ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 2024
ԿԱՄԵՐՈՒՆ
Հատուկ քարոզարշավ Կամերունի մեկուսի տարածքներում. ավելի քան 1 700 հոգի Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսել
2024 թ. մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Կամերունում ավելի քան 1 000 Եհովայի վկաներ մասնակցեցին հատուկ քարոզարշավի, որպեսզի քարոզեն երկրի մեկուսի տարածքներում ապրող մարդկանց։ Ըստ որոշ տվյալների՝ Կամերունի բնակչության 40 տոկոսը ապրում է հեռավոր տարածքներում։ Քարոզարշավի արդյունքում ավելի քան 1 700 հոգի ցանկացավ ուսումնասիրել Աստվածաշունչը։
Օմբիսա ավանում 2 քույրեր զրույց սկսեցին մի տղամարդու հետ, ով քրոնիկ հիվանդությամբ է տառապում։ Այդ մարդը շատ նեղված պատմեց, որ չի կարողանում նորմալ բուժօգնություն ստանալ։ Մեր քույրերը նրան ցույց տվեցին, թե ինչ հիանալի խոստում է տվել Եհովան Հայտնություն 21։3, 4 համարներում։ «Բայց դա ինչպե՞ս է հնարավոր»,– զարմացած հարցրեց տղամարդը։ Քույրերը նրա համար կարդացին Դանիել 2։44-ի խոսքերը և բացատրեցին, որ Աստծու թագավորությունն է մարդկության խնդիրների միակ լուծումը։ Տղամարդը ցանկացավ ավելին իմանալ և ուրախությամբ համաձայնեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
Լուվի բնակավայրում տնետուն ծառայության ժամանակ երկու քույրեր մի կնոջ հետ կարճ զրուցեցին հարության հույսի մասին։ Երբ մի քանի օրից նրանք վերադարձան զրույցը շարունակելու, հաճելիորեն զարմացան՝ տեսնելով, որ այդ կինը իր երկու ընկերուհիներին հրավիրել է միանալու քննարկմանը։ Երեք կանայք էլ ցանկացան ավելին իմանալ Աստվածաշնչում գրված խոստումների մասին։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի երկրորդ դասի քննարկումից հետո նրանք ցանկություն հայտնեցին շարունակել Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։
Մուանկո գյուղի խանութում մեր քույրերը զրույց սկսեցին մի կնոջ հետ։ Մի տարեց տղամարդ կողքից լսեց զրույցը և միացավ նրանց։ Քույրերը նրանց ցույց տվեցին, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրության մեր դասընթացը, և հրավիրեցին ժողովի հանդիպման։ Քույրերը շատ ուրախացան, երբ կինը շաբաթավերջին իր երկու երեխաների հետ եկավ հանդիպմանը։ Նրանց ուրախությունը կրկնապատկվեց, երբ տեսան, որ տարեց տղամարդն էլ է եկել։ Չորսն էլ հաճույքով լսեցին ծրագիրը և խոստացան, որ նորից կգան Թագավորության սրահ։
Անչափ գնահատում ենք Կամերունի մեր եղբայրներին ու քույրերին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ Աստծու թագավորության մասին բարի լուրը հայտնեն «ամեն տեսակ» մարդկանց (1 Տիմոթեոս 2։4)։