Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես լինել լավ հայր

Ինչպես լինել լավ հայր

 Ո՞րն է հոր դերը

  •   Նախքան երեխայի ծնունդը։ Այն, թե ինչպիսի ամուսին ես այսօր, ցույց է տալիս, թե ինչպիսի հայր կլինես վաղը։ Մի գրքում ասվում է.

     «Երբ տղամարդը օգնում է իր հղի կնոջը գնումներ կատարել, նրան բժշկի է տանում և ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսնում է իր մանկիկին, լսում նրա սրտի բաբախյունը, ավելի մեծ է հավանականությունը, որ երեխայի ծննդից հետո էլ ակտիվ ներգրավված կլինի նրա խնամքի հարցում» («Do Fathers Matter?»)։

     «Չէի ուզում՝ կինս մտածեր, թե հղիության շրջանը մենակ է տանելու։ Ինչով կարողանում էի, օգնում էի նրան։ Մենք նույնիսկ միասին մեր փոքրիկի սենյակը կահավորեցինք։ Մեր երեխայի ծննդին սպասելու և պատրաստվելու ժամանակահատվածը շատ յուրահատուկ էր մեզ համար» (Ջեյմս):

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

  •   Երեխայի ծննդից հետո։ Քո մանկիկին գրկելը և նրա հետ խաղալը ձեր միջև ամուր կապվածություն կստեղծի։ Օգնիր երեխայիդ խնամքի հետ կապված հարցերում։ Որպես հայր քո ներգրավվածությունը էապես կազդի երեխայիդ զարգացման վրա։ Ձեր միջև ստեղծված կապը ցույց կտա, թե նա որքան թանկ է քեզ համար։

     «Դարձիր երեխայիդ հասակակիցը։ Խաղա նրա հետ, չարաճճիություններ արա։ Մի՛ վախեցիր ծիծաղել քեզ վրա։ Հիշի՛ր. որպես ծնող քո վերաբերմունքի հիման վրա են ձևավորվում սիրո մասին երեխայիդ առաջին պատկերացումները» (Ռիչարդ)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ահա որդիները [երեխաները] ժառանգություն են Եհովայից. որովայնի պտուղը պարգև է» (Սաղմոս 127։3

  •   Երեխայի մեծանալու ընթացքում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնք մտերիմ են իրենց հայրերի հետ, դպրոցում լավ առաջադիմություն են ունենում, ավելի քիչ էմոցիոնալ խնդիրների են բախվում, և ավելի քիչ է հավանականությունը, որ նրանք թմրանյութեր կօգտագործեն կամ հանցագործ շրջապատ կընկնեն։ Ժամանակ տրամադրիր, որ լավ փոխհարաբերություններ զարգացնես երեխայիդ հետ։

     «Երբ որդիս տեղափոխվում էր մեր տնից, ասաց, որ ամենաշատը կկարոտի այն զրույցները, որ ունենում էինք մեքենայով երկար ճանապարհ անցնելիս կամ ընթրիքի ժամերին։ Ամենակարևոր զրույցներից որոշները ունեցել ենք այն ժամանակ, երբ ամենաքիչն եմ դրանց սպասել։ Դրանք միասին երկար ժամեր անցկացնելու արդյունք են եղել» (Դենիս)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16

 Ինչո՞վ է հոր դերը յուրահատուկ

 Համարվում է, որ հոր դերը ընտանիքին նյութապես ապահովելն ու պաշտպանելն է, իսկ մոր դերը՝ ընտանիքին էմոցիոնալ առումով աջակցելը (2 Օրենք 1։31; Եսայիա 49։15)։ Որոշ ընտանիքներում այդ դերերը միախառնվում են։ Այնուամենայնիվ, մասնագետներն ասում են, որ թե՛ հայրը, թե՛ մայրը յուրահատուկ «համ ու հոտ» են տալիս ընտանիքին։ a

 Ընտանեկան հարցերով մասնագետ Ջուդիթ Ուոլերսթայնը այս միտքը պարզաբանող մի դեպք է պատմում իր կյանքից։ Նա գրում է. «Երբ իմ տասներկուամյա դուստրը ավտոմեքենայի տակ ընկավ, նա ցանկացավ, որ շտապ օգնության մեքենայում իրեն ուղեկցի իր հայրը՝ մեծ վստահություն ունենալով, որ նրա կողքին պաշտպանված կլինի։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցում նա ցանկացավ, որ իր կողքին լինեմ ես, որպեսզի մխիթարեմ»։ b

 «Հայրը ընտանիքին տալիս է կայունության և ապահովության զգացում, ինչին մայրը միայն իր ուժերով գուցե մեծ դժվարությամբ հասնի։ Միևնույն ժամանակ մայրը, լինելով հասկացող և կարեկից լսող, ջերմ մթնոլորտ է ստեղծում։ Երկուսը միասին գործում են որպես մեկ թիմ» (Դանիել)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակներ 1։8

 Հայրեր և դուստրեր

 Որպես հայր՝ դու սովորեցնում ես քո դստերը, թե նա տղամարդկանց կողմից ինչ վերաբերմունքի պետք է արժանանա։ Նա սերտում է այդ դասը հետևյալ երկու ձևերով.

  •   Տեսնելով, թե ինչպես ես վերաբերվում իր մորը։ Երբ սիրում ու հարգում ես կնոջդ, աղջիկդ տեսնում է, թե որոնք են այն կարևոր հատկությունները, որ պետք է փնտրի իր ապագա կողակցի մեջ (1 Պետրոս 3։7

  •   Տեսնելով, թե ինչպես ես վերաբերվում իրեն։ Երբ հարգում ես աղջկադ, սովորեցնում ես, որ հարգի ինքն իրեն։ Նա նաև սովորում է նույն վերաբերմունքն ակնկալել այլ տղամարդկանցից ևս։

     Ի հակադրություն՝ շարունակական քննադատությունը կարող է ազդել նրա ինքնագնահատականի վրա և պատճառ դառնալ, որ նա սկսի այլ տղամարդկանց հավանությունը փնտրել, տղամարդիկ, որոնք հնարավոր է վատ մղումներ ունենան։

     «Այն աղջիկը, որն իր հորից սեր ու աջակցություն է ստանում, դժվար թե իր գլուխը կորցնի մի տղայի համար, որը լավ ամուսնուն բնորոշ հատկություններ չունի» (Ուեյն)։

a Շատ մայրեր հաջողությամբ մեծացրել են իրենց երեխաներին առանց ամուսնու աջակցության։

b «The Unexpected Legacy of Divorce» գրքից։