Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն
Կառավարիչ մարմինը հասուն քրիստոնյաներից բաղկացած մի փոքր խումբ է, որը առաջնորդում է Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը։ Նրանց աշխատանքը երկու բնույթ ունի։
Վերահսկում են աստվածաշնչյան կրթությունը, որ տրամադրվում է Եհովայի վկաների հրատարակությունների, ժողովների և դպրոցների միջոցով (Ղուկաս 12:42)։
Վերահսկում են Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը՝ առաջնորդություն տալով քարոզչական գործում և տնօրինելով նվիրատվությունների օգտագործումը։
Կառավարիչ մարմինը հետևում է առաջին դարի Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների օրինակին, ովքեր կարևոր որոշումներ էին կայացնում ի նպաստ քրիստոնյաների բոլոր ժողովներին (Գործեր 15:2)։ Ինչպես այդ հավատարիմ տղամարդիկ, այնպես էլ Կառավարիչ մարմնի անդամները կազմակերպության ղեկավարները չեն։ Նրանք առաջնորդության համար դիմում են Աստվածաշնչին և գիտակցում են, որ Եհովա Աստված Հիսուս Քրիստոսին է նշանակել ժողովի Գլուխ (1 Կորնթացիներ 11:3; Եփեսացիներ 5:23)։
Ովքեր են Կառավարիչ մարմնի անդամները
Կառավարիչ մարմնի անդամներն են Գեյջ Ֆլիգլը, Գերիտ Լյոշը, Դեյվիդ Սփլեյնը, Մարկ Սանդերսոնը, Ջեյքբ Ռամֆը, Ջեֆրի Ջեքսոնը, Ջեֆրի Ուինդերը, Ջոդի Ջեյդլին, Սեմյուել Հերդը, Ստիվեն Լեթը և Քենեթ Կուկը։ Նրանք ծառայում են Ուորվիքում գտնվող գլխավոր վարչությունում (Նյու Յորք, ԱՄՆ)։
Ինչպես է կազմակերպված Կառավարիչ մարմինը
Կառավարիչ մարմինը կազմել է վեց կոմիտեներ, որոնք հոգ են տանում մեր գործունեության տարբեր ոլորտների մասին։ Իսկ Կառավարիչ մարմնի անդամները ծառայում են մեկ կամ մի քանի կոմիտեներում։
Գրական կոմիտե։ Վերահսկում է հրատարակությունների և մեր կայքի միջոցով հոգևոր կրթություն տրամադրելու աշխատանքները, ինչպես նաև թարգմանչական գործը։
Ծառայողական կոմիտե։ Վերահսկում է Թագավորության բարի լուրի քարոզչական գործը (Մատթեոս 24։14)։
Կադրերի կոմիտե։ Վերահսկում է Բեթելների հետ կապված գործերը։
Կոորդինատորների կոմիտե։ Զբաղվում են իրավական գործերով, արագ արձագանքում են աղետների, հալածանքների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ, որոնք անդրադառնում են Եհովայի վկաների վրա։
Հրատարակչական կոմիտե։ Վերահսկում է աստվածաշնչյան գրականության տպագրումը և առաքումը, ինչպես նաև ժողովի հանդիպման վայրերի, թարգմանչական գրասենյակների և մասնաճյուղերի կառուցման աշխատանքները։
Ուսումնական կոմիտե։ Վերահսկում է հանդիպումների, դպրոցների և աուդիո/վիդեո ծրագրերի միջոցով հոգևոր կրթություն տրամադրելու աշխատանքները։
Կոմիտեներում ծառայելուց բացի՝ Կառավարիչ մարմնի անդամները հանդիպում են ամեն շաբաթ՝ քննարկելու համար կազմակերպության կարիքների հետ կապված հարցեր։ Այդ հանդիպումների ժամանակ նրանք քննարկում են այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը դրանց առնչությամբ և, հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը, միաձայն որոշումներ են կայացնում (Գործեր 15։25)։
Ովքեր են Կառավարիչ մարմնի օգնականները
Նրանք վստահելի քրիստոնյաներ են, ովքեր օգնում են Կառավարիչ մարմնին՝ ծառայելով տարբեր կոմիտեներում (1 Կորնթացիներ 4։2)։ Նրանք ունեն համապատասխան հմտություններ և փորձ այն գործում, որը վերահսկում է այն կոմիտեն, որտեղ նշանակված են։ Նաև ներկա են լինում Կառավարիչ մարմնի շաբաթական հանդիպմանը։ Թեև չեն մասնակցում որոշում կայացնելուն, սակայն իրենց խորհուրդներով և լրացուցիչ ինֆորմացիայով նպաստում են կոմիտեի որոշումների արդյունավետությանը, հետևում են դրանց իրականացմանն ու արդյունքներին։ Լինում է, որ Կառավարիչ մարմնի հանձնարարությամբ այս քրիստոնյա տղամարդիկ այցելում են աշխարհի տարբեր մասերում գտնվող Եհովայի վկաներին և ելույթներ են ունենում տարբեր միջոցառումների, օրինակ՝ տարեկան հանդիպման կամ «Գաղաադ» դպրոցի ավարտականի ժամանակ։
Կոմիտեն |
Անունը |
---|---|
Գրական |
|
Ծառայողական |
|
Կադրերի |
|
Կոորդինատորների |
|
Հրատարակչական |
|
Ուսումնական |
|