ԱՊՐԻԼԻ 18, 2018
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Նախագահը ներում է շնորհել Թեյմուր Ահմեդովին
2018թ. ապրիլի 2-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներում է շնորհել 61-ամյա Թեյմուր Ահմեդովին, ով կեղծ մեղադրանքների հիմքով ազատազրկման մեջ էր ավելի քան մեկ տարի։ Ներմամբ հանվում է նրա դատվածությունը։ Պրն Ահմեդովը տեղեկացավ ներման որոշման մասին ապրիլի 4-ին և ազատ արձակվեց հիվանդանոցից, որտեղ ապաքինվում էր վիրահատությունից հետո։ Այժմ նա կրկին իր ընտանիքի հետ է և կարող է ստանալ քաղցկեղի դեմ պայքարելու համար խիստ անհրաժեշտ բուժօգնությունը։
Ձերբակալություն, կալանավորում և անհիմն ազատազրկում
Պրն Ահմեդովը, ով Եհովայի վկա է, ձերբակալվել և ազատազրկվել է 2017թ. հունվարի 18-ին պարզապես իր հավատալիքների մասին այլոց հետ զրուցելու համար։ Ձերբակալությունից մի քանի ամիս առաջ նա աստվածաշնչյան քննարկումներ էր ունեցել մի քանի տղամարդու հետ, ովքեր ձևացրել էին, թե հետաքրքրված են Եհովայի վկաների հավատալիքներով։ Այդ տղամարդիկ համագործակցում էին Ղազախստանի գաղտնի ծառայությունների՝ ազգային անվտանգության կոմիտեի հետ (ԱԱԿ) և գաղտնի տեսագրել էին նրա հետ իրենց զրույցները։ Հիմնվելով այս տեսագրությունների վրա՝ պրն Ահմեդովին ձերբակալեցին և նրա նկատմամբ Ղազախստանի քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մեղադրանք առաջադրեցին «կրոնական պառակտում հրահրելու» և մյուս կրոնների նկատմամբ «կրոնական.... գերազանցություն» քարոզելու համար։
Պրն Ահմեդովին ձերբակալելուց հետո ոստիկանությունը հարցաքննեց նրան։ Դրանից հետո նրան վերցրին նախնական կալանքի երեք ամիս ժամկետով։ 2017թ. մայիսի 2-ին դատարանը դատապարտեց նրան հինգ տարվա ազատազրկման։ Բացի այդ, երեք տարով սահմանափակեց կրոնական գործունեությանը մասնակցելու ազատությունը։
Պրն Ահմեդովի փաստաբանները, ի պաշտպանություն նրա, բազմաթիվ բողոքներ ներկայացրին, սակայն դատարանները մերժեցին բոլոր բողոքները։ Ղազախստանում բոլոր իրավական պաշտպանության միջոցները սպառելուց հետո նա դիմեց միջազգային ատյաններին։ Նա գանգատներ ներկայացրեց ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին։
2017թ. հոկտեմբերին Աշխատանքային խումբը դատապարտեց Ղազախստանի կողմից պրն Ահմեդովի ազատազրկումը և կոչ արեց կառավարությանը անհապաղ ազատ արձակել նրան, քանի որ վերջինիս գործողությունները «միանգամայն խաղաղ բնույթ էին կրում և կրոնի ազատության շրջանակներում էին»։ 2018թ. հունվարին Մարդու իրավունքների հանձնաժողովը ընդունեց պրն Ահմեդովի հրատապ գանգատը և կոչ արեց Ղազախստանին որպես միջանկյալ միջոց՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջինս ստանա անհրաժեշտ բուժօգնություն։ Մարդու իրավունքների հանձնաժողովը նաև կոչ արեց Ղազախստանին քննել պրն Ահմեդովին ազատ արձակելու հարցը, մինչև վերջնական որոշում կայացվի նրա գանգատի վերաբերյալ։
Վերջապես ազատ է արձակվում
Ազատազրկման ընթացքում պրն Ահմեդովի առողջական վիճակը վատթարացավ։ Այս տարվա սկզբին բժիշկները հայտնեցին, որ նա ունի սիգմայաձև աղու քաղցկեղ, և որ նրա վիճակը գնալով վատանում է։ Միջանկյալ միջոցի վերաբերյալ Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշման և այլ միջազգային մարմինների խնդրանքների արդյունքում Ղազախստանի պաշտոնյաները առաջարկեցին պրն Ահմեդովին ներման խնդրանքով դիմել նախագահ Նազարբաևին։
Նա ներման համար դիմեց 2018թ. մարտի 5-ին և խնդրեց, որ իր դիմումը անհապաղ քննվի, քանի որ քաղցկեղի տարածումը կանխելու համար շտապ բուժօգնության կարիք ունի։ Այդ ընթացքում պրն Ահմեդովին կալանավայրից տեղափոխեցին Ալմաթի (Ղազախստան), որտեղ նրան վիրահատեցին 2018թ. մարտի 27-ին։
Արդյո՞ք Ղազախստանը ավելի շատ կհարգի կրոնի ազատությունը
Պրն Ահմեդովը, իր կինը՝ Մաֆիզան, և երեխաները ուրախ են, որ այս ծանր փորձությունը ավարտվեց։ Նրանք շնորհակալ են նախագահ Նազարբաևին, որ հանեց դատվածությունը, քանի որ անհիմն դատվածության պատճառով կառավարությունը սառեցրել էր նրա բանկային հաշիվը, ինչը մեծ դժվարություններ էր ստեղծում նրա կնոջ համար իր ամուսնու ազատազրկման ընթացքում։
Ողջ աշխարհում Եհովայի վկաները հույս ունեն, որ պրն Ահմեդովին ներում շնորհելու հանգամանքը վկայում է այն մասին, որ Ղազախստանի պետական պաշտոնյաները Վկաներին ավելի մեծ ազատություն կտան՝ առանց խոչընդոտի իրականացնելու իրենց խաղաղ կրոնական գործունեությունը։