ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2018
ՇՐԻ ԼԱՆԿԱ
Շրի Լանկայում առաջին անգամ հատուկ համաժողով տեղի ունեցավ
Շրի Լանկայի եղբայրներն ու քույրերը ջերմորեն ընդունեցին յոթ երկրներից ժամանած հազարավոր Եհովայի վկաների, ովքեր եկել էին Կոլոմբո՝ Շրի Լանկայի մայրաքաղաք՝ ներկա լինելու այնտեղ առաջին անգամ կազմակերպված հատուկ համաժողովին։ «Քա՛ջ եղիր» խորագրով հատուկ համաժողովը տեղի ունեցավ Սուգաթադասայի անվան ազգային սպորտային համալիրում 2018 թ. հուլիսի 6–8-ը։ Ներկաների բարձրագույն թիվը 14 121 էր։ Ուշագրավ էր այն, որ համաժողովին ելույթ ունեցավ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, աննախադեպ թվով մկրտվողներ եղան, և մոտ 3 500 պատվիրակների նկատմամբ տեղի եղբայրներն ու քույրերը ջերմ հյուրասիրություն դրսևորեցին։
Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2017 թ. սեպտեմբերին, երբ Շրի Լանկայի ժողովները տեղեկացան, որ հաջորդ տարի հատուկ համաժողով պետք է տեղի ունենա։ Բացի այն բոլոր գործերից, որ հարկավոր էր ծրագրել համաժողովի անցկացման համար, կարիք կար նաև մարզադաշտի վերանորոգման և մաքրության մեծածավալ աշխատանքներ իրականացնել։ Հարկավոր էր ներկարարական աշխատանքներ կատարել, հեռացնել աղբը, նորոգել կոտրված աթոռները և լցնել ճանապարհների փոսերը։ Համաժողովը սկսվելուց երեք շաբաթ առաջ հարյուրավոր Վկաներ եկան՝ օգնության ձեռք մեկնելու։ Անվտանգության աշխատակիցներից մեկն ասաց, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմից մինչև չորս տարի ժամանակ կպահանջվեր անելու այն, ինչ եղբայրներն արեցին այդքան կարճ ժամանակում։
Բացի հոգևոր ծրագրից՝ պատվիրակները հնարավորություն ունեցան տարբեր շրջայցեր կատարելու և մասնակցելու Շրի Լանկայի մշակույթը ներկայացնող միջոցառումների։ Անմոռանալի էր նաև երեկոյան ծրագիրը, որի ժամանակ ներկայացվեցին այդ երկրի ազգային երգն ու պարը։ Ծրագրի ժամանակ Վկա երեխաներից կազմված երգչախումբը երգեց Թագավորության երգերը։
Շրի Լանկայի մասնաճյուղի ներկայացուցիչ Էշլի Ֆերդինանդսը ասում է. «Այս հատուկ համաժողովը իսկական նվեր էր մեր երկրի եղբայրների ու քույրերի համար։ Մեզ համար մեծ առանձնաշնորհում էր հյուրընկալել այսքան շատ պատվիրակների։ Շատ շնորհակալ ենք բազմաթիվ կամավորներին իրենց օգնության համար, որոնց ջանքերի շնորհիվ համաժողովը հաջողվեց։ Եվ, ինչ խոսք, ողջ փառքը տալիս ենք մեր երկնային Հորը, որը ամեն բարի պարգևի և կատարյալ նվերի աղբյուրն է» (Հակոբոս 1։17)։
Համաժողովը անցկացվում էր չորս լեզուներով՝ անգլերենով (այս հատվածում), սինհալերենով, շրիլանկյան ժեստերի լեզվով և թամիլերենով։
Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը ներկայացնում էր յուրաքանչյուր օրվա եզրափակիչ ելույթը։
Մկրտվողների աննախադեպ թիվ գրանցվեց՝ 273։
Եղբայրները մասնաճյուղում մամուլի ասուլիս կազմակերպեցին, որին ներկա էին ավելի քան 40 լրագրողներ։ Վերջիններս շրջայց կատարեցին մասնաճյուղում։
Շրի Լանկայի խոշորագույն երկու հեռուստաընկերությունները հարցազրույց են անցկացնում համաժողովի լիազորված մեդիա ներկայացուցչի հետ։
2018 թ. հունվարին 700-ից ավելի եղբայրներ ու քույրեր հավաքվեցին Կոլոմբոյում՝ համաժողովին նախապատրաստվելու համար ցուցումներ ստանալու։
Կամավորները համաժողովի անցկացման վայրում վերանորոգում են բազմաթիվ կոտրված աթոռներ։
Կոլոմբոյի մոտակայքում գտնվող Թագավորության սրահներում ներկայացվեց «Եկեք ծանոթանանք» վերնագրով մի ծրագիր, որը հնարավորություն տվեց պատվիրակներին ծանոթանալու տեղի եղբայրների ու քույրերի հետ։
Եղբայրներն ու քույրերը ներկայացնում են Շրի Լանկայի հարուստ ու բազմազան կատարողական արվեստը, օրինակ՝ թամիլական այս պարը։
Վկա երեխաների երգչախումբը երգում է «Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»» երգը։
Պատվիրակները իմանում են, թե ինչպես է արտադրվում թեյը։
Համաժողովի վերջում պատվիրակները պաստառներ էին բռնել, որոնց վրա տեղի եղբայրներին ու քույրերին ուղղված սիրո խոսքեր էին գրված։