաև ճշմարիտ Աստծու անունը

 Անգլերեն Աստվածաշնչի թարգմանիչներ Լանսելոտ Շադվելը և Ֆրեդերիկ Փարկերը այն կարծիքին էին, որ Աստծու անունը պետք է վերականգնվեր Նոր Կտակարանում։ Բայց ինչո՞ւ կարիք կար այն վերականգնելու։ Քանի որ նրանք եկել էին այն եզրահանգման, որ Աստծու անունը եղել էր բնագրում, բայց հետագայում հանվել էր տեքստից։ Ինչո՞ւ էին նրանք այդպես եզրակացրել։

 Շադվելը և Փարկերը գիտեին, որ Հին Կտակարանի (դրա բնագրի մեծ մասը գրվել է եբրայերենով) առկա ձեռագրերում հազարավոր անգամներ հանդիպում էր Աստծու անձնանունը։ Ուստի նրանց համար զարմանալի էր, որ Աստծու անվան ամբողջական տարբերակը բացակայում էր Նոր Կտակարանի իրենց հասանելի ձեռագրերում։ a Բացի այդ՝ ուսումնասիրելով Նոր Կտակարանի այն հատվածները, որոնցում հանդիպում են Հին Կտակարանում հաճախ գործածվող արտահայտություններ (օրինակ՝ «Եհովայի հրեշտակը»), Շադվելը նկատեց, որ հունարեն Նոր Կտակարանի գրագիրները տեքստն արտագրելիս Աստծու անունը փոխարինել են Կի՛րիոս բառով, որը նշանակում է «Տեր» (2 Թագավորներ 1։3, 15; Գործեր 12։23

Աստծու անունը եբրայերենով

 Իրականում, նախքան Շադվելը և Փարկերը կհրատարակեին իրենց անգլերեն թարգմանությունները, եղել էին թարգմանիչներ, ովքեր Նոր Կտակարանի իրենց անգլերեն թարգմանություններում վերականգնել էին Աստծու անունը, սակայն միայն հատուկենտ հատվածներում։ b Փարկերը «Նոր Կտակարանի բառացի թարգմանությունը» (A Literal Translation of the New Testament) հրատարակեց 1863 թ.-ին։ Մինչ այդ չէր եղել որևէ թարգմանիչ, որ Նոր Կտակարանի անգլերեն թարգմանության մեջ այդքան շատ տեղերում կվերականգներ Աստծու անունը։ Իսկ ովքե՞ր էին Լանսելոտ Շադվելը և Ֆրեդերիկ Փարկերը։

Լանսելոտ Շադվել

 Լանսելոտ Շադվելը (1808-1861 թթ.) փաստաբան էր և Անգլիայի փոխկանցլեր սըր Լանսելոտ Շադվելի որդին էր։ Լանսելոտ կրտսերը Անգլիայի եկեղեցու անդամ էր։ Թեպետ նա հավատում էր Երրորդության ուսմունքին, բայց արտահայտեց Աստծու անվան հանդեպ իր խոր հարգանքը՝ այն կոչելով «ԵՀՈՎԱՅԻ փառահեղ անուն»։ Շադվելը իր՝ «Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններ» թարգմանության մեջ «Եհովա» անունը օգտագործեց 28 անգամ հիմնական տեքստում և 465 անգամ՝ ուղեկցող ծանոթագրություններում։

 Հնարավոր է՝ Շադվելը Աստծու անունը տեսել էր Հին Կտակարանի եբրայերեն ձեռագրերում։ Հետագայում նա նշել էր, որ նրանք, ովքեր Հին Կտակարանի հունարեն թարգմանության մեջ Աստծու անունը փոխարինել էին Կի՛րիոս բառով, «ազնիվ թարգմանիչներ չէին եղել»։

The Gospel according to Matthew rendered into English with notes, by L. Shadwell (1859), provided by the Bodleian Libraries. Licensed under CC BY-NC-SA 2.0 UK. Modified: Text highlighted

Մատթեոս 1։20-ը՝ Շադվելի թարգմանության մեջ

 Իր թարգմանության մեջ Շադվելը «Եհովա» անունը առաջին անգամ օգտագործել է Մատթեոս 1։20-ում։ Այդ համարի ծանոթագրության մեջ նա ասել է. «Նոր Կտակարանի այս և մի շարք այլ հատվածներում [Կի՛րիոս] բառը նշանակում է ԵՀՈՎԱ, որը Աստծու ճշմարիտ անունն է։ Չափազանց կարևոր է այն վերականգնել անգլերեն թարգմանության մեջ»։ Նա նաև նշել է. «Դա Աստծու պատվի հարցն է։ Նա ճանաչեցրել է իրեն ԵՀՈՎԱ անվամբ, ուստի նրա մասին խոսելիս շատ տեղին է օգտագործել նրա անունը»։ Ապա անդրադառնալով Աստվածաշնչի «Հեղինակային թարգմանությանը» (նույնն է՝«Ջեյմս թագավորի թարգմանություն»)՝ նա ասել է. «[Այստեղ] ԵՀՈՎԱ անունը հազվադեպ է հանդիպում.... Աստծու ճշմարիտ անվան փոխարեն կարդում ենք «Տեր»»։ Շադվելը հետևյալ կարծիքին էր. ««Տեր» բառը Աստծու անունը փոխարինելու համար ամենաանարժան տիտղոսն է.... նույնիսկ [ինձ] են իմ կալվածքում «տեր» կոչում»։

«[Աստված] ճանաչեցրել է իրեն ԵՀՈՎԱ անվամբ, ուստի նրա մասին խոսելիս շատ տեղին է օգտագործել նրա անունը»։ (Լանսելոտ Շադվել)

 Շադվելը «Մատթեոսի» իր թարգմանությունը հրատարակեց 1859 թ.-ին, իսկ «Մատթեոսի» և «Մարկոսի» միակցված տարբերակը՝ 1861 թ.-ին։ Դա եղավ նրա վերջին աշխատանքը։ 1861 թ. հունվարի 11-ին՝ 52 տարեկանում, Շադվելը հեռացավ կյանքից։ Այնուամենայնիվ, նրա ջանքերը զուր չեղան։

Ֆրեդերիկ Փարկեր

 Շադվելի՝ «Մատթեոսի» թարգմանությունը արժանացավ մի հարուստ, հայտնի լոնդոնցի գործարարի ուշադրությանը, որի անունն էր Ֆրեդերիկ Փարկեր (1804-1888 թթ.)։ Նա մոտ 20 տարեկանից սկսել էր թարգմանել Նոր Կտակարանը։ Ի տարբերություն Շադվելի՝ Փարկերը չէր ընդունում Երրորդության ուսմունքը։ Նա գրել է. «[Թող Աստծու] սիրելի Որդու ողջ եկեղեցին.... սրտանց ընդունի ճշմարտությունը.... և պաշտի միայն Ամենակարող Եհովային»։ Փարկերը նաև նկատել էր, որ Նոր Կտակարանի այն ձեռագրերում, որոնցում Կի՛րիոս բառը օգտագործվում էր թե՛ Տեր Աստծու, թե՛ Տեր Հիսուսի վերաբերյալ, Հոր և Որդու միջև տարբերությունը անորոշ էր։ Ուստի նրա հետաքրքրությունը շարժվեց, երբ տեսավ, որ Շադվելը որոշ հատվածներում Կի՛րիոս բառը թարգմանել է «Եհովա»։

 Իսկ ինչո՞ւ էր Փարկերի միտքն այդքան պրպտուն։ Նա հունարենի գիտակ էր և դրա քերականության վերաբերյալ մի քանի գրքեր և թերթիկներ էր գրել։ Նա նաև անդամակցում էր Աստվածաշնչյան անգլիական ինստիտուտին, որը խթանում էր Աստվածաշնչի ձեռագրերի ուսումնասիրությանը՝ նպատակ ունենալով թողարկել ավելի բարձր որակի թարգմանություններ։ 1842 թ.-ին Փարկերը սկսեց մի քանի մասերով և թողարկումներով հրատարակել Նոր Կտակարանի իր առաջին թարգմանությունը։ c

Նոր Կտակարանը՝ Փարկերի (Հայնֆետեր) թարգմանությամբ

Փարկերը վերականգնում է Աստծու անունը

 Տարիներ շարունակ Փարկերը իր աշխատություններում անդրադառնում էր հետևյալ հարցերին. «Ե՞րբ է Կի՛րիոս բառը վերաբերում Տեր Հիսուսին և ե՞րբ՝ Տեր Աստծուն։ Ինչո՞ւ է Կի՛րիոս-ը քերականական տեսանկյունից ավելի հաճախ օգտագործվում որպես անուն, քան տիտղոս»։

 Երբ Փարկերը տեսավ Շադվելի՝ 1859 թ. «Մատթեոսի» թարգմանությունը և Կի՛րիոս բառի վերաբերյալ նրա մեկնաբանությունները, համոզվեց, որ մի շարք հատվածներում Կի՛րիոս-ը «պետք է թարգմանվի Եհովա»։ Ուստի նա վերանայեց Նոր Կտակարանի իր ողջ թարգմանությունը, որ վերականգնի «Եհովա» անունը ճիշտ տեղերում՝ հիմնվելով համատեքստի և հունարենի քերականության վրա։ Արդյունքում՝ Փարկերի՝ 1863 թ. միահատոր թողարկման՝ «Նոր Կտակարանի բառացի թարգմանության» մեջ, հիմնական տեքստում 187 անգամ հանդիպում է Աստծու անունը։ Սա Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ մեզ հայտնի անգլերեն առաջին թարգմանությունն է, որի ողջ տեքստում օգտագործվում է Աստծու անունը։ d

Փարկերի՝ 1864 թ. Նոր Կտակարանի թարգմանության անվանաէջը

 1864 թ.-ին Փարկերը նաև լույսընծայեց ««Նոր Կտակարանի անգլերեն թողարկման» և «Հեղինակային թարգմանության» համատեղ հրատարակությունը» (A Collation of an English Version of the New Testament.... With the Authorized English Version)։ Նրա նպատակն էր՝ Նոր Կտակարանի այս երկու թարգմանությունները համատեղելու միջոցով ցույց տալ, թե որ հատվածներում և ինչպես են դրանք տարբերվում իրարից։ e

 Աստծու անունը վերականգնելու կարևորությունն ընդգծելու նպատակով Փարկերը ուշադրություն հրավիրեց «Հեղինակային թարգմանությունից» մի շարք համարների վրա, ինչպիսին է, օրինակ, Հռոմեացիներ 10։13-ը. «Քանի որ ամեն ոք, ով կանչում է Տիրոջ անունը, կփրկվի»։ Անդրադառնալով նման համարների՝ Փարկերը հարցրեց. «Այս համարները «Հեղինակային թարգմանությունից» ընթերցելով՝ ո՞վ երբևէ կմտածեր, որ խոսքը ոչ թե Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է, այլ Եհովայի»։

Հռոմեացիներ 10։13-ը՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» (վերևում) և Փարկերի՝ 1864 թ. թարգմանության մեջ

 Փարկերը հազարավոր ֆունտ սթեռլինգներ ծախսեց, ինչն այդ ժամանակ մեծ ունեցվածք էր, որ հրատարակի և գովազդի իր թերթիկները, հոդվածները և մյուս աշխատությունները։ Ընդամենը մեկ տարում նա ծախսեց 800 ֆունտ, որն այսօր համարժեք է 100 000 բրիտանական ֆունտ սթեռլինգին (132 000 ԱՄՆ դոլար)։ Նա նաև այդ հրատարակությունների անվճար օրինակներ էր ուղարկում իր ծանոթներին և բարձրաստիճան հոգևորականներին՝ դրանք հանձնելով նրանց դատին։

 Փարկերի աշխատությունները և Նոր Կտակարանի թարգմանությունները, որոնք թողարկվում էին խիստ սահմանափակ քանակով, ծաղրանքի էին արժանանում որոշ աստվածաշնչագետների կողմից։ Սակայն նման վերաբերմունքով նրանք ցույց էին տալիս, որ չեն գնահատում այն անկեղծ ջանքերը, որ ներդրել էին Փարկերը, Շադվելը և մյուսները անգլերեն Նոր Կտակարանում Աստծու անձնանունը վերականգնելու համար։

 Գուցե ձեզ հետաքրքրի նաև հետևյալ 10-րոպեանոց տեսանյութը. «Շրջայց Ուորվիքի թանգարանում։ «Աստվածաշունչը և Աստծու անունը»»։

a «Եհովա» անվան կրճատ տարբերակն է «Յահ»։ Այն հանդիպում է Հայտնություն 19։1, 3, 4, 6 համարներում «ալելուիա» բառի մեջ, որը թարգմանաբար նշանակում է «գովաբանե՛ք Յահին, ո՛վ դուք մարդիկ»։

b Շադվելը ամբողջությամբ չի թարգմանել Նոր Կտակարանը։ Իր թարգմանության մեջ նա ընդգրկել է հատվածներ Ֆիլիպ Դոդրիջի, Էդվարդ Հարվուդի, Ուիլյամ Նյուքամի, Էդգար Թեյլորի և Գիլբերտ Ուեյքֆիլդի թարգմանություններից։

c Որպես գործարար և որպես աստվածաշնչագետ իր գործունեությունը տարբերակելու նպատակով՝ Փարկերը իր կրոնական աշխատություններում և Աստվածաշնչի թարգմանություններում հանդես էր գալիս Հերման Հայնֆետեր անվամբ։ Այս անունը բազմիցս հանդիպում է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» հավելվածներում։

d 1864 թ.-ին Փարկերը հրատարակեց «Նոր Կտակարանի անգլերեն թողարկումը» (An English Version of the New Testament), որում 186 անգամ հանդիպում է Աստծու անունը։

e Նախքան Փարկերի թարգմանությունը եղել են Նոր Կտակարանի բազմաթիվ եբրայերեն թարգմանություններ, որոնց տարբեր համարներում առկա էր Աստծու անունը։ Բացի այդ՝ 1795 թ.-ին Յոհան Յակոբ Շթոլցը հրատարակեց գերմաներեն մի թարգմանություն, որում «Մատթեոսից» մինչև «Հուդա» Աստծու անունն օգտագործվում էր ավելի քանի 90 անգամ։