ԱՊՐԻԼԻ 19, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած խոչընդոտներին՝ ուրախությամբ մասնակցում ենք 2023 թ. Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին
2023 թ. ապրիլի 4-ին՝ երեքշաբթի, միլիոնավոր Եհովայի վկաներ հյուրերի հետ միասին նշեցին Տիրոջ ընթրիքը։ Շատերը զգալի դժվարությունների գնով մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը։
Օրինակ՝ Ուկրաինայում հազարավորներ Հիշատակի երեկոյին ներկա գտնվեցին՝ չնայած եղանակային վատ պայմաններին ու ընթացող թեժ մարտերին։ Քանի որ Ուկրաինայի արևելյան քաղաքներից մեկում իրավիճակն անկայուն էր, երեցները հոգ տարան, որ այնտեղի ժողովը մեկ շաբաթ շուտ արդեն ունենա Հիշատակի երեկոյի տեսագրված ելույթը։ Մի քանի օր անց պատերազմի փոխարեն ուժգին փոթորիկ հարվածեց այդ տարածքին, ինչի պատճառով բնակչությունը զրկվեց ինտերնետից ու հոսանքից։ Սակայն, չնայած հոսանքազրկմանն ու ընթացող պատերազմին, ողջ ժողովը կարողացավ մասնակցել Երեկոյին՝ դիտելով նախապես տեսագրված ելույթը։
Ղազախստանից 15-ամյա Վիոլետան ընտանիքի կողմից հակառակության էր բախվում։ Նա ապրում է իր պապի հետ, ով մոտ 20 տարի հակառակվել է ընտանիքին, փորձել հետ պահել նրանց՝ ժողովներին հաճախելուց ու անգամ ոչնչացրել նրանց գրականությունը։ Սակայն իր թոռնուհու հանդեպ սերը ժամանակի ընթացքում մղեց նրան հետաքրքրվել Աստվածաշնչով։ Ի զարմանս Վիոլետայի՝ այս տարի նրա պապը համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել ու ներկա եղավ Հիշատակի երեկոյին։
Կային մարդիկ, որոնց համար Հիշատակի երեկոյին ներկա լինելու խոչընդոտ էին հեռավորությունն ու մեկուսացումը։ Թիմոր Լեստեի Սամե և Սուայ քաղաքներում ապրող մարդկանց հետ հեռախոսով կանոնավորաբար անցկացվում է Աստվածաշնչի 55 ուսումնասիրություն։ Երկու քաղաքներից էլ Եհովայի վկաների ամենամոտ ժողով հասնելու համար պետք է մի քանի ժամ մոտոցիկլետով ճանապարհ անցնել։ Ուստի եղբայրները կազմակերպեցին, որ այս քաղաքներում Երեկոն տներում անցկացվի։ Մի երեց Սամե քաղաք հասնելու համար չորս ժամ ճանապարհ կտրեց ու 56 ներկաների համար ներկայացրեց Հիշատակի երեկոյի ելույթը։ Մեկ ուրիշ երեց էլ Սուայ քաղաք հասնելու համար յոթ ժամ ճանապարհ անցավ, որտեղ 50 ներկաներ հավաքված սպասում էին ելույթին։
Չիլիի Ուալպեն քաղաքի մեր հավատակիցները չէին կարողանում Հիշատակի երեկոյի անցկացման համար վայր գտնել։ Նրանք դիմեցին կրոնական հարցերով զբաղվող մի պաշտոնյայի, որպեսզի օգնի հարմար վայր գտնել միջոցառման համար։ Պատկերացրեք, թե որքա՜ն ուրախացան երեցները, երբ Հիշատակի երեկոյից ընդամենը մի քանի ժամ առաջ պաշտոնյան կապ հաստատեց նրանց հետ ու առաջարկեց Երեկոն անցկացնել մի դպրոցի բուֆետում։ Հավատակիցներն առանց վայրկյան կորցնելու գործի անցան ու բուֆետը վերածեցին միջոցառմանը հարմար մի գրավիչ տարածքի։ Թե՛ կրոնական հարցերով զբաղվող պաշտոնյան, թե՛ քաղաքապետն ընդունեցին Հիշատակի երեկոյին ներկա լինելու հրավերը։ Քաղաքապետն ասաց. «Բոլոր ներկաները գովասանքի են արժանի կարգուկանոնի ու հարգալից պահվածքի համար. անգամ երեխաներն էին չափված-ձևված։ Հետագայում կարող եք կրկին մեր օգնությանը դիմել»։
Մենք նաև շատ ուրախացանք՝ իմանալով, որ 2022 թ. նոյեմբերին Մոնակոյի մեր հավատակիցները պետական գրանցում ստացան։ Վարձակալված մի գեղեցիկ շինությունում Հիշատակի երեկոյին մասնակցելուց հետո հյուրերից մեկն ասաց. «Տարածքն ինքնին գեղեցիկ է, բայց ներկաներն են, որ այն առավել գեղեցիկ են դարձնում»։
Որքա՜ն քաջալերական է, որ չնայած այս և այլ խոչընդոտներին՝ այդքան անհատներ կարողացան հնազանդվել Քրիստոսի պատվերին և հավաքվել նրա մահը «հիշելու համար» (Ղուկաս 22։19)։