Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Դանիելը նշանավոր հրեա մարգարե էր, ով ապրել է մ.թ.ա. յոթերորդ և վեցերորդ դարերում։ Աստված նրան շնորհել էր երազներ մեկնելու ունակությամբ, տեսիլքներ էր տվել ապագա իրադարձությունների մասին և ներշնչել էր գրելու Աստվածաշնչի գրքերից մեկը, որը կրում է իր անունը (Դանիել 1։17; 2։19

Ո՞վ էր Դանիելը

 Դանիելը մեծացել է Հուդայի թագավորությունում, որի մեջ մտնում էին Երուսաղեմ քաղաքն ու տաճարը։ Մ. թ. ա. 617 թ.–ին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը գրավեց Երուսաղեմը և «երկրի անվանիներին» գերի տարավ Բաբելոն (2 Թագավորներ 24։15; Դանիել 1։1)։ Դանիելին, որն այդ ժամանակ հավանաբար դեռահաս էր, նույնպես տարան իրենց հետ։

 Դանիելը և մի քանի այլ երիտասարդներ (այդ թվում՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը) տարվեցին բաբելոնյան պալատ՝ պետական ծառայության համար հատուկ կրթություն ստանալու։ Թեև նրանց վրա ճնշում էին գործադրում, որ փոխզիջումների գնան հավատալիքների հարցում, սակայն Դանիելը և իր երեք ընկերները հավատարիմ մնացին իրենց Աստծուն՝ Եհովային (Դանիել 1։3-8)։ Երեք տարի ուսուցում ստանալուց հետո Դանիելն ու իր ընկերները Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից գովասանքի արժանացան իրենց իմաստության և հմտությունների համար։ Թագավորն ասաց, որ «նրանք տասն անգամ ավելի լավն են, քան մոգությամբ զբաղվող բոլոր քրմերն ու ոգի կանչողները, որոնք իր թագավորական տիրույթներում են»։ Ուստի նա Դանիելին ու նրա ընկերներին պալատում ծառայության նշանակեց (Դանիել 1։18-20

 Տասնամյակներ անց, երբ Դանիելը հավանաբար 90 տարեկան էր, կանչվեց պալատ։ Բաղդասարը, որն այն ժամանակ իշխում էր Բաբելոնում, Դանիելին խնդրեց մեկնաբանել պատին առեղծվածային կերպով հայտնված գրվածքը։ Աստծու առաջնորդությամբ Դանիելը հայտնեց, որ Բաբելոնն ընկնելու է մարա-պարսկական կայսրության ձեռքով։ Ու հենց այդ գիշեր Բաբելոնն ընկավ (Դանիել 5։1, 13-31

 Մարա-պարսկական տիրապետության ներքո Դանիելը դարձավ բարձրաստիճան պաշտոնյա։ Դարեհ թագավորը մտածում էր, թե ինչպես հետագայում ավելի բարձր պաշտոններ վստահի նրան (Դանիել 6։1-3)։ Սակայն նախանձ պաշտոնյաները ծրագրեցին սպանել Դանիելին՝ նրան առյուծների գուբը նետելով, բայց Եհովան փրկեց նրան (Դանիել 6։4-23)։ Դանիելի կյանքի վերջում մի հրեշտակ երևաց նրան և երկու անգամ վստահեցրեց, որ վերջինս շատ «թանկագին մարդ է» (Դանիել 10։11, 19

 Դիտեք այս իրադարձությունները կյանքի կոչող երկու մասից բաղկացած «Դանիել. նա ապրեց անկոտրում հավատով» աստվածաշնչյան վիդեոբեմադրությունը։