Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 5

Ինչպես լավ փոխհարաբերություններ պահպանել հարազատների հետ

Ինչպես լավ փոխհարաբերություններ պահպանել հարազատների հետ

«Հագեք.... բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (Կողոսացիներ 3։12

Ամուսնությամբ հիմք է դրվում նոր ընտանիքի։ Ինչ խոսք, դու միշտ էլ կսիրես ու կհարգես ծնողներիդ, սակայն այժմ կողակիցդ է դառնում քեզ համար ամենակարևոր անձնավորությունը։ Հարազատներիդ համար գուցե դժվար լինի ընդունել այս իրողությունը։ Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ հավասարակշռված լինելու, որպեսզի կարողանաս ամրացնել ձեր ամուսնական կապը և միևնույն ժամանակ լավ փոխհարաբերություններ պահպանես հարազատներիդ հետ։

1 ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Պատվիր քո հորն ու մորը» (Եփեսացիներ 6։2)։ Ինչ տարիքում էլ լինես, միշտ պետք է հարգես ու պատվես ծնողներիդ։ Նաև հիշիր, որ կողակիցդ նույնպես պետք է հոգատարություն դրսևորի իր ծնողների հանդեպ։ «Սերը նախանձոտ չէ», ուստի երբեք մի՛ մտածիր, թե կողակցիդ ջերմ փոխհարաբերություններն իր ծնողների և մյուս հարազատների հետ վտանգում է ձեր միությունը (1 Կորնթացիներ 13։4; Գաղատացիներ 5։26

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Խուսափիր այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են, օրինակ, «քո ընտանիքը ինձ միշտ քննադատում է», կամ «մայրդ երբեք չի հավանում իմ արածը»։

  • Փորձիր իրերին նայել կողակցիդ տեսանկյունից։

2 ԵՂԻՐ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ, ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)։ Անգամ քո ամուսնությունից հետո ծնողներդ գուցե մտածեն, թե իրենք դեռ պատասխանատվություն են կրում քեզ համար, ու թերևս չափից շատ հետաքրքրվեն ձեր ընտանեկան գործերով։

Դու և կողակիցդ պետք է որոշեք, թե որ չափով նրանք կարող են միջամտել, և նրբանկատորեն տեղեկացնեք նրանց ձեր որոշման մասին։ Խոսեք անկեղծ և հստակ, բայց ոչ կոպիտ (Առակներ 15։1)։ Խոնարհամտություն, մեղմություն և համբերատարություն դրսևորելով՝ ջերմ փոխհարաբերություններ կպահպանեք հարազատների հետ և կկարողանաք «սիրով միմյանց համբերել» (Եփեսացիներ 4։2

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Եթե քեզ մտահոգում է, որ հարազատները շատ են միջամտում ձեր կյանքին, այդ մասին խոսիր կողակցիդ հետ այն ժամանակ, երբ ընտանիքում խաղաղ մթնոլորտ է տիրում։

  • Միասին որոշեք, թե ինչպես կարելի է լուծել այդ հարցերը։