Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչում հակասություններ չկա՞ն

Աստվածաշնչում հակասություններ չկա՞ն

Աստվածաշնչի պատասխանը

 Ոչ, Աստվածաշունչն ամբողջությամբ ներդաշնակ է։ Թեև որոշ հատվածներ կարող են հակասական թվալ, սակայն հետևյալ մեթոդները կօգնեն ճիշտ հասկանալ դրանք.

  1.   Ուշադրություն դարձրու համատեքստին։ Ցանկացած հեղինակ կարող է թվալ, թե հակասում է ինքն իրեն, եթե նրա խոսքեր համատեքստից դուրս կարդաս։

  2.   Հաշվի առ գրողի տեսակետը։ Նույն դեպքի ականատեսները կարող են ճշգրտորեն նկարագրել եղածը, բայց տարբեր բառեր օգտագործեն և տարբեր մանրամասներ նշեն։

  3.   Հաշվի առ նաև պատմական փաստերը և այն ժամանակ ընդունված սովորությունները։

  4.   Տարբերիր՝ երբ է բառը օգտագործվում ուղիղ և երբ՝ փոխաբերական իմաստով։

  5.   Ընդունիր, որ երբեմն գործողությունը կարող է վերագրվել մեկին, նույնիսկ եթե նա անձամբ չի կատարել դա։ a

  6.   Օգտվիր Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանությունից։

  7.   Մի՛ փորձիր հարմարեցնել Աստվածաշնչի խոսքերը սխալ կրոնական գաղափարներին կամ ուսմունքներին։

 Եկեք օրինակներով տեսնենք, թե ինչպես են այս մեթոդները հստակություն մտցնում թվացյալ հակասություններում։

Մեթոդ 1։ Համատեքստ

  Եթե Աստված հանգստացավ յոթերորդ օրը, ապա ինչպե՞ս է նա շարունակում գործել։ Արարչագործության վերաբերյալ «Ծննդոց» գրքում արձանագրված պատմության համատեքստը ցույց է տալիս, որ Աստված «յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից» արտահայտությունը կոնկրետ վերաբերվում է երկրի վրա արարելու գործին (Ծննդոց 2:2–4)։ Ուստի Հիսուսի խոսքերը, թե՝ «իմ Հայրը մինչև հիմա գործում է», չեն հակասում վերոհիշյալ խոսքերին, քանի որ նա նկատի ուներ Աստծու մյուս գործերը (Հովհաննես 5:17)։ Դրանցից են, օրինակ, այն, որ Աստված ներշնչեց իր ծառաներին գրելու Աստվածաշունչը կամ որ շարունակ առաջնորդություն է տալիս և հոգ է տանում մարդկանց մասին (Սաղմոս 20:6; 105:5; 2 Պետրոս 1:21

Մեթոդ 2 և 3։ Տեսակետ և պատմություն

  Որտե՞ղ Հիսուսը բուժեց կույր մարդուն։ Ղուկասի Ավետարանում ասվում է, որ Հիսուսը բուժեց մի կույր մարդու, երբ «մոտենում էր Երիքովին», մինչդեռ Մատթեոսի Ավետարանում զուգահեռ արձանագրության մեջ հիշատակվում է երկու կույր մարդկանց մասին և ասվում է, որ դեպքը տեղի ունեցավ, երբ Հիսուսը «դուրս էր գալիս Երիքովից» (Ղուկաս 18:35–43; Մատթեոս 20:29–34)։ Երկու արձանագրություններում էլ դեպքը ներկայացված է տարբեր տեսանկյուններից, որոնք իրականում լրացնում են միմյանց։ Օրինակ՝ Մատթեոսը ավելի կոնկրետ է ներկայացնում, թե քանի կույր մարդ մոտեցավ Հիսուսին, իսկ Ղուկասը կենտրոնանում է այն բանի վրա, որ Հիսուսը իր խոսքը ուղղեց մեկին։ Ինչ վերաբերում է տեղանքին՝ հնագետները պարզել են, որ Հիսուսի օրերում Երիքով անունով երկու քաղաք կար։ Հին հրեական քաղաքը մոտ մեկ ու կես կիլոմետր հեռու էր հռոմեական նոր քաղաքից։ Հավանաբար Հիսուսը այս երկու քաղաքների միջև էր, երբ կատարեց այս հրաշքը։

Մեթոդ 4։ Ուղիղ և փոխաբերական իմաստ

  Երկիրը կործանվելո՞ւ է։ Ժողովող 1:4-ում ասվում է, որ «երկիրը մնում է հավիտյան», ինչն ասես հակասում է Աստվածաշնչյան մեկ այլ համարի, որտեղ ասվում է, որ «երկիրն ալ ու ինչ որ անոր մէջ կը գտնուի, պիտի այրուին» (2 Պետրոս 3:10, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Աստվածաշնչում, սակայն, երկիր բառը օգտագործվում է թե՛ ուղիղ իմաստով՝ նկատի ունենալով մեր մոլորակը, և թե՛ փոխաբերական՝ նկատի ունենալով երկրի վրա ապրող մարդկանց (Ծննդոց 1:1; 11:1)։ Ուստի 2 Պետրոս 3:10-ում հիշատակված «երկիրը» վերաբերում է ոչ թե մեր մոլորակի վառվելուն, այլ՝ «ամբարիշտ մարդկանց կործանմանը» (2 Պետրոս 3:10, 7

Մեթոդ 5։ Վերագրում

  Ո՞վ էր, որ Կափառնայումում Հիսուսին ներկայացրեց հարյուրապետի խնդրանքը։ Մատթեոս 8:​5, 6-ում ասվում է, որ հարյուրապետը (զինվորական պաշտոնյա) եկավ Հիսուսի մոտ։ Սակայն Ղուկաս 7:3-ում ասվում է, որ նա «հրեաների երեցներին ուղարկեց» Հիսուսին հայտնելու իր խնդրանքը։ Այս տարբեր արձանագրություններից կարելի է հասկանալ, որ հարյուրապետն էր խնդրողը, բայց անձամբ գալու փոխարեն՝ նա ուղարկեց երեցներին՝ որպես իր ներկայացուցիչներ։

Մեթոդ 6։ Ճշգրիտ թարգմանություն

  Մեր մեջ կա՞ անմահ հոգի։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված առաջին «մարդուն ստեղծեց հողի փոշուց, նրա քթանցքների մեջ կյանքի շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ» (Ծննդոց 2։7)։ Սակայն Աստվածաշնչի որոշ թարգմանություններում, օրինակ՝ Եզեկիել 18։4-ում ասվում է. «Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպէս հօր հոգին՝ նոյնպէս եւ որդիի հոգին իմն է. մեղանչող անձը ինքը պիտի մեռնէ» («Արարատ» թարգմանություն)։ Այս խոսքը կարող է այն միտքը հաղորդել, թե մեր մեջ կա առանձին անմահ հոգի։ Իրականում բնագիր տեքստում «անձ» բառի փոխարեն օգտագործված է եբրայերեն «նեֆեշ» բառը, որը նշանակում է «հոգի»։ Ուստի որոշ թարգմանություններ ճշգրտորեն թարգմանել են՝ «այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» («Նոր աշխարհ» թարգմանություն)։

Մեթոդ 7։ Աստվածաշունչ, ոչ թե դավանաբանություն

  Հիսուսը հավասա՞ր է Աստծուն, թե ստորադաս է Աստծուց։ Մի անգամ Հիսուսն ասաց. «Ես և Հայրը մի ենք», ինչը թվում է, թե հակասում է իր այն խոսքերին, թե «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 10:30; 14:28)։ Այս երկու համարները ճիշտ հասկանալու համար մենք պետք է քննենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում Եհովայի և Հիսուսի մասին, և չփորձենք հարմարեցնել այն Երրորդության ուսմունքին, որը աստվածաշնչյան հիմք չունի։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Եհովան ոչ միայն Հիսուսի Հայրն է, այլև Հիսուսի Աստվածն է, այն Միակը, ում Հիսուսն ինքն էլ երկրպագում է (Մատթեոս 4:10; Մարկոս 15:34; Հովհաննես 17:3; 20:17; 2 Կորնթացիներ 1:3)։ Ուստի Հիսուսը հավասար չէ Աստծուն։

 «Ես և Հայրը մի ենք» խոսքի համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսը խոսում էր իր Հոր՝ Եհովա Աստծու հետ միևնույն նպատակը ունենալու մասին։ Հետո նա շարունակում է. «Հայրը միության մեջ է ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ Հոր հետ» (Հովհաննես 10:38)։ Հիսուսը այս միասնության մասին ասաց նաև իր հետևորդների վերաբերյալ, երբ Աստծուն աղոթեց նրանց համար՝ ասելով. «Այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք։ Ես միության մեջ եմ նրանց հետ, և դու միության մեջ ես ինձ հետ» (Հովհաննես 17:22, 23

a Օրինակ՝ Թաջ Մահալի վերաբերյալ «Բրիտանիկա հանրագիտարանում» ասվում է, որ «այն կառուցել է մոնղոլ կայսր Շահ Ջահանը»։ Ինչ խոսք, նա անձամբ չի մասնակցել շինարարությանը, քանի որ հենց նույն հոդվածում ասվում է, որ դամբարանը կառուցելու համար «վարձվել էր ավելի քան 20000 աշխատող»։