Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչի թարգմանություններ. ինչո՞ւ են այդքան շատ

Աստվածաշնչի թարգմանություններ. ինչո՞ւ են այդքան շատ

Ներկայումս կան Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ։ Եվ գուցե հարց առաջանա. ինչո՞ւ են դրանք այդքան շատ։ Իսկ ձեր կարծիքով՝ Աստվածաշնչի նոր թարգմանությունները նպաստո՞ւմ են, թե՞ խանգարում են այդ գիրքն ավելի լավ հասկանալուն։ Իմանալով, թե ինչ աղբյուրների վրա են դրանք հիմնված՝ կկարողանաք ավելի օբյեկտիվորեն գնահատել դրանք։

Բայց նախևառաջ տեսնենք՝ սկզբնապես ում կողմից է գրվել Աստվածաշունչը և երբ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԲՆԱԳԻՐ ՏԵՔՍՏԸ

Աստվածաշունչը, որպես կանոն, բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում կան 39 գրքեր, որոնք պարունակում են «Աստծու սրբազան պատգամները» (Հռոմեացիներ 3։2)։ Աստված հավատարիմ մարդկանց ներշնչել է գրի առնել այդ գրքերը, և դրանց գրությունը տևել է երկար ժամանակ՝ մոտ 1 100 տարի՝ սկսած մ. թ. ա. 1513 թ.-ից մինչև մ. թ. ա. 443 թ.-ից հետո ընկած որոշակի ժամանակահատվածը։ Նրանք հիմնականում գրել են եբրայերենով, ուստիև այս հատվածը կոչվում է Եբրայերեն Գրություններ (հայտնի է նաև որպես Հին Կտակարան)։

Երկրորդ մասը բաղկացած է 27 գրքերից, որոնք նույնպես «Աստծու խոսքն» են (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստված Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներին է ներշնչել գրի առնել այս գրքերը, և դրանց գրությունը շատ ավելի կարճ է տևել՝ մոտ 60 տարի՝ սկսած մ. թ. մոտ 41 թ.-ից մինչև մ. թ. 98 թ.։ Այս հատվածը գրողները հիմնականում գրել են հունարենով, այդ իսկ պատճառով այն անվանում են Քրիստոնեական Հունարեն Գրություններ, որը հայտնի է նաև որպես Նոր Կտակարան։

Այս 66 ներշնչված գրքերը միասին կազմում են ամբողջական Աստվածաշունչը՝ Աստծու գրավոր Խոսքը՝ ուղղված մարդկությանը։ Բայց ինչո՞ւ են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ արվել։ Պատճառներից երեքը նշված են ստորև։

  • Որպեսզի մարդիկ կարդան Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով։

  • Որպեսզի ուղղեն գրագիրների արած սխալները և վերականգնեն Աստվածաշնչի բնագիր տեքստը։

  • Որպեսզի հնացած լեզուն փոխարինեն ժամանակակից լեզվով։

Այժմ տեսնենք, թե ինչպես են վերոնշյալ գործոնները հաշվի առնվել հնում արված երկու թարգմանություններում։

ՀՈՒՆԱՐԵՆ «ՅՈԹԱՆԱՍՆԻՑ»

Հիսուսի օրերից մոտ 300 տարի առաջ հրեա մտավորականները սկսեցին Եբրայերեն Գրությունները թարգմանել մեկ այլ լեզվով՝ հունարեն։ Այդ թարգմանությունը հայտնի դարձավ որպես հունարեն «Յոթանասնից» թարգմանություն։ Ինչո՞ւ ստեղծվեց այդ թարգմանությունը։ Այդ ժամանակներում ապրող բազմաթիվ հրեաներ եբրայերենի փոխարեն արդեն հունարեն էին խոսում։ Եվ այդ թարգմանության նպատակն էր օգնել, որ նրանք շարունակեին ուսումնասիրել, հասկանալ ու սիրել «սուրբ գրքերը» (2 Տիմոթեոս 3։15

«Յոթանասնիցի» շնորհիվ նաև միլիոնավոր ոչ հրեա հունախոս մարդիկ են իմացել, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ինչպե՞ս է դա եղել։ Պրոֆեսոր Ու. Ֆ. Հովարդը նշում է. «Առաջին դարի կեսերից սկսած՝ այն [այսինքն՝ Յոթանասնիցը] դարձել էր քրիստոնեական եկեղեցու Աստվածաշունչը, և միսիոներները ժողովարանից ժողովարան էին գնում և գրքից «վկայակոչումներ անելով՝ ապացուցում», որ Հիսուսն է Մեսիան» (Գործեր 17։3, 4; 20։20)։ Աստվածաշնչագետ Ֆ. Ֆ. Բրյուսը նշում է, որ դա էր պատճառներից մեկը, որ շատ հրեաներ շուտով «կորցրին իրենց հետաքրքրությունը «Յոթանասնիցի» հանդեպ»։

Հիսուսի աշակերտները, աստիճանաբար ստանալով Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրքերը, դրանք համախմբեցին Եբրայերեն գրությունների «Յոթանասնից» թարգմանության հետ, և այդպիսով կազմվեց ամբողջական Աստվածաշունչը, ինչպիսին որ մենք ունենք այսօր։

ԼԱՏԻՆԵՐԵՆ «ՎՈՒԼԳԱՏԱ»

Աստվածաշնչի ամբողջական գիրք դառնալուց 300 տարի անց գիտնական, հոգևորական Հերոնիմոսը Աստվածաշունչը թարգմանեց լատիներեն, և այդ թարգմանությունը հետագայում հայտնի դարձավ որպես լատիներեն «Վուլգատա»։ Այդ ժամանակ արդեն իսկ կային լատիներեն տարբեր թարգմանություններ, ուրեմն ինչո՞ւ կարիք եղավ նոր թարգմանության։ Ինչպես նշվում է աստվածաշնչյան մի հանրագիտարանում, Հերոնիմոսը ցանկանում էր ուղղել «սխալ թարգմանությունները, ակնհայտ սխալները և անհիմն հավելումներն ու բացթողումները» (The International Standard Bible Encyclopedia)։

Հերոնիմոսը ուղղեց այդ սխալներից շատերը։ Բայց որոշ ժամանակ անց եկեղեցու հոգևորականությունը արեց մի սխալ, ինչը նրանց պատճառած մեծագույն վնասն էր. նրանք հայտարարեցին, որ լատիներեն «Վուլգատան» Աստվածաշնչի միակ ընդունելի թարգմանությունն է։ Եվ այդ դիրքորոշումը պահպանվեց դարեր շարունակ։ Այդպիսով՝ փոխանակ «Վուլգատան» նպաստեր, որ մարդիկ հասկանային Աստվածաշունչը, ճիշտ հակառակ արդյունքը բերեց. այդ թարգմանության պատճառով Աստվածաշունչը մարդկանց համար դարձավ «փակ գիրք», քանի որ եկավ մի ժամանակ, որ մարդկանց մեծ մասը ընդհանրապես լատիներեն չգիտեր։

ՆՈՐԱՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ

Այդ տարիների ընթացքում մարդիկ շարունակում էին Աստվածաշնչի նոր թարգմանություններ անել։ Դրանցից էր հանրահայտ ասորերեն «Պեշիթոն», որը մ. թ. մոտ հինգերորդ դարում արված թարգմանություն է։ Բայց միայն 14-րդ դարում էր, որ կրկին սկսեցին ավելի ակտիվ քայլեր ձեռնարկվել Աստվածաշունչը հասարակ ժողովրդին իր մայրենի լեզվով հասանելի դարձնելու համար։

14-րդ դարի վերջերին Անգլիայում Ջոն Ուիքլիֆը սկսեց միջոցներ ձեռնարկել Աստծու Խոսքը մեռած լեզվի ճիրաններից արձակելու համար. նա Աստվածաշունչը հրատարակեց անգլերենով, մի լեզու, որը հասկանալի էր իր երկրում ապրող մարդկանց համար։ Դրանից շատ չանցած՝ Յոհան Գուտենբերգի ստեղծած տպագրական նոր մեթոդների շնորհիվ աստվածաշնչագետների առջև հնարավորություն բացվեց այդ ժամանակվա տարբեր լեզուներով Աստվածաշնչի նոր թարգմանություններ անել և տարածել ողջ Եվրոպայում։

Երբ անգլերեն թարգմանությունները շատացան, քննադատները հարց բարձրացրին, թե արդյոք իսկապես կարիք կա միևնույն լեզվով Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ ունենալու։ Այս առնչությամբ 18-րդ դարի անգլիացի հոգևորական Ջոն Լյուիսը գրեց. «Լեզուն հնանում է և դառնում շատերի համար անհասկանալի, այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել հին թարգմանությունները՝ օգտագործելով այն լեզուն, որով խոսում են, և որը հասկանալի է այդ ժամանակներում ապրող սերնդի համար»։

Ներկայումս աստվածաշնչագետների համար շատ ավելի նպաստավոր պայմաններ կան հին թարգմանությունները վերանայելու համար։ Նրանք այժմ շատ ավելի լավ են հասկանում աստվածաշնչյան հին լեզուները։ Բացի այդ՝ կան արժեքավոր աստվածաշնչյան հին ձեռագրեր, որոնք վերջերս են հայտնաբերվել։ Դրանք օգնում են ավելի ճշգրտորեն վերականգնելու Աստվածաշնչի բնագիր տեքստը։

Այսպիսով՝ տեսանք, որ Աստվածաշնչի նոր թարգմանությունները իսկապես մեծ արժեք ունեն, թեև, ինչ խոսք, հարկավոր է շրջահայաց լինել, քանի որ դրանցից ոչ բոլորը գուցե արժանի լինեն մեր լիակատար վստահությանը։ * Բայց եթե նոր թարգմանություններ կատարողները այդ գործն արել են Աստծու հանդեպ անկեղծ սիրուց մղված, նրանց կատարած աշխատանքը կարող է շատ օգտակար լինել մեզ համար։

 

^ պարբ. 24 Տես «Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. մայիսի 1-ի համարում։