«Ծննդոց» գիրքը մատչելի է ամերիկյան ժեստերի լեզվով
Խուլերը մեծ ոգևորությամբ օդում թափահարեցին իրենց ձեռքերը, երբ ցնցող հայտարարություն արվեց. «Մեծ հաճույքով տեղեկացնում ենք, որ ժեստերի լեզվով թարգմանվում են Եբրայերեն Գրությունները [Հին Կտակարան]։ «Ծննդոց» գրքի թարգմանությունը [տեսանյութը] արդեն պատրաստ է»։
Այս հայտարարությունն արվեց վերջերս Եհովայի վկաների կողմից կազմակերպված համաժողովների վերջին ելույթի ժամանակ, որոնք անցկացվում էին ամերիկյան ժեստերի լեզվով (ԱԺԼ)։
2005-ին Եհովայի վկաները «Մատթեոս» գրքից սկսեցին թարգմանել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ԱԺԼ-ով։ 2010-ին արդեն Նոր Կտակարանի բոլոր 27 գրքերը պատրաստ էին։
Վկաներն արդեն թարգմանել են նաև Աստվածաշնչի որոշ գրքեր 5 այլ ժեստերի լեզուներով։
Ինչի՞ համար է արվում այս աշխատանքը։ Եհովայի վկաները հասկանում են, որ տպված էջերը, որոնք հիմնված են խոսակցական լեզվի վրա, դժվարհասկանալի են խուլերի համար, որոնցից շատերը երբեք չեն լսել։ Ժեստերի լեզվով Աստվածաշնչի ճշգրիտ, պարզ ու բնական թարգմանությունն օգնում է զգալի թվով խուլ մարդկանց հասկանալու Աստվածաշունչը, ինչի շնորհիվ նրանք ավելի են մտերմանում Աստծու հետ։ Ինչպիսի՞ արձագանք գտավ այս աշխատանքը։
«Երբ 5 տարի առաջ թողարկվեց «Մատթեոս» գիրքը,— ասաց մի խուլ երիտասարդ,— ինձ համար կրկին ակնհայտ դարձավ, որ Եհովան շատ է սիրում ինձ։ Հիմա՝ «Ծննդոց» գրքից հետո, նորից վերապրում եմ այդ զգացումը։ Նա ասես վստահեցնում է, որ կարող եմ ճանաչել իրեն»։
Իսկ մի խուլ կին այսպես արտահայտեց իր զգացմունքները. «Ժեստերն այնքա՜ն պարզ են, այնքա՜ն արտահայտիչ։ Ես սիրահարվել եմ Աստվածաշնչին։ Ակնհայտ է, որ Եհովան ուզում է, որ կարդամ իր բոլոր խոսքերը հաջորդաբար՝ համար առ համար, որպեսզի ավելի ամբողջական պատկերացում ունենամ իր մասին։ Այս պարզությունը հասնում է մինչև սրտիս խորքը և մղում է աղոթելիս ավելի անկեղծորեն արտահայտել հույզերս»։