Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աշխատանք

Աշխատանք

Թեև Աստվածաշունչը հին գիրք է, սակայն այնտեղ գրված սկզբունքները միշտ արդիական են։ Այն, ինչ ասում է Աստվածաշունչը աշխատանքի մասին, այսօր նույնքան գործնական է, որքան այն ժամանակ, երբ այդ գիրքը գրվել է։

Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք աշխատանքի վերաբերյալ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Որպեսզի աշխատանքդ չկորցնես, այն պետք է առաջնային լինի քո կյանքում։ Ոմանք, ովքեր նման մտածելակերպ ունեն, այնքան են տարվել իրենց աշխատանքով, որ սկսել են անտեսել իրենց ընտանիքի անդամներին և անգամ չհետևել առողջությանը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը հորդորում է, որ հավասարակշռված տեսակետ ունենանք աշխատանքի վերաբերյալ։ Այն խրախուսում է լինել ժրաջան և դատապարտում է ծուլությունը (Առակներ 6։6–11; 13։4)։ Միևնույն ժամանակ այն չի խրախուսում լինել աշխատամոլ, այլ հորդորում է ժամանակ հատկացնել նաև հանգստին։ Ժողովող 4։6-ում գրված է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից»։ Փաստորեն, մենք չպետք է այնքան տարվենք մեր աշխատանքով, որ աչքաթող անենք ընտանիքի անդամներին և չհետևենք մեր առողջությանը։ Մարդ ոչ մի օգուտ չի ստանա, եթե այնքան աշխատի, որ ուժասպառ լինի։

«Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։

Կարևո՞ր է արդյոք, թե ինչ աշխատանք ես անում

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Եթե աշխատավարձը բարձր է, ուրեմն աշխատանքը լավն է։ Այդպիսի մտածելակերպը, ինչպես նաև շատ փող աշխատելու ցանկությունը դրդել են ոմանց, որ ներքաշվեն անազնիվ գործարքների մեջ և անգամ անօրինական գործեր անեն։

Ոմանք էլ մտածում են, որ մարդ պետք է անի միայն այն աշխատանքը, որի մասին երազել է, և որը բավականություն է պատճառում իրեն։ Այսպես մտածող մարդիկ ձանձրալի են համարում այն գործը, որն իրենց սրտով չէ։ Նրանք բացասաբար են վերաբերվում իրենց ունեցած աշխատանքին և բավարարվում են միայն նվազագույնն անելով։ Նրանք գուցե նույնիսկ հրաժարվեն աշխատանքի լավ հնարավորություններից, քանի որ մտածում են, որ այդպիսի աշխատանքը ցածր է իրենց արժանապատվությունից։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը դատապարտում է անազնիվ աշխատանքը, ինչպես նաև այնպիսի գործը, որը վնաս է բերում ուրիշներին (Ղևտական 19։11, 13; Հռոմեացիներ 13։10)։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ, որ անենք այնպիսի աշխատանք, որը նպաստում է ուրիշների բարօրությանը և չի վնասում մեր մաքուր խիղճը (1 Պետրոս 3։16

Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ աշխատանքի գլխավոր նպատակը ոչ թե եսասիրական ցանկություններին հագուրդ տալն է, այլ ապրուստ վաստակելը և ընտանիքի կարիքները հոգալը։ Ինչ խոսք, սխալ չէ, որ մարդը բավականություն է ստանում իր աշխատանքից, սակայն այն չպետք է դառնա նրա կյանքի գլխավոր նպատակը։

«Հայրս շատ զբաղված մարդ է։ Նա Եհովայի վկա է։ Բացի աշխատավայրում ունեցած իր պարտականություններից, նա տարբեր պատասխանատվություններ ունի նաև Եհովային վկաների ժողովում։ Հայրս լրջորեն է վերաբերվում իր աշխատանքին և ձգտում է անել իր լավագույնը։ Նա նաև ժամանակ է հատկացնում ինձ, քրոջս և մորս։ Չնայած որ նա միշտ շատ գործ ունի անելու, սակայն հավասարակշռված է այդ հարցում և կարողանում է ամեն ինչին ժամանակ հատկացնել» (Ալանա)։

Այսօր փողի արժեզրկման և գների բարձրացման պատճառով գուցե սկսենք անհանգստանալ, թե ինչպես ենք հոգալու մեր ապրուստը։ Աստվածաշունչը հորդորում է մեզ համեստ ապրելակերպ ունենալ։ Այնտեղ գրված է. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է ճգնավորի կյանքով ապրենք։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունենք, և ողջամիտ լինենք գնումներ անելու հարցում (Ղուկաս 12։15

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։

Ժրաջանորեն ու սրտանց կատարիր գործդ։ Անգամ եթե քեզ թվում է, թե դու ցածրակարգ աշխատանք ես անում, կամ դա քո երազած աշխատանքը չէ, միևնույնն է, ձգտիր հմտանալ քո գործում։ Տքնաջան աշխատանքը բավարարվածության զգացում կպարգևի քեզ, և որքան շատ հմտանաս քո գործում, այդքան ավելի մեծ բավականություն կստանաս։

Սակայն միևնույն ժամանակ փորձիր հավասարակշռված լինել։ Ձգտիր ժամանակ առ ժամանակ հանգստանալ։ Հանգիստը ավելի մեծ բավականություն կպարգևի, եթե այն վայելես տքնաջան աշխատանքից հետո։ Նաև վաստակելով ապրուստդ՝ քեզ ավելի արժեքավոր կզգաս և կվայելես ուրիշների, այդ թվում նաև քո ընտանիքի անդամների հարգանքը (2 Թեսաղոնիկեցիներ 3։12

«Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք».... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթեոս 6։31, 32)։