Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Նախքան ամուսնությունը միասին ապրելը լա՞վ միտք է

Նախքան ամուսնությունը միասին ապրելը լա՞վ միտք է

 Մինչև ամուսնանալը շատ զույգեր սկսում են միասին ապրել։ Ոմանք այդպես են անում, որպեսզի ստուգեն իրենց համատեղելիությունը՝ հույս ունենալով մեծացնել լավ ամուսնություն ունենալու շանսերը։ Արդյո՞ք նախքան ամուսնանալը միասին ապրելը լավ միտք է։

Այս հոդվածում՝

 Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

  •   Աստվածաշունչը դատապարտում է ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունները։ Այնտեղ ասվում է. «Հեռու մնացեք պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3; 1 Կորնթացիներ 6։18)։ Սա վերաբերում է նաև միասին ապրող զույգերին, անգամ եթե պլանավորում են ապագայում ամուսնանալ։ a Աստվածաշնչյան չափանիշներին հետևելը զույգերին պաշտպանում է անցանկալի հղիությունից և այլ բացասական հետևանքներից, որ կարող է բերել նախքան ամուսնությունը միասին ապրելը։

  •   Ամուսնական կառույցի հիմնադիրը Աստված է։ Այդ կառույցը հաստատելիս նա ասաց. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)։ Ամուսնական երդումը սիրով լի ու կայուն ամուսնության լավագույն հիմքն է։

 Միասին ապրելը կնախապատրաստի՞ ամուսնական կյանքին

 Ոմանք ասում են՝ այո՛։ Նրանք կարծում են, որ իրար հետ տնային գործեր անելը և միմյանց սովորությունները իմանալը օգտակար փորձառություն է։ Սակայն հաջող ամուսնության բանալիներից մեկը ամուսնական երդումն է։

 Ինչպե՞ս կարող է զույգը սովորել թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում իր միությունը ամուր պահել։ Հաստատ ո՛չ ամուսնական «փորձաշրջան» անցնելով, որի ընթացքում տղամարդն ու կինը իրենց հարաբերությունները համարում են կարճաժամկետ մի բան և պատրաստ են ամեն պահի վերջ դնել դրանց։ Իրականում հարաբերությունները ծաղկում են այն ժամանակ, երբ տղամարդն ու կինը ամուր կառչած են լինում իրար և փորձում են միասին հաղթահարել խնդիրները։

 Ամփոփում։ Նրանք, ովքեր միասին ապրելով են փորձում նախապատրաստվել ամուսնական կյանքին, իրականում բաժանության են նախապատրաստվում։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7

 Միասին ապրելը կնպաստի՞ գումարի խնայողությանը

 Ոմանք ասում են՝ այո՛։ «Փյու» հետազոտական կենտրոնի անցկացրած մի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում 10 չափահասից մոտ 4-ը ֆինանսական դրդապատճառներից ելնելով են սկսել միասին ապրել։ Սակայն որոշ ժամանակ միասին ապրելուց հետո նրանք շարունակել են ֆինանսական խնդիրներ ունենալ, ինչի պատճառով պատրաստ չեն եղել ամուսնությանը։

 Մինչև ամուսնությունը միասին ապրելը այլ հետևանքներ էլ կարող է ունենալ, հատկապես՝ կանանց համար։ Օրինակ՝ հաճախ հարաբերություններին վերջ դնելուց հետո հենց կանանց վրա է ընկնում երեխաներին մեծացնելու պարտականությունը։

 Ամփոփում։ Առանց ամուսնանալու միասին ապրելու բացասական հետևանքները անհամեմատ ավելի շատ են, քան ենթադրյալ օգուտները։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17

 Միասին ապրելը կօգնի՞ սխալ մարդու հետ չամուսնանալ

 Ոմանք ասում են՝ այո՛։ Սակայն համաձայն «Պայքարիր քո ամուսնության համար» գրքի՝ «նրանք, ովքեր ամուսնանալուց առաջ միասին են ապրում, չեն գիտակցում, որ դա ավելի կդժվարացնի բաժանումը»։ Ինչո՞ւ։ Որոշ զույգեր իրար հետ ապրելուց հետո պարզում են, որ իրար համապատասխան չեն։ Սակայն մի շարք պարտավորեցնող հանգամանքների պատճառով, ինչպիսիք են վարձակալության պայմանագիրը, անցանկալի հղիությունը կամ տնային կենդանին, նրանք շարունակո՛ւմ են միասին ապրել, այսպես կոչված, «համակեցության իներցիայի» b պատճառով։ Այլ խոսքով, ինչպես ասվում է վերոնշյալ գրքում, «ոմանք, ովքեր մինչև ամուսնանալը կբաժանվեին անհամապատասխան լինելու պատճառով, ի վերջո ամուսնանում են, որովհետև այդպես ապրելը ավելի հեշտ է»։

 Ամփոփում։ Միասին ապրելը ոչ թե օգնում է ճիշտ որոշում կայացնել, այլ ավելի է դժվարացնում վատ հարաբերություններին վերջ դնելը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

 Ավելի լավ տարբերակ կա՞

 Դուք կարող եք խուսափել այն ռիսկերից, որոնք իր հետ բերում է մինչև ամուսնությունը միասին ապրելը, և մեծացնել հաջող ամուսնություն ունենալու հավանականությունը։ Ինչպե՞ս։ Սերտորեն հետևելով ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքներին։ Բավարար ժամանակ հատկացրեք, որ ճանաչեք նրան, ում հետ պատրաստվում եք կապել ձեր կյանքը։ Դա արեք նախքան որպես կողակիցներ միասին ապրելը։ Լավագույն ընտրության հիմքը նույն արժեքներն ու հավատալիքները ունենալն է, այլ ոչ թե սեռական գրավչությունը։

 Աստվածաշունչը պարունակում է խորհուրդներ, որոնք կօգնեն երջանիկ և կայուն ամուսնություն ունենալ։ c Օրինակ՝ Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ...

 Այս թեմաների վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք օգտվել jw.org կայքի «Ամուսնություն և ընտանիք» ենթաբաժնից։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է սովորեցնելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16

a Տես «Արդյո՞ք սերը արդարացնում է մինչամուսնական սեքսը» հոդվածը։

b «Ինքնահոսի թողնելն ընդդեմ որոշում կայացնելուն. իներցիայի և մինչամուսնական համակեցության ազդեցությունը» հոդվածից (Սքոթ Սթենլի, Գալենա Քլայն Ռոուդս, Հովարդ Մարկմեն)՝ հրատարակված «Ընտանեկան հարաբերություններ» ամսագրում։

c Որոշ մշակույթներում ծնողներն են ծանրակշիռ դեր խաղում իրենց որդու կամ դստեր համար կողակից ընտրելու հարցում։ Նման պարագայում Աստվածաշունչը կարող է հուշել ծնողներին, թե ընտրություն կատարելիս ո՛ր հատկություններին ուշադրություն դարձնեն։