Անցնել բովանդակությանը

15 վկա ուսանողներից երեքը ուրախությամբ ցույց են տալիս իրենց պատվոգրերը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 2023
ԳԵՐՄԱՆԻԱ

15 երիտասարդ Վկաներ արժանացել են մրցանակի՝ նացիստական վարչակարգի զոհ Վիլհելմինե Փյոթերի մասին նախագծի համար

15 երիտասարդ Վկաներ արժանացել են մրցանակի՝ նացիստական վարչակարգի զոհ Վիլհելմինե Փյոթերի մասին նախագծի համար

2023 թ. հուլիսի 6-ին Գերմանիայի Քասել քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ 15 երիտասարդ Եհովայի վկաներից բաղկացած մի խումբ իր նախագծի համար գրավեց առաջին տեղը։ Նախագծում ներկայացված էր մեր քաջ քրոջ՝ Վիլհելմինե Փյոթերի պատմությունը, ով մահացել է նացիստական հալածանքների ժամանակ։

«Գայթաքար» հիմնադրամը Քասել քաղաքի ողջ տարածքով մեկ տեղադրել է մայթերի երեսպատման սալիկների տեսքով փոքր հուշաքարեր՝ ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են նացիստական վարչակարգի ընթացքում։ Այդ մարդկանց թվում են Վիլհելմինե և Յուստուս Փյոթերները։ Բացի այդ՝ հարակից Նիշթեթալ գյուղում Վիլհելմինեի անվամբ փողոց կա։ Հիմնադրամի 10-րդ տարելիցի կապակցությամբ՝ քաղաքի բոլոր ուսանողներին հանձնարարվեց ընտրել նացիստական հալածանքների ենթարկված մեկ կամ մի քանի զոհերի, ներկայացնել նրանց կենսագրությունը և ասել, թե ինչ դասեր են քաղել։

Քույր Փյոթերի նամակների նկարներով պաստառները՝ նրա անունը կրող փողոցի՝ Վիլհելմինե-Փյոթեր-Շթղասեի ավտոբուսի կանգառում

13-23 տարեկան մեր եղբայրներից ու քույրերից բաղկացած խումբը իրենց նախագծի համար ընտրեց Վիլհելմինեին։ Նրանք Վիլհելմինեի կյանքի մասին 24 րոպե տևողությամբ մի տեսանյութ պատրաստեցին և այն անվանեցին «Հնազանդ՝ միայն Աստծուն»։ Տեսանյութում պատմվում էր, թե քույրը ինչպես է 1937 թ.-ին բանտարկվել նացիստների կողմից և 1942 թ.-ին՝ 49 տարեկանում, մահացել Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում։ Բացի այդ՝ ուսանողները փոքր պաստառներ պատրաստեցին և փակցրեցին այն նամակների նկարները, որոնք Վիլհելմինեն բանտարկված ժամանակ գրել էր իր ամուսնուն ու ընտանիքի անդամներին։ Այդ պաստառները ցուցադրվեցին Վիլհելմինեի անունը կրող փողոցի ավտոբուսի կանգառում։

Ամուսնուն ուղղված նամակներից մեկում, որը թվագրված է 1937 թ. ապրիլի 25-ով, Վիլհելմինեն գրել է. «Թանկագի՛ն Յուստուս, ուրախ եմ, որ երկուսս էլ հանգիստ ու ամուր մնացինք, երբ լսեցինք մեր դատավճիռը։ Հիմա մենք ամեն ինչ Տիրոջ ձեռքն ենք հանձնում՝ թույլ տալով, որ նա շարունակի առաջնորդել մեզ։ Ամենից շատ խնդրում եմ Տիրոջը, որ մեզ հոգևորապես ու ֆիզիկապես ամրացնի, որպեսզի կարողանանք պահպանել նրան տված մեր խոստումը՝ մինչև վերջ հավատարիմ մնանք։ Նա երբեք թույլ չի տա՝ մեր ուսերի բեռը այնքան ծանրանա, որ չկարողանանք տանել։ Ուստի մեծ վստահությամբ կհետևենք մեր Տիրոջն ու Ուսուցչին»։ Վիլհելմինեի աղոթքը անպատասխան չմնաց. նրանք երկուսն էլ մինչև մահ հավատարիմ մնացին։

Վիլհելմինեի նամակը՝ իր ամուսին Յուստուսին (ապրիլի 25, 1937 թ.)

23-ամյա քույր Ալեքսանդրա Ալթեմայերը տեսանյութում այսպես արտահայտվեց. «Վիլհելմինեն և նրա ամուսինը գիտեին, որ լինելով Քրիստոսի հետևորդ՝ պետք է հակառակության բախվեին։ Նրանք պատրաստ էին իրենց համոզմունքների համար հալածվել, ձերբակալվել և նույնիսկ մահանալ, քանի որ գիտեին, որ Աստված իրենց չի մոռանա»։ 18-ամյա եղբայր Օլե Շրյոդերը, ով նույնպես նախագծի մասնակից է, նշեց. «Քույր Փյոթերի օրինակն իսկապես գործերի մղող է։ Աստծու հանդեպ ունեցած նրա հավատը, նվիրվածությունն ու դիմացկունությունը և այն փաստը, որ նա չկորցրեց իր ուրախությունը, արժանի են ընդօրինակման։ Նրանից սովորում եմ, թե որքան արժեքավոր է Աստծու հետ մտերմությունը»։

Տեսանյութն ամբողջությամբ ցուցադրվեց մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա էր 180 հոգի, այդ թվում՝ այլ ուսանողներ, մամուլի ներկայացուցիչներ, քաղաքապետը, մշակույթի նախարարը և դպրոցի տնօրենը։

Նախագծին մասնակցած մեր եղբայրների ու քույրերի պես՝ մենք էլ ենք քաջալերվում Յուստուսի և Վիլհելմինեի հավատի ու քաջության օրինակից։ Վստահ ենք, որ Եհովան երբեք չի մոռանա իր հավատարիմ ծառաներին (Եբրայեցիներ 6։10