ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 2017
ԻՏԱԼԻԱ
Եհովայի վկաները ջերմ վերաբերմունք են ցուցաբերում Եվրոպայում ներգաղթյալների ամենամեծ ճամբարի փախստականների հանդեպ
ՀՌՈՄ։ Եվրոպայում փախստականների ամենամեծ ճամբարը Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Մինեո (Կառա դի Մինեո) քաղաքում է։ Ավելի քան 40 երկրներից, օրինակ՝ Էրիթրեայից, Նիգերիայից, Սոմալիից և Սիրիայից հազարավոր ներգաղթյալներ ապաստան փնտրելու նպատակով փախել են այդ ճամբար։
Վերջին հինգ տարիներին Եհովայի վկաները այցելում են ճամբար (տես վերևի նկարը)՝ ցանկացողներին աստվածաշնչյան անվճար կրթություն առաջարկելու համար։ Կառա դի Մինեոյի վարչական կենտրոնի հետ սերտ համագործակցության շնորհիվ, ի վերջո, 50 տեղանոց ավտոբուս տրամադրվեց այն փախստականներին, ովքեր ցանկանում էին ներկա լինել Վկաների կրոնական հանդիպումներին, և դրանից հետո շատերը ամեն շաբաթ սկսեցին հաճախել Թագավորության սրահ (երկրպագության վայր)։ Տիկին Իվանա Գալանտին՝ Կառա դի Մինեոյի ճամբարի փոխտնօրենը, հետևյալն է նշում Եհովայի վկաների հետ իր համագործակցության մասին. «Ես ընդունում և գնահատում եմ այն աշխատանքը, որ նրանք արել ու շարունակում են անել մեր հյուրերի համար։ Փախստականները փախել են ցավալի, նույնիսկ անասելի ծանր իրավիճակներից ու հայտնվել իրենց համար անծանոթ միջավայրում։ Եվ կարծում եմ՝ [Եհովայի վկաների] ցուցաբերած ջերմ վերաբերմունքը մեծ նշանակություն ունի նրանց համար և ուրախացնում է նրանց»։
Համֆրի Օսագիդեն, որը Նիգերիայից է, ճամբար ժամանեց 2011թ.-ին։ Նա Վկաների օգնությամբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և 2014թ. նոյեմբերի 23-ին մկրտվեց։ Այդ տղամարդն ասում է. «Աստվածաշունչն իսկապես փոխել է իմ կյանքը։ Ես այլևս թմրադեղեր չեմ օգտագործում և այլասերված կյանքով չեմ ապրում։ Երբ եկա այստեղ, Վկաները ինձ գործնական և հոգևոր օգնություն ցույց տվեցին։ Նաև շնորհակալ եմ ճամբարի պատասխանատու անձանց, որ տրանսպորտային միջոց էին տրամադրում մեզ, որպեսզի ներկա լինեինք Եհովայի վկաների կրոնական հանդիպումներին»։ Պրն Օսագիդեն այժմ ապրում և աշխատում է Պալերմոյում (Իտալիա) և ուրիշներին, այդ թվում՝ փախստականներին ուրախությամբ հայտնում է աստվածաշնչյան այն լուրը, որն օգնել է իրեն։
Իտալիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Կրիստիան դի Բլազիոն նշում է. «Մեր գործունեության գլխավոր նպատակն է մարդկանց օգնել հասկանալու այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Կառայում գտնվող ճամբարի անձնակազմի հետ համագործակցությունը փախստականների համար հնարավորություն ստեղծեց օգուտներ քաղելու աստվածաշնչյան կրթությունից։ Այդ կրթության շնորհիվ մեծապես բավարարվում են նրանց հոգևոր և զգացական կարիքները»։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Իտալիա: Կրիստիան դի Բլազիո, +39-06-872941