Անցնել բովանդակությանը

Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը

ԱՊՐԻԼԻ 27, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնին տրված նախազգուշացումը սպառնում է կրոնի ազատությանը

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնին տրված նախազգուշացումը սպառնում է կրոնի ազատությանը

Ռուսաստանի իշխանությունները մեկ այլ հանդուգն քայլի են դիմել՝ կառավարության կողմից հովանավորվող ագրեսիվ քարոզարշավ սկսելով Եհովայի վկաների դեմ։ Գլխավոր դատախազությունը սպառնում է լուծարել Ռուսաստանի՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը «ծայրահեղական գործունեություն» ծավալելու համար։ 2016թ. մարտի 2-ի նախազգուշական նամակում գլխավոր դատախազի տեղակալ Վ. Յ. Գրինը պահանջեց, որ վարչական կենտրոնը երկու ամսվա ընթացքում վերացնի բոլոր «խախտումները»։

Այդ նախազգուշացումը թիկունք է կանգնում Վկաներին մեկուսացնելուն և նրանց կրոնական ազատությունը սահմանափակելուն ուղղված Ռուսաստանի ջանքերին։ Եթե վարչական կենտրոնը լուծարվի, այն կդադարեցնի գործունեությունը և կընդգրկվի ծայրահեղական կազմակերպությունների դաշնային ցուցակում, և կենտրոնին պատկանող գույքը կանցնի պետությանը։ Քանի որ Ռուսաստանում Եհովայի վկաների բոլոր կրոնական միավորումները՝ 406 տեղի կրոնական կազմակերպություններ (իրավաբանական անձինք) և ավելի քան 2500 ժողովներ կապ ունեն վարչական կենտրոնի հետ, դրանք նույնպես կարող են լուծարվել։ Արդյունքում՝ Ռուսաստանում Վկաները կարող են կորցնել իրենց Թագավորության սրահները (երկրպագության վայրերը)։ Ի վերջո, վարչական կենտրոնի լուծարումով Վկաները կարող են զրկվել իրենց կրոնական համոզմունքները դավանելու իրավունքից։

Եհովայի վկաների դեմ Ռուսաստանի շարունակական հարձակումները հիմնված են կեղծ ապացույցների վրա և հետևանք են «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքի դիտավորյալ սխալ կիրառման։ 2015թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը արտահայտել է իր մտահոգությունն այն «բազմաթիվ հաշվետվությունների մասին, որոնցում նշվում է, որ [ծայրահեղականության դեմ պայքարի մասին] օրենքը լայնորեն կիրառվում է, որպեսզի սահմանափակի արտահայտվելու ազատությունը.... ի թիվս այլոց թիրախ դարձնելով Եհովայի վկաներին»։ *

Եհովայի վկաները ճանաչված միջազգային կրոնական համայնք են։ Ժողովրդավարական երկրներում և Եվրոպական Միության բոլոր անդամ երկրներում նրանք ունեն կրոնի ազատություն։ Ռուսաստանը բացառություն է։ Վկաների խաղաղ երկրպագության դեմ ուղղված այս քարոզարշավը աստիճանաբար մեծ մասշտաբների է հասել՝ 1900-ականների կեսերից սկսած։ Նրանց դեմ ուղղված ջանքերը կտրուկ մեծացան այն բանից հետո, երբ Ռուսաստանն ընդունեց ծայրահեղականության մասին օրենսդրություն և սխալ կերպով այն կիրառեց որպես ռեպրեսիայի գործիք։

«Ծայրահեղականություն» տերմինի ոչ հստակ ձևակերպումը օրենքը սխալ կիրառելու հիմք է դառնում

2002թ.-ին ահաբեկչության վերաբերյալ անհանգստություններից ելնելով՝ Ռուսաստանն ընդունեց «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը։ Սակայն հենց սկզբից օրենքում «ծայրահեղականություն» տերմինի ոչ հստակ ձևակերպումը մտահոգիչ էր, քանի որ Ռուսաստանի իշխանությունները կարող էին այն օգտագործել որպես ռեպրեսիայի գործիք։ 2003-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ արեց Ռուսաստանին փոփոխություն մտցնել այդ օրենքի մեջ և «ծայրահեղականություն» տերմինն ավելի հստակ ձևակերպել՝ բացառելու համար «կամայական կիրառության ցանկացած հնարավորություն»։ *

Հետագայում, երբ օրենքը փոփոխությունների ենթարկվեց, այն ոչ թե ավելի հստակեցվեց, այլ ընդլայնվեց դրա կիրառության ոլորտը։ 2012-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նշեց. «Օրենքի սկզբնական տարբերակում «ծայրահեղականություն» տերմինը սահմանվում էր որպես «սոցիալական, ռասայական, ազգային և կրոնական պառակտման հրահրում, որն առնչվում է բռնությանը կամ կոչ է անում բռնության»»։ 2006-ին լրամշակված տարբերակում «որն առնչվում է բռնությանը կամ կոչ է անում բռնության» արտահայտությունը հանվեց.... «Ծայրահեղականություն» տերմինի այս աղոտ սահմանումը իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս գործելու կամայականորեն»։

Այն մտավախությունը, որ օրենքը կարող է սխալ կիրառվել, անհիմն չէր։ 2007-ին գլխավոր դատախազությունը, կառչելով օրենքի ձևակերպումից, հետաքննություն սկսեց Եհովայի վկաների նկատմամբ։ Գլխավոր դատախազի տեղակալ Վ. Յ. Գրինը, որը նաև վերջերս վարչական կենտրոնին տրված նախազգուշական նամակի հեղինակն է, պաշտոնական նամակ ուղարկեց դատախազներին՝ ցուցում տալով նրանց, որ հետաքննություն սկսեն Վկաների նկատմամբ։ Այս նամակը առաջին նշանն էր, որը ցույց էր տալիս, որ ողջ երկրով կազմակերպված քարոզարշավ էր ծավալվելու Վկաների դեմ։

Թեև Վկաները քրեորեն հետապնդվող որևէ գործունեության չեն մասնակցում, ողջ Ռուսաստանում դատախազները, 2007-ից սկսած, ավելի քան 500 քրեական գործեր են հարուցել Վկաների դեմ։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նույն հաշվետվության մեջ նշվում էր. «2002-ին ընդունված «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը կիրառվել է որպես որոշ կրոնների, մասնավորապես Եհովայի վկաների (որոնք Ռուսաստանում մեծ համայնք են կազմում՝ 162 000 հոգի) գործունեության դեմ ուղղված գործիք։ 2006-ին օրենքում կատարված փոփոխություններից ի վեր օրենքի սխալ կիրառության դեպքերը կտրուկ ավելացել են»։ *

«Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը կիրառվել է որոշ կրոնների, մասնավորապես Եհովայի վկաների գործունեության դեմ» (Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով)։

Կրոնական գրականության վրա դրված արգելքը հանգեցնում է ռեպրեսիայի հետագա դրսևորման

Նախքան Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչական կենտրոնը թիրախ դարձնելը իրավապահ մարմինները իրենց ուշադրությունը կենտրոնացրին Վկաների կրոնական հրատարակությունների վրա։ Տագանրոգում և Գոռնո-Ալթայսկում դատախազները դիմեցին դատարան՝ պահանջելով, որ Վկաների բազմաթիվ հրատարակություններ ճանաչվեն «ծայրահեղական» և ընդգրկվեն ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։

Հիմնվելով այսպես կոչված փորձագիտական եզրակացությունների վրա՝ Տագանրոգի և Գոռնո-Ալթայսկի դատարանները 2009-ին և 2010-ին որոշում կայացրին հօգուտ դատախազության։ Այդ ժամանակից ի վեր այս երկու որոշումները, որոնցով արգելք դրվեց ընդհանուր հաշվով 52 կրոնական հրատարակությունների վրա, հիմք հանդիսացան Վկաներ դեմ առաջադրված մեղադրանքների մեծ մասի համար։ Երկրի այլ մարզերի իշխանությունները հետևեցին Տագանրոգի և Գոռնո-Ալթայսկի օրինակին։ Մինչ օրս դատարանները ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում ընդգրկել են Վկաների 87 հրատարակություններ։

Վկաները բողոքարկել են Տագանրոգի, Գոռնո-Ալթայսկի և Ռուսաստանի այլ դատարանների այն որոշումները, որոնք իրենց հրատարակությունները ծայրահեղական են ճանաչել։ Նրանք 28 գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի այն քննի ծայրահեղականության վերաբերյալ մեղադրանքներն ու դրանց առնչվող հարցերը։ Շուտով ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դրանցից 22-ի վերաբերյալ։ Իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ում ներկայացնելիս Ռուսաստանի կառավարությունն ընդունեց, որ դաշնային ցուցակում ընդգրկված Վկաների բազմաթիվ հրատարակություններ չեն «պարունակում բռնության ուղղակի կոչեր կամ [չեն] հրահրում բռնություն»։

Արտահայտվելու ազատությունը սահմանափակվում է

Երբ Ռուսաստանի իշխանություններին հաջողվեց դատարանների միջոցով հրատարակությունները «ծայրահեղական» ճանաչել, նրանք ձեռք բերեցին «օրինական» միջոց, որ հարձակումներ գործեն Վկաների դեմ և ավելի շատ սահմանափակեն նրանց արտահայտվելու ազատությունը։

Բացի արտահայտվելու ազատությունը սահմանափակելուց, իշխանությունները դաշնային ցուցակում ընդգրկված հրատարակություններն օգտագործեցին որպես «հիմք»՝ Վկաների տեղի իրավաբանական անձանց դեմ քրեական գործ սկսելու և կրոնական գործունեություն ծավալելու համար առանձին Վկաների հետապնդելու նպատակով։

Խուզարկության և գործեր հարուցելու մշակված գործելակերպ

Երբ որևէ հրատարակություն ընդգրկվում է դաշնային ցուցակում, այն արգելվում է տարածել, արտադրել կամ պահեստավորել տարածելու նպատակով։ Տեղի իշխանությունները, օգտվելով օրենքի այդ դրույթից, թույլտվություն ստացան դատարանից, որ խուզարկեն հարյուրավոր Վկաների տներ և նրանց Թագավորության սրահները, որպեսզի հայտնաբերեն ցանկացած արգելված կրոնական գրականություն։

Հաճախ այդ խուզարկությունները ագրեսիվ կերպով են արվում, և իշխանությունները բռնագրավում են ավելին, քան թույլ է տալիս օրենքը՝ վերցնելով անձնական իրեր և ողջ կրոնական գրականությունը, անկախ նրանից՝ այն ընդգրկված է դաշնային ցուցակում, թե ոչ։

  • 2010թ. օգոստոսին Յոշկար Օլայում անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մոտ 30 սպա և հատուկ նշանակության զինված ուժեր ընդհատեցին կրոնական արարողությունը։ Սպաները բռնեցին մի քանի Վկայի ու պահեցին նրանց՝ պարանոցից բռնած ու ձեռքերը հետ ծալած վիճակում։ Նրանք խուզարկեցին շինությունը և առգրավեցին անձնական իրեր, փաստաթղթեր և գրականություն։

  • 2012թ. հուլիսին Կարելիայի Հանրապետությունում ԱԴԾ-ի՝ ինքնաձիգերով զինված և դիմակավորված աշխատակիցները հարձակվեցին մի Վկայի վրա հասարակական վայրում՝ գլուխը սեղմելով նրա ավտոմեքենայի կապոտին և ձեռքերը հետ ծալելով։ Նրանք խուզարկեցին մի քանի Վկայի տներ ու առգրավեցին անձնական իրեր, կրոնական գրականություն, անգամ այն գրականությունը, որը չկար դաշնային ցուցակում։

  • 2016թ. մարտին Թաթարստանի Հանրապետությունում ոստիկանությունը ներխուժեց Թագավորության սրահ և մի քանի Վկաների տներ։ Նրանք առգրավեցին համակարգչային տեխնիկա, անձնական օգտագործման պլանշետներ և կրոնական գրականություն։

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են «ապացույցներ» ստեղծում

Իրավապահ մարմինները գաղտնի նկարահանում էին Վկաներին իրենց տներում և Թագավորության սրահներում։ Նրանք գաղտնալսման սարքեր էին տեղադրել Վկաների հեռախոսներում, հսկում էին նրանց էլեկտրոնային փոստը և դիմում այլ անօրինական մեթոդների՝ տեղեկություն հավաքելու համար։ Ծայրահեղականության վերաբերյալ իրենց մեղադրանքները հիմնավորելու և կեղծ ապացույցներ ստեղծելու նպատակով ոստիկանության որոշ աշխատակիցներ Թագավորության սրահներում դնում էին արգելված գրականություն։ Արդյունքում բազմաթիվ Վկաների նկատմամբ մեղադրանքներ առաջադրվեցին քրեորեն հետապնդվող արարքներ ու վարչական իրավախախտումներ կատարելու հիմքով։

Իրավական անձանց լուծարումը հանգեցնում է քրեական հետապնդման

Բացի առանձին Վկաների դեմ մեղադրանքներ առաջադրելուց, իրավապահ մարմինները Թագավորության սրահներում իրենց իսկ կողմից դրված արգելված գրականությունը օգտագործել են որպես «ապացույց»՝ Վկաների տեղի կրոնական կազմակերպությունների (ՏԿԿ) լուծարումը հիմնավորելու համար։ * Երբ ՏԿԿ-ն լուծարվում է «ծայրահեղական» ճանաչվելու հիմքով, պետությունը բռնագրավում է վերջինիս գույքը։ Դրա հետևանքով տեղի Վկաները կորցնում են իրենց երկրպագության վայրերը, ինչն արդեն տեղի է ունեցել Տագանրոգում և Սամարայում։ Իշխանությունները մյուս քաղաքներում նույն ձեռագրով են գործում։

Եհովայի վկաները Տագանրոգում (Ռուսաստան) դատաքննության ժամանակ

Երբ իշխանությունները լուծարեցին Տագանրոգի ՏԿԿ-ն, նրանք աղոթքի և պաշտամունքի համար հավաքվելը ապօրինաբար հավասարեցրին «լուծարված կազմակերպության անօրինական գործունեությունը շարունակելուն»։ Նման մոտեցման հետևանքով Տագանրոգի իշխանությունները 16 Եհովայի վկաների մեղավոր ճանաչեցին հանցագործություն կատարելու մեջ պարզապես խաղաղ կրոնական հանդիպում անցկացնելու համար։ Եհովայի վկաները այդպիսի հանդիպումներ անցկացնում են ողջ աշխարհում։ Խորհրդային Միության փլուզումից ի վեր սա առաջին անգամն է, որ Եհովայի վկաների գործունեությունը Տագանրոգում համարվում է հանցագործություն։

Վարչական կենտրոնին տրված նախազգուշացումը վտանգավոր ազդանշան է

Վարչական կենտրոն

Եթե իշխանությունները լուծարեն վարչական կենտրոնը, նրա գործունեությունը կդադարի և կարգելվի ողջ Ռուսաստանի տարածքով։ Տագանրոգի իրենց հավատակիցների նման՝ Եհովայի վկաները ողջ երկրում քրեական հետապնդման թիրախ կլինեն զուտ այն բանի համար, որ հաճախում են քրիստոնեական հանդիպումների և ուրիշների հետ խոսում են իրենց հավատի մասին։ Փաստորեն, Ռուսաստանում Եհովայի վկաները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, որ իրավունք ունենան հավատալու Աստծուն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, սակայն ազատ չլինեն դավանելու իրենց կրոնը այլոց հետ։ *

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Եհովայի վկաներին ծայրահեղական խմբավորումների հետ ասոցացնելը և նրանց հրատարակությունները դաժան ահաբեկիչների գրականության ցանկում ընդգրկելը արատավորում է նրանց պատիվն ու արժանապատվությունը և ոտնահարում արդարության չափանիշները։ Ռուսաստանի իշխանությունները ոչ իրավաչափորեն կիրառում են մի օրենք, որը հակասում է միջազգային նորմերին Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրին և Ռուսաստանի Սահմանադրությանը։ Նրանք այդ օրենքն օգտագործում են, որպեսզի սահմանափակեն խաղաղ պաշտամունքի ազատությունը և հարձակում գործեն Ռուսաստանում Վկաների կենտրոնի վրա, որտեղից իրականացվում է նրանց գործունեությունը»։

Վարչական կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կալինը նշեց. «Ռուսաստանում Եհովայի վկաները դավանում են իրենց հավատը՝ 19-րդ դարից սկսած, և Խորհրդային Միության ժամանակներում նրանք դաժան հալածանքների են ենթարկվել։ Սակայն հետագայում պետությունը նրանց ռեպրեսիայի զոհ ճանաչեց։ Մենք ցանկանում ենք շարունակել խաղաղ պայմաններում դավանել մեր հավատը Ռուսաստանում։ «Ծայրահեղական» լինելու զրպարտչական մեղադրանքները պարզապես քողարկում են այն անհատների կրոնական անհանդուրժողականությունը, ովքեր համաձայն չեն մեր համոզմունքների հետ։ Մենք ծայրահեղականներ չենք»։

Եհովայի վկաները հույս ունեն, որ Ռուսաստանը կպաշտպանի իրենց կրոնի ազատությունը, ինչպես որ արել են բազմաթիվ այլ երկրներ։ Նրանք նաև կոչ են անում, որ գլխավոր դատախազությունը դադարեցնի վարչական կենտրոնի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելը, և որ Ռուսաստանը պաշտպանի կրոնական փոքրամասնությունների հիմնարար իրավունքները։ Հարցն այն է՝ արդյոք Ռուսաստանն այդպես կվարվի՞, թե՞ այն հետընթաց կապրի՝ ճնշելով Եհովայի վկաների ազատությունը, ինչպես որ արեց Խորհրդային դարաշրջանում։

^ պարբ. 4 «Ռուսաստանի Դաշնության յոթերորդ պարբերական հաշվետվության մասին եզրափակիչ դիտարկումներ» (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, CCPR/C/RUS/CO/7, ապրիլի 28, 2015, պարբ. 20)։

^ պարբ. 7 «Դաշնագրի 40-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրություն, Մարդու իրավունքների հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումներ, Ռուսաստանի Դաշնություն» (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, CCPR/CO/79/RUS, դեկտեմբերի 1, 2003, պարբ. 20)։

^ պարբ. 10 «Ռուսաստանի Դաշնության կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարում» (Doc. 13018, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, սեպտեմբերի 14, 2012, պարբ. 497)։

^ պարբ. 30 Ռուսաստանում այն կրոնական խմբերը, որոնք համապատասխանում են իրավական չափանիշներին, կարող են դառնալ իրավաբանական անձ, որը կոչվում է «տեղի կրոնական կազմակերպություն»։ Այդ իրավաբանական անձինք պատասխանատվություն չեն կրում ողջ երկրում ծավալվող կրոնական գործունեության համար և հիմնվում են տվյալ տարածքում (քաղաք կամ գյուղաքաղաք) ապրող հավատացյալների կողմից։ Իրավաբանական անձ ունենալը հավատացյալներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու գույք և ունենալու այլ իրավունքներ։

^ պարբ. 33 Սա խախտում է ՌԴ Սահմանադրության 28-րդ հոդվածը, որում նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է ցանկացած կրոն ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ դավանելու կամ ոչ մի կրոն չդավանելու իրավունք, կրոնական կամ այլ համոզմունքներ ընտրելու, ունենալու և տարածելու, ինչպես նաև դրանց համաձայն գործելու ազատություն»:

^ պարբ. 40 Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությունը (Փենսիլվանիա) շահույթ չհետապնդող ընկերություն է։ Եհովայի վկաները այն օգտագործում են ի նպաստ իրենց համաշխարհային գործին։ Այն հանդիսանում է Վկաների հրատարակությունների հեղինակային իրավունքի կրողը։