Ուորվիքի նկարների ալբոմ 7 (2016թ. սեպտեմբեր—2017թ. փետրվար)
Այս ալբոմում կարող եք տեսնել, թե Եհովայի վկաների նոր գլխավոր վարչության հետ կապված շինարարական աշխատանքները ինչպես են ավարտվել, և թե կամավորները ինչպես են սկսել օգտագործել շինությունները 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 8, 2016—Ուորվիքի շինհրապարակ
Ուորվիքի համալիրի բոլոր շինությունները այժմ շահագործվում են։ Սեպտեմբերի սկզբին մոտ 500 մարդիկ արդեն ապրում էին Ուորվիքում։ Նրանց թվում էին շինարարության կամավորները և լիաժամ ծառայող անձնակազմը, որը տեղափոխվել է Բրուքլինից։
Սեպտեմբերի 20, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Նկարիչը զննում է հայելապատ սալիկների վրա արված ջնարակումը։ Այդ սալիկները տեղադրված են «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցասրահի մուտքի պատերին։ Դրանց հատուկ հին տեսք են տվել, ինչը համահունչ է այդ ցուցասրահի պատմական թեմային։
Սեպտեմբերի 28, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը Ուորվիքից առաջին անգամ հեռարձակվող առավոտյան երկրպագության ծրագրի նախագահողն էր։ Այդ առավոտ եղբայր Լեթը բաց նամակ կարդաց՝ շնորհակալություն հայտնելով ավելի քան 27000 կամավորներին, որոնք օգնել էին կառուցելու այդ նոր համալիրը, և բազմաթիվ այլ մարդկանց, որոնք տարբեր կերպերով աջակցել էին այդ նախագծին։
Հոկտեմբերի 3, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Մասնագետը տառեր է տեղադրում երեք ցուցասրահներից մեկի մուտքի նշանի վրա։ Այս ցուցասրահներում շրջայցը ինքնուրույն է արվում։ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» կոչվող այս ցուցահանդեսում ներկայացված է Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը՝ սկսած 1870-ականներից։
Հոկտեմբերի 5, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Գրական կոմիտեն հանդիպում է անցկացնում իր օգնականների և գրական բաժնի ծառայողների հետ։ Մեծ մոնիտորների վրա ցուցադրված են այն նկարները, որոնք առաջարկվել են գալիք հրատարակություններում հրապարակվելու համար։ Այդպիսի հանդիպումների ժամանակ մոնիտորների միջոցով այլ համալիրներում գտնվող բաժինների ծառայողները հնարավորություն ունեն տեսակապ հաստատելու և հաղորդակցվելու կոմիտեի հետ։ Սեղանը, որը նվիրաբերվել է մի քանի տարի առաջ, Բրուքլինից են տեղափոխել Ուորվիք։
Հոկտեմբերի 20, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Կոորդինատորների կոմիտեի օգնականներից մեկը այլ անձանց հետ, ովքեր ծառայում են այդ կոմիտեի առաջնորդության ներքո, քննարկում է, թե ինչպես կարելի է օգնել «Հայմա» («Լավին») հզոր թայֆունից տուժածներին։ Այդ թայֆունը ընդամենը մեկ օր առաջ էր հարվածել Ֆիլիպիններին։ Վիդեո կոնֆերանս համակարգը գլխավոր վարչության տարբեր բաժիններին օգնում է արագ արձագանքելու հրատապ հարցերին և հաղորդակցվելու ողջ աշխարհում եղող մասնաճյուղերի հետ։
Հոկտեմբերի 28, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի
Կենսապահպան լիճը տեխսպասարկման շենքը բաժանում է դեպի գլխավոր մուտքը տանող ճանապարհից։ Այս և Ուորվիքում եղող այլ լճեր բնական մեթոդներով հավաքում են և ֆիլտրում անձրևաջրերի մասնիկներն ու աղտոտող գործոնները։ Արդյունքում՝ ծախսերը մինչև 50 տոկոս ավելի քիչ են, քան կլինեին այն դեպքում, եթե տեղադրվեր ջրահեռացման համակարգ։ Բացի այդ, շնորհիվ մաքրված և ֆիլտրված ջրի, որը հոսում է դեպի տեղի վտակները, պահպանվում է միջավայրի մաքրությունը, և բույսերն ու կենդանիները ավելի առողջ են լինում։
Նոյեմբերի 4, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Աշխատողները իրերը տեղափոխում են բեռնավորման կայան։ Մոտ 80 մարդ գլխավոր վարչության անձնակազմին օգնել է Բրուքլինից տեղափոխվելու Ուորվիքում գտնվող իրենց նոր տուն։
Դեկտեմբերի 14, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Հացթուխները խմոր հունցող սարքից սեղանի վրա են գլորել խմորի մի մեծ զանգված։ Քանի որ հունցված խմորը կարող է կշռել ավելի քան 45 կիլոգրամ (100 ֆունտ), սարքը բարձրացնող հարմարանքը այդ պրոցեսը ավելի հեշտացնում է և անվտանգ դարձնում։ Ուորվիքի հացի փռում տեղադրված է հատուկ սարք, որը կարելի է ծրագրավորել այնպես, որ այն կառավարի ջերմաստիճանը և խոնավությունը՝ այդպիսով արագացնելով կամ դանդաղեցնելով խմորման պրոցեսը։ Ավտոմատացված այս սարքավորման շնորհիվ ավելի քիչ աշխատանք է արվում ամեն շաբաթ հարյուրավոր հացեր թխելու համար։
Դեկտեմբերի 14, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի
Մաքրության և սպասարկման բաժնի աշխատողները տեխսպասարկման շենքից հանում են աղբը։ Ի տարբերություն Բրուքլինում եղող մեր շենքերի՝ Ուորվիքի շենքերից շատերը կապված են իրար հետ, և դրա շնորհիվ ավելի քիչ աշխատողներ և մեքենաներ են պահանջվում աղբը և վերամշակվող նյութերը դուրս բերելու համար։
Դեկտեմբերի 14, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Վերնաշապիկի վրա ջուր են ցողում ճմրթված տեղերը հարթեցնելու համար և արդուկում են հագուստը չորացնող և արդուկող սարքով։ Ամեն շաբաթ Ուորվիքի լվացքատանը միջին հաշվով լվանում են ավելի քան 5000 կիլոգրամ (11000 ֆունտ) հագուստ և սպիտակեղեն։ Աշխատողները դրանց փակցնում են շտրիխ կոդերով պիտակներ, որպեսզի չկորչեն։ Լվացքատան ծառայությունների տարբեր փուլերով անցնելիս այդ պիտակները սկան են արվում, որ բոլոր իրերը պատշաճ կերպով խնամվեն, այնուհետև վերադարձվեն համապատասխան բաժին կամ սենյակ։
Դեկտեմբերի 20, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի
Մեխանիկը զննում և սպասարկում է էլեկտրակայանում օգտագործվող ամբարձիչը։ Դրա շնորհիվ այդ սարքը ավելի երկար կօգտագործվի և անվտանգ կլինի օգտագործողների համար։
Հունվարի 10, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Մասնագետը վերացնում է համակարգչային այն հավելվածի թերությունները, որը ցուցադրում է «Կենդանի հավատ» ցուցահանդեսի ներածությունը։
Հունվարի 11, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Աշխատողները պատրաստում են 1903թ.-ին արտադրված հեծանիվը՝ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցասրահում ներկայացնելու համար։ Այս նվիրաբերված հեծանիվը, որն աշխատողները զգուշորեն վերականգնել են Ուորվիքում, ցույց է տալիս, թե Աստվածաշունչ ուսումնասիրողները (հետագայում կոչվեցին Եհովայի վկաներ) ինչ ջանքեր են թափել ու զոհողություններ արել աստվածաշնչյան լուրը տրանսպորտի այսպիսի միջոցներով տարածելու համար։
Հունվարի 12, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Աշխատողները ապակի են տեղադրում, որի հետևում ցուցադրված կլինեն այն առարկաները, որոնք առնչվում են «Արարչության լուսադրամային»՝ Աստվածաշնչի վրա հիմնված շարժապատկերներով և սլայդներով ֆիլմին։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 1914թ.-ին և այդ տարի մոտ ինը միլիոն դիտորդ է ունեցել։
Հունվարի 12, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Արխիվագետները և գրաֆիկ դիզայները նախապատրաստական աշխատանքներ են կատարում «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցահանդեսում 1544թ. հրատարակության Ցյուրիխի լատիներեն Աստվածաշունչը ցուցադրելու համար։ Կարմիր սլաքը, որը կարելի է տեսնել առաջին պլանում եղող Աստվածաշնչում, ցույց է տալիս Աստծու անձնանունը՝ Եհովա։ Արխիվագետները նախազգուշական քայլեր են ձեռնարկում՝ պաշտպանելու այն Աստվածաշնչերը, որոնք կարող են հեշտությամբ վնասվել։ Օրինակ՝ որպեսզի էջերը չշրջվեն, պոլիեսթերային ժապավեններ են փակցվում դրանց վրա, ցուցասրահի օդի խոնավության աստիճանը և ջերմաստիճանը վերահսկվում են և ամենայն զգուշությամբ կարգավորվում է օպտիկամանրաթելային լուսավորությունը, որպեսզի նուրբ թղթերը չվնասվեն։
Հունվարի 16, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Այցելուները իրենց ուղեկցողի հետ 23 մետր (75 ֆուտ) բարձրությամբ աշտարակից դիտում են Ուորվիքի համալիրի հրաշալի տեսարանը։ 2017թ. ապրիլի 3-ին սկսվեցին ցուցահանդեսների և Ուորվիքի շինությունների՝ ինքնուրույն կատարվող շրջայցերը, որոնք նախապես էին ամրագրված։ Նրանք, ովքեր ցանկանում են շրջայց անցնել, պետք է օր նշանակեն առցանց ամրագրման համակարգում, որն առկա է մեր վեբ կայքի ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ / ՇՐՋԱՅՑԵՐ էջում։
Հունվարի 19, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Արխիվագետը ցուցասեղանին է դնում «Ջեյմս թագավորի թարգմանության» հազվադեպ հանդիպող առաջին հրատարակությունը։ Ցուցասեղանները նախագծվել և պատրաստվել են Ուորվիքի աշխատողների կողմից։
Հունվարի 19, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Գրաֆիկ դիզայները ցուցասեղանին է դնում մի ցիլինդր։ Այն պատկանում էր Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդին, որն առաջնորդում էր Եհովայի վկաների գործունեությունը մեկ դար առաջ։ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցահանդեսի մաս կազմող այս ցուցասրահում ներկայացվում է, թե վաղ շրջանում Վկաները Թագավորության բարի լուրը քարոզելու համար ինչ ջանքեր են թափել։
Հունվարի 20, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Աուդիո ձայնագրության թիմը ձայնագրում է այն ընթերցողին, ով պատմում է «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցահանդեսի մասին, որի շրջայցն ինքնուրույն է արվում։ Մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ աշխատողները հավաքեցին ձայնագրման տաղավարը և այլ սարքավորումներ ու դրանք Բրուքլինից տեղափոխեցին Ուորվիք, ձայնագրման ստուդիան կրկին սկսեց գործել։ Այս ստուդիայում (սա ենթաստուդիա է, իսկ գլխավոր ստուդիաները գտնվում են Դիտարանի կրթական կենտրոնում (Պատերսոն)) նաև ձայնագրվում են «Նոր աշխարհ թարգմանությունը», «Դիտարանը», «Արթնացե՛ք»-ը, jw.org կայքի հոդվածները և այլ հրատարակություններ։
Հունվարի 27, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Ատաղձագործի օգնականը ներկում է այն սալիկների կողքերը, որոնց վրա ցուցադրվելու են 3D ձևաչափով լուսանկարներ։ Դրանք «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցահանդեսի մաս են կազմում։ Այդ սալիկների վրա ներկայացվելու են 19-րդ դարի վերջում ապրած Աստվածաշունչ ուսումնասիրողների լուսանկարները։
Փետրվարի 15, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Նկարիչը ներկում է «Դարձիր Եհովայի ընկերը» անիմացիոն ֆիլմաշարի հերոսներից մեկի՝ Կարենի մանեկենը։ Այդ մանեկենը կդրվի այն սրահում, որտեղ ցույց է տրվում, թե Եհովայի վկաները ինչ միջոցներ ու ծրագրեր են ստեղծել երեխաների համար։
Փետրվարի 15, 2017—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ
Աշխատողը լուսանկարներ և վինիլային ցուցանակներ է կտրում «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցասրահում փակցնելու համար։ Այս երեք ցուցահանդեսները կազմակերպելու համար ավելի քան 250 մարդ, այդ թվում՝ կահույքագործներ, համակարգչային ծրագրավորողներ, դիզայներներ, էլեկտրատեխնիկներ, սալիկապատողներ, օպերատորներ ու գրողներ աշխատանքներ են կատարել՝ սկսած դրանց մտահղացումից մինչև իրագործումը։