Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 25, 2023
ՀՈՒՆԱՍՏԱՆ

«Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի». 30 տարի անց ՄԻԵԴ-ի վճիռն արդիական է

ՄԻԵԴ-ի այս վճիռն օգնեց հաստատել կրոնի հիմնարար իրավունքները ողջ Եվրոպայում

«Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի». 30 տարի անց ՄԻԵԴ-ի վճիռն արդիական է

2023 թ. մայիսի 25-ին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված «Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի» գործով վճռի 30-րդ տարեդարձը, որն իրավաբանական փորձագետները համարում են ամենաազդեցիկներից մեկը։ Սա առաջին դեպքն էր, որ ՄԻԵԴ-ը դատապարտեց որևէ երկրի՝ կրոնի ազատությունը ոտնահարելու համար։ 1993 թ.-ից ի վեր՝ այն հիմնարար նշանակություն է ունեցել Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրներում կրոնական իրավունքների պաշտպանության համար։ Քանի որ որոշ հզոր պետություններ, ինչպիսին Ռուսաստանն է, փորձում են զրկել մեզ մեր համոզմունքների մասին ուրիշներին ազատորեն պատմելու իրավունքից, «Կոկինակիսի» գործով վճիռը կարևոր նախադեպ է դարձել։

Մինչ օրս Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հղում է «Կոկինակիսի» գործին, երբ նկարագրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանությունները։ Այս գործի մասին դասավանդում են իրավաբանական հաստատություններում, և այն վկայակոչում են Եվրոպական դատարան ուղղված բողոքներում։

«Կոկինակիսի» գործով վճիռն ընդգծում է, որ «խոսքով և գործով վկայություն տալը սերտորեն կապված է կրոնական համոզմունքների հետ»։ Այն հաստատում է, որ «կրոնը դավանելու ազատության իրավունքը.... սկզբունքորեն ներառում է հարևանին համոզելու փորձի իրավունք, օրինակ՝ «ուսուցանելու» միջոցով»։

Դե Մեյերը՝ այս գործի մեջ ներգրավված ՄԻԵԴ-ի ինը դատավորներից մեկը, նշում է. «Պրոզելիտիզմը, որը սահմանվում է որպես «հավատը տարածելու նախանձախնդրություն», չի կարող պատժելի լինել. դա կրոնը դավանելու միանգամայն օրինական միջոց է»։

Այս պատմական վճիռը եղբայր Մինոս Կոկինակիսի 50-ամյա իրավական պայքարի գագաթնակետն էր։ 1938 թ.-ին Հունաստանի կառավարությունը ձերբակալեց Մինոսին «պրոզելիտիզմը» դատապարտող օրենքը խախտելու մեղադրանքով, որն ընդունվել էր հույն բռնապետ Իոաննիս Մետաքսասի կողմից։ Այդ ժամանակ Մինոսը 30 տարեկան էր և առաջինն էր այն 19 147 Եհովայի վկաներից, ովքեր 1938-1992 թթ.-ին ազատազրկվեցին այդ օրենքը խախտելու համար։ Այդ տասնամյակների ընթացքում Եհովայի վկաները նաև ենթարկվեցին ոտնձգությունների, վատ վերաբերմունքի և ֆիզիկական բռնության։

Մինոսն անվախորեն շարունակեց իր ծառայությունը, ինչի հետևանքով ավելի քան 60 անգամ ձերբակալվեց, 18 անգամ կանգնեց հունական դատարանների առջև, վեց տարուց ավելի անցկացրեց բանտերում ու աքսորավայր հանդիսացող կղզիներում և ստիպված եղավ մի քանի անգամ տուգանքներ վճարել։

Ի վերջո՝ 1993 թ.-ին, ՄԻԵԴ-ը արդարացրեց 84-ամյա Մինոսին և վճռեց, որ Հունաստանը խախտել է նրա կրոնի ազատության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտադրեց, որ կառավարությունը փոխհատուցի Մինոսին երկար տարիներ տառապանքներ կրելու և փաստաբանական ծախսերի համար։ Նա իր կյանքի մնացած տարիներն ապրեց Կրետե կղզում և մահացավ 1999 թ.-ին՝ 90 տարեկանում։

Դատավոր Դե Մեյերը հաստատում է, որ Մինոսը հանցագործ չէր, սակայն «մեղավոր էր ճանաչվել պարզապես նախանձախնդրություն դրսևորելու համար. նա որևէ իրավախախտում չէր արել»։

Ֆիլիպ Բրամլին, ով Եհովայի վկաների իրավախորհրդատուն է, ընդգծում է, թե այս կարևոր վճիռն ինչպես է այսօր անդրադառնում իրավական գործերի վրա. ««Կոկինակիսի» գործով վճիռը հաստատում է ուրիշների հետ խաղաղ կերպով հավատի մասին ազատորեն խոսելու իրավունքը։ Դա կրոնի ազատության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած ամենաշատ մեջբերված ու իրավական հիմք հանդիսացող վճիռն է, նույնիսկ Եվրոպայից դուրս»։

Շնորհակալ ենք Եհովային «Կոկինակիսի» գործով ցնցող հաղթանակի ու դրա ստեղծած նախադեպի համար։ Երախտապարտ ենք մեր Աստծուն իր իմաստության ու առաջնորդության համար, ինչի շնորհիվ շարունակում ենք «պաշտպանել և օրինականապես հաստատել» բարի լուրը (Փիլիպպեցիներ 1։7