Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2018
ՂԱԶԱԽՍՏԱՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է անում Ղազախստանին քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն Թեյմուր Ահմեդովի

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է անում Ղազախստանին քայլեր ձեռնարկել՝ ի պաշտպանություն Թեյմուր Ահմեդովի

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը անմիջապես արձագանքել է Թեյմուր Ահմեդովի կողմից 2018թ. հունվարի 3-ին ներկայացված բողոքին։ 61-ամյա պրն Ահմեդովը, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, արդեն մեկ տարի է, ինչ անհիմն կալանավորված է։ Քանի որ Ղազախստանում դատական ատյանները մերժել են նրա բողոքները և ուժի մեջ թողել ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու համար նրան ազատազրկելու մասին դատավճիռը, պրն Ահմեդովը իրավական պաշտպանության համար դիմել է Հանձնաժողովին։

2018թ. հունվարի 9-ին Հանձնաժողովը Ղազախստանին ուղղված իր գրության մեջ կոչ է արել վերջինիս միջանկյալ միջոցներ ձեռնարկել պրն Ահմեդովի բարօրության համար նույնիսկ նախքան Հանձնաժողովի կողմից բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը։ Հանձնաժողովը իշխանություններին հորդորել է «առանց հապաղելու հավաստիանալ, որ [պրն Ահմեդովը] ստանում է համապատասխան բուժօգնություն, և որ կալանավայրում նրա պայմանները միանգամայն համապատասխանում են [Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին] և միջազգային չափանիշներին»։ Բացի այդ, գրությամբ պահանջվում է, որ իշխանությունները «վերանայեն առողջական խնդիրների հիմքով [նրան] ազատ արձակելու կամ կալանքը տնային կալանքով փոխարինելու հարցը մինչև Հանձնաժողովի կողմից նրա բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը»։

Միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին պահանջը արտահայտում է պրն Ահմեդովի բարօրության վերաբերյալ մտահոգությունը, որի մասին նշվում է ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի որոշման մեջ։ 2017թ. հոկտեմբերին Աշխատանքային խումբը քննեց պրն Ահմեդովի կողմից ներկայացված մի բողոք և սահմանեց, որ իշխանությունները պետք է ազատ արձակեն նրան և փոխհատուցեն անհիմն կալանավորմամբ նրան պատճառված վնասը։ Մինչև հիմա Ղազախստանի կառավարությունը անտեսել է իր գործողությունների նկատմամբ Աշխատանքային խմբի քննադատությունը։ Պրն Ահմեդովը ազատազրկվել է 5 տարի ժամկետով, որից մոտ մեկ տարին նա արդեն կրել է։