Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ

Սովորեցրեք երեխային ինքնատիրապետում դրսևորել

Սովորեցրեք երեխային ինքնատիրապետում դրսևորել

ԽՆԴԻՐ

Ձեր վեց տարեկան երեխան կարծես թե չի կարողանում ինքնատիրապետում դրսևորել։ Երբ նա տեսնում է իր ուզած որևիցե մի բան, ցանկանում է անմիջապես ստանալ այն։ Իսկ երբ զայրանում է, հիստերիայի մեջ է ընկնում և իրեն շատ վատ է պահում։ Գուցե մտածեք. «Նման պահվածքը նորմա՞լ է։ Արդյո՞ք նման վարվելակերպը կապված է տարիքի հետ և ժամանակի ընթացքում կփոխվի, թե՞ պետք է նրան սովորեցնեմ ինքնատիրապետում դրսևորել»։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Այսօրվա աշխարհը խրախուսում է ոչ թե ինքնատիրապետում դրսևորել, այլ հագուրդ տալ ցանկություններին։ Դոկտոր Դեյվիդ Ուոլշը գրում է. «Ներկայիս ամենաթող հասարակության մեջ երեխաները և մեծերը անընդհատ լսում են, որ ամեն մարդ պետք է անի այն, ինչ ուզում է։ Գրեթե բոլոր խորհրդատուները, լինեն դրանք լավ միտումներ ունեցող մարդիկ, թե գումար կորզող խաբեբաներ, խրախուսում են հագուրդ տալ ցանկություններին»։ *

Կարևոր է երեխային վաղ տարիքից սովորեցնել ինքնատիրապետում դրսևորել։ Մի երկարատև ուսումնասիրության ընթացքում մասնագետները չորս տարեկան մի խումբ երեխաների մեկական մարշմելոու (քաղցրավենիք) տվեցին և ասացին, որ նրանք կարող են կա՛մ անմիջապես ուտել այդ մեկը, կա՛մ որոշ ժամանակ սպասել և ստանալ երկրորդը՝ որպես վարձատրություն իրենց համբերության համար։ Այդ խմբից այն երեխաները, ովքեր ինքնատիրապետում էին դրսևորել, հետագայում՝ դպրոցն ավարտելուց հետո, զգացապես ավելի առողջ էին, ավելի հասուն էին մարդկային փոխհարաբերություններում և ավելի լավ մտային ունակություններ ունեին, քան փորձի մյուս մասնակիցները։

Եթե չսովորեցնեք երեխային ինքնատիրապետում դրսևորել, կարող են վատ հետևանքներ լինել։ Մասնագետները կարծում են, որ այն ամենը, ինչ երեխան անում է և զգում է իր կյանքի ընթացքում, ազդում է նրա ուղեղում ընթացող պրոցեսների վրա։ Դոկտոր Դան Քինդլոնը նշում է, որ «եթե երես տանք երեխաներին և չօգնենք նրանց, որ սովորեն իրենց հերթին սպասել, անմիջապես չբավարարել իրենց ցանկությունները և դիմադրել գայթակղություններին, ապա նրանց նյարդային համակարգում գուցե տեղի չունենան այն փոփոխությունները, որոնք նպաստում են կայուն բնավորության ձևավորմանը և կամքի ուժի զարգացմանը»։ *

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Օրինակ ծառայեք։ Դուք ինքներդ կարողանո՞ւմ եք ինքնատիրապետում դրսևորել։ Հաճա՞խ եք ձեր երեխաների ներկայությամբ կորցնում ձեր համբերությունը, օրինակ, ճանապարհին խցանման մեջ ընկնելիս։ Հաճա՞խ եք խանութում հերթը խախտում կամ ընդհատում ուրիշներին, երբ նրանք խոսում են։ Դոկտոր Քինդլոնը նշում է. «Երեխաներին ինքնատիրապետում սովորեցնելու լավագույն կերպը այդ հարցում օրինակ լինելն է»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 12։9։

Սովորեցրեք երեխային մտածել հետևանքների մասին։ Օգնեք ձեր երեխային հասկանալու, թե ինչ օգուտներ կարող է քաղել, եթե զսպի բուռն ցանկություններն ու զգացումները, և թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե տրվի դրանց։ Օրինակ՝ եթե երեխան վրդովվել է, որ ինչ-որ մեկը իրեն վատ է վերաբերվել, օգնեք նրան, որ մտածի այսպիսի հարցերի շուրջ. «Չարին չարով հատուցելը կօգնի՞ լուծելու խնդիրը, թե՞ ավելի շատ վնաս կբերի։ Կա՞ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ։ Օրինակ՝ ավելի լավ չի՞ լինի հաշվել մինչև տասը և սպասել մինչև բարկությունը անցնի կամ էլ պարզապես հեռանալ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գաղատացիներ 6։7։

Խրախուսեք երեխային։ Գովեք երեխային, երբ նա ինքնատիրապետում է դրսևորում։ Օգնեք նրան հասկանալու, որ գուցե երբեմն դժվար լինի զսպել բուռն ցանկություններն ու զգացումները, բայց նա, ով կարողանում է այդպես վարվել, իրականում ուժեղ մարդ է։ Աստվածաշնչում գրված է. «Ինչպես քանդված, անպարիսպ քաղաքն է, այնպես էլ այն մարդն է, որը չի կարողանում զսպել իր ոգին» (Առակներ 25։28)։ Իսկ Առակներ 16։32-ում ասվում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է»։

Գործնականում ցույց տվեք ինքնատիրապետում դրսևորելու օգուտները։ Հորինեք և խաղացեք տարբեր դերային խաղեր, որոնք կմղեն երեխային մտածելու, թե ինքնատիրապետում դրսևորելն ինչու է լավ։ Խաղի ժամանակ ներկայացրեք իրավիճակներ, որոնք գուցե լինեն իրական կյանքում։ Ցույց տվեք, թե ինչ տարբեր ձևերով է հնարավոր վարվել նման իրավիճակում և օգնեք երեխային հասկանալու, թե որ վարվելակերպն է ճիշտ, որը՝ սխալ։ Գործի դրեք ձեր երևակայությունը։ Կարող եք օգտագործել տիկնիկներ, գծագրեր կամ այլ բաներ, որոնք խաղը ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն։ Ձեր նպատակը պետք է լինի օգնել երեխային հասկանալու, որ ինքնատիրապետում դրսևորելը ավելի լավ է, քան ցանկություններին կամ զգացումներին տրվելը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։11։

Եղեք համբերատար։ Աստվածաշունչը ասում է. «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։ Ուստի մի ակնկալեք, թե ձեր երեխան մեկ օրում ինքնատիրապետում կզարգացնի։ Ինչպես նշվում է մի գրքում, «դա երկար ու դանդաղ պրոցես է, որի ընթացքում լինում են և՛ առաջադիմություններ, և՛ սայթաքումներ»։ Սակայն արժե՛ ջանք թափել։ Այդ նույն գրքում ասվում է. «Երեխան, որը փոքր տարիքում սովորում է ինքնատիրապետում դրսևորել.... պատանեկան տարիքում ավելի հեշտությամբ է կարողանում հեռու մնալ թմրանյութերից և սեռական հարաբերությունից» (Teach Your Children Well)։

^ պարբ. 6 Մեջբերված է «Why Kids—of All Ages—Need to Hear It and Ways Parents Can Say It» գրքից։

^ պարբ. 8 Մեջբերված է «Too Much of a Good Thing—Raising Children of Character in an Indulgent Age» գրքից։