ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2018
ԻՍՐԱՅԵԼ
Թել Ավիվում կազմակերպված ցուցահանդեսը պատմում է նացիստական վարչակարգի տարիներին ապրած Եհովայի վկաների մասին
ԹԵԼ ԱՎԻՎ։ 2017թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մոտ 1700 մարդ այցելեց Հաթաչանա համալիրում Եհովայի վկաների կազմակերպած ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն էր մարդկանց ավելի շատ տեղեկություն հայտնել նացիստական վարչակարգի ներքո Եհովայի վկաների կրած հալածանքների մասին։
Ցուցանմուշներում ընդգրկված էին տեսանյութեր, պատմական լուսանկարներ, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարի համազգեստի նմուշ, որը պատրաստվել էր այդ ճամբարից վերապրած մի Վկայի ձեռքով։ Կենտրոնում ցուցադրված էին Յոհանես Ստեյերի (1908–1998) կողմից ջրաներկով արված 27 նկարների տպված օրինակներ «Բուխենվալդի» շարքից։ Պրն Ստեյերը, որը Եհովայի վկա էր, նացիստների կողմից տասը տարի հալածանքների էր ենթարկվել և ուղարկվել էր Բուխենվալդի, Մաութհաուզենի, Զակսենբուրգի և Զակսենհաուզենի տխրահռչակ համակենտրոնացման ճամբարներ։ Ներշնչված լինելով իր կրած ազատազրկման տարիների լուսանկարներով և հուշերով՝ 1970-ականներին նա ավարտին հասցրեց ջրաներկով արված իր նկարների շարքը։
Խոսելով Թել Ավիվում այդպիսի ցուցահանդեսներ կազմակերպելու կարևորության մասին՝ Իսրայելի Բաց համալսարանի իսրայելացի պատմաբան և վաստակավոր պրոֆեսոր Յաիր Աուրոնը նշեց. «Կարծում եմ՝ հատկապես կարևոր է, որ ավագ դպրոցում սովորող երիտասարդները այցելեն այս ցուցահանդես, քանի որ ցավոք, Եհովայի վկաների մասին գիտելիքների մակարդակը շատ-շատ ցածր է։ Իսրայելացիներից շատերը ոչինչ չգիտեն Եհովայի վկաների և նրանց պատմության մասին նացիստական վարչակարգի տարիներին»։
Իսրայելում Եհովայի վկաների խոսնակ Մաուրո Տրապանեզեն ասում է. «Մենք ցանկանում էինք, որ այս ցուցահանդեսը պատմեր ոչ միայն նացիստական վարչակարգի ներքո Եհովայի վկաների կրած տառապանքների մասին, այլև հայտներ դրա հետ կապված մի առանձնահատկություն։ Օրինակ՝ մենք հասկացանք, որ շատ այցելուներ տեղյակ չէին, որ ի տարբերություն մյուս խմբերի՝ Եհովայի վկաներին հնարավորություն էր տրվել ազատվելու համակենտրոնացման ճամբարներից, եթե նրանք ուրանային իրենց կրոնը։ Սրա նման փոքր, բայց կարևոր փաստերն ընդգծելու շնորհիվ ցուցահանդեսը հաջողություն ունեցավ»։
«Եհովայի վկաները այն պարկեշտ մարդկանց թվում էին, ովքեր շատ բարձր գին վճարեցին իրենց համոզմունքներին և խղճին նվիրված մնալու համար»,— ասաց Օսվենցիմի պատմության ոլորտում մասնագիտացված պատմաբան, պրոֆեսոր Գիդեոն Գրեյֆը։
Իր այցի մասին խոսելով՝ Հոլոքոստը ներկայացնող արվեստի պատմության մասնագետ դ-ր Բատյա Բրուտինը նշեց. «Կարծում եմ, որ նացիստական վարչակարգի տարիներին ապրած Եհովայի վկաների պատմության մասին իմանալով՝ կհասկանանք, թե որ արժեքները կարող են օգնել մեզ այս աշխարհը ավելի լավը դարձնելու»։
Թեև ցուցահանդեսի կազմակերպիչները նախատեսել էին ցուցանմուշները մեկ անգամ ցուցադրել, սակայն այդ ցուցահանդեսին ներկա եղած մի քանի ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ խնդրեցին, որ իրենց հավելյալ տեղեկություն տրվի Եհովայի վկաների կրած հալածանքների մասին։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Իսրայել: Մաուրո Տրապանեզե, +972-54-568-1912