ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2018
ՄԵՔՍԻԿԱ
Խալիսկոյում բնակվող Եհովայի վկաները ստիպված են լքել իրենց տները
ՄԵԽԻԿՈ։ 2017 թ. դեկտեմբերի 4-ին Խալիսկոյի (Մեքսիկա) լեռներում գտնվող Թուքսփան դե Բոլանյոս փոքր քաղաքում ամբոխը ներխուժեց հիչոլ տեղաբնիկների համայնքին պատկանող մեր 12 եղբայրների և նրանց հետ ընկերակցող 36 անհատների տները ու դուրս արեց նրանց։ Հարձակվողներին բարկացրել էր այն, որ Վկաները չեն մասնակցում հիչոլ ժողովրդի ավանդական կրոնական ծեսերին։ Որպես կրոնական հալածանքի զոհեր՝ մեր եղբայրները օգնություն ստանալու նպատակով դիմեցին իրավապահ մարմիններին։
Մեքսիկայի դաշնային իշխանությունները այն աստիճան են հարգում հիչոլ համայնքի ավանդույթներն ու մշակույթը, որ նրան որոշ չափի ինքնավարություն են տվել։ Հիչոլ ժողովրդի կառավարության խնդրանքով հարձակվողները բռնի ուժով մեր եղբայրներին հանել են իրենց տներից։ Դրանից հետո նրանք տակնուվրա են արել նրանց տները, գողացել են դռները, պատուհաններն ու տանիքները։ Ինչ էլ որ չեն գողացել, նետել են ջրափոսի մեջ։ Այնուհետև եղբայրներին տարել են անտառ և ասել, որ եթե փորձեն վերադառնալ, կսպանեն նրանց։
Մեքսիկայի մասնաճյուղի ներկայացուցիչը հանդիպել է տարհանված մարդկանց հետ, որպեսզի հոգևորապես մխիթարի նրանց, ինչպես նաև լուծի կացարանի հետ կապված հարցերը։ Եհովայի վկաների՝ իրավաբանական հարցերով ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Խալիսկոյի կառավարության ղեկավարի, մարդու իրավունքների պաշտպանի, մարզային դատախազի և հանցագործությունից տուժածների օժանդակության գրասենյակի տնօրենի հետ։ Նշված իրավապահ մարմինների ներկայացուցիչները այժմ ուսումնասիրում են այս հանցագործությունները։
Մեքսիկայում Եհովայի վկաների ներկայացուցիչ եղբայր Գամալիել Կամարիյոն ասում է. «Մեզ ցնցել է այն, որ մեր հավատակիցները, ովքեր խաղաղ ապրում են իրենց համայնքում և հարգանքով են վերաբերվում տեղի սովորություններին, հարձակման են ենթարկվել զուտ այն պատճառով, որ չեն մասնակցում կրոնական ծեսերին, որոնք իրենց խղճին դեմ են։ Հույս ունենք, որ տեղի իշխանությունները անհապաղ վերջ կդնեն կրոնական այս հալածանքին»։
Մենք աղոթում ենք մեր այն եղբայրների համար, ովքեր կորցրել են իրենց տները և ունեցվածքը, ու վստահ ենք, որ Եհովան իր կազմակերպության միջոցով կշարունակի նրանց տալ անհրաժեշտ օգնությունը (Եսայիա 32։2)։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Մեքսիկա։ Գամալիել Կամարիյո, +52-555-133-3048