Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում
Հետևյալ պատճառներով Եհովայի վկաները բանակ չեն գնում։
Հնազանդություն Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու ծառաները «իրենց սրերից խոփեր պիտի կոփեն» և «չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2:4)։
Հնազանդություն Հիսուսին։ Հիսուսը Պետրոս առաքյալին ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26:52)։ Հիսուսը այսպիսով ցույց տվեց, որ իր հետևորդները չպետք է զենք վերցնեն պատերազմելու համար։
Հիսուսի աշակերտները հնազանդվում են նրա պատվերին՝ չլինել «աշխարհի մի մասը», ամբողջությամբ չեզոք մնալով քաղաքական հարցերում (Հովհաննես 17:16)։ Նրանք ոչ բողոքում են պատերազմական գործողությունների դեմ, ոչ էլ խոչընդոտում են նրանց, ովքեր որոշում են զինվորական ծառայության անցնել։
Սեր ուրիշների հանդեպ։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց «սիրե՛լ իրար» (Հովհաննես 13:34, 35)։ Այդպիսով կազմավորվելու էր միջազգային մի եղբայրություն, որտեղ ոչ ոք երբեք չէր պատերազմելու իր քույրերի ու եղբայրների դեմ (1 Հովհաննես 3:10–12)։
Վաղ քրիստոնյաների օրինակը։ «Կրոնը և պատերազմը» հանրագիտարանում ասվում է. «Հիսուսի առաջին դարի հետևորդները հրաժարվում էին պատերազմների մասնակցել կամ զինվորական ծառայության անցնել»՝ դա համարելով «անհամատեղելի Հիսուսի դրսևորած սիրո և թշնամիներին սիրելու նրա տված հրահանգին»։ Նմանապես գերմանացի աստվածաբան Պիտեր Մայնհոլդը Հիսուսի առաջին դարի հետևորդների վերաբերյալ գրել է. «Հնարավոր չէր միաժամանակ լինել և՛ քրիստոնյա, և՛ զինվորական»։
Աջակցություն հասարակությանը
Եհովայի վկաները հասարակության բարօրությամբ հետաքրքրված մարդիկ են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում տվյալ երկրի անվտանգության համար։ Մենք հարգում ենք իշխանություններին՝ համաձայն Աստվածաշնչի հետևյալ պատվերների.
«Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13:1)։
«Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22:21)։
Այսպիսով, մենք օրինապահ քաղաքացիներ ենք, վճարում ենք հարկերը, համագործակցում ենք իշխանությունների հետ, երբ հասարակությանը ի նպաստ աշխատանքներ են կատարվում։