Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ տեսակի փոխադրամիջոցով էր ճամփորդում եթովպացի ներքինին, երբ Փիլիպոսը մոտեցավ նրան

«ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ» մեջ «կառք» թարգմանված բնագիր բառը կարող է վերաբերել կառքի տարբեր տեսակների (Գործ. 8։28, 29, 38)։ Սակայն ինչպես երևում է, այն փոխադրամիջոցը, որով ճամփորդում էր եթովպացին, պատերազմներում կամ մրցույթներում օգտագործվող հասարակ կառքերից ավելի մեծ էր։ Տեսնենք, թե ինչու ենք եկել նման եզրահանգման։

Եթովպացի ներքինին բարձրաստիճան պաշտոնյա էր, ով հեռվից էր գալիս։ Նա «եթովպացիների կանդակի թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր, և նրա բոլոր գանձերը նրա հսկողության տակ էին» (Գործ. 8։27)։ Հին Եթովպիայի տարածքի մեջ էին մտնում ներկայիս Սուդանը և Եգիպտոսի ամենահարավային հատվածը։ Թեև այդ պաշտոնյան, հավանաբար, նույն փոխադրամիջոցով չէր անցել այդ ողջ ճանապարհը, բայց նման երկար ճամփորդության համար պետք է որ մեծ ուղեբեռ ունենար։ Առաջին դարում ուղևորներ փոխադրելու համար օգտագործվող կառքերի մի մասը քառանիվ և ծածկ ունեցող սայլեր էին։ «Գործեր» գրքի վերաբերյալ մի աշխատության մեջ հետևյալն է ասվում. «Նման կառքերի մեջ ավելի շատ բեռ կարող էր տեղավորվել, և դրանցով ճամփորդելը ավելի հարմարավետ էր, ինչի շնորհիվ ավելի երկար տարածություններ կարելի էր անցնել» (Acts— An Exegetical Commentary)։

Երբ Փիլիպոսը մոտեցավ եթովպացուն, վերջինս կարդում էր։ Աստվածաշնչում ասվում է, որ «Փիլիպոսը [կառքի] կողքով վազելիս լսեց, որ [ներքինին] բարձրաձայն Եսայիա մարգարեի գիրքն է կարդում» (Գործ. 8։30)։ Քանի որ ճամփորդական կառքերը նախատեսված չէին արագ ընթանալու համար, ներքինին կառքի մեջ կարողանում էր ընթերցել, իսկ Փիլիպոսը կարողացավ վազելով հասնել նրան։

Եթովպացին «Փիլիպոսին խնդրեց, որ բարձրանա ու իր մոտ նստի» (Գործ. 8։31)։ Մրցույթի համար նախատեսված կառքերը կանգնած էին վարում։ Բայց ճամփորդական կառքերի մեջ այնքան տեղ կար, որ ներքինին ու Փիլիպոսը կարող էին նստել։

Հաշվի առնելով Գործեր 8-րդ գլխի ներշնչյալ արձանագրությունը և պատմական փաստերը՝ վերջերս մեր հրատարակություններում եթովպացի ներքինին պատկերվում է ավելի մեծ կառքի մեջ, քան պատերազմներում կամ մրցույթներում օգտագործվող կառքերն էին։