Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց դեմ ուղղված ոչ բոլոր մեղադրանքներին են պատասխանում
Եհովայի վկաները կիրառում են աստվածաշնչյան այն սկզբունքը, համաձայն որի՝ պետք չէ պատասխանել բոլոր մեղադրանքներին ու ծաղրանքներին։ Օրինակ՝ աստվածաշնչյան մի առակ ասում է. «Նա, ով ուղղում է ծաղրողին, անպատվություն է բերում իր վրա» (Առակներ 9:7, 8; 26:4)։ Կեղծ մեղադրանքների պատճառով անտեղի անհանգստանալու և վեճի մեջ ներքաշվելու փոխարեն՝ մենք կենտրոնանում ենք Աստծուն հաճեցնելու վրա (Սաղմոս 119:69)։
Ինչ խոսք, կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3:7)։ Մենք պատասխանում ենք անկեղծ մարդկանց հարցերին, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը, սակայն չենք ներքաշվում անիմաստ վիճաբանությունների մեջ։ Այդպես մենք կիրառում ենք Հիսուսի և առաջին դարում ապրած քրիստոնյաների սովորեցրածները և հետևում ենք նրանց թողած օրինակին։
Հիսուսը չպատասխանեց, երբ Պիղատոսի առաջ նրա դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրին (Մատթեոս 27:11–14; 1 Պետրոս 2:21–23)։ Հիսուսը չպատասխանեց նաև այն ժամանակ, երբ նրան մեղադրեցին որկրամոլության ու գինեմոլության մեջ։ Նա թույլ տվեց, որ իր գործերը խոսեն իր փոխարեն՝ վարվելով հետևյալ սկզբունքին ներդաշնակ. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11:19)։ Սակայն երբ տեղին էր, իրեն զրպարտողներին նա խիզախորեն պատասխան էր տալիս (Մատթեոս 15:1–3; Մարկոս 3:22–30)։
Հիսուսն իր հետևորդներին հորդորեց չվհատվել կեղծ մեղադրանքների պատճառով։ Նա ասաց. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով» (Մատթեոս 5:11, 12)։ Նա նաև ասաց, որ այդպիսի մեղադրանքները վկայություն տալու առիթ էին լինելու, և խոստացավ. «Ես ձեր բերանում իմաստություն կդնեմ, որին ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել» (Ղուկաս 21:12–15)։
Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ տվեց խուսափել հակառակորդների հետ անիմաստ վիճելուց՝ ասելով, որ այդ վիճաբանությունները «անօգուտ են և ունայն» (Տիտոս 3:9; Հռոմեացիներ 16:17, 18)։
Պետրոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին հնարավորության դեպքում պաշտպանել իրենց հավատը (1 Պետրոս 3:15)։ Միևնույն ժամանակ նա հասկանում էր, որ հաճախ դա ավելի լավ է անել գործով և ոչ թե խոսքով։ Նա գրեց. «Բարին գործելով՝ դուք պապանձեցրեք անխոհեմ մարդկանց լեզուները, որ տգետ բաներ են խոսում» (1 Պետրոս 2:12–15)։