Անցնել բովանդակությանը

Հույս և մխիթարություն են տալիս տարեցներին

Հույս և մխիթարություն են տալիս տարեցներին

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Ավստրալիայում ծերացող բնակչության թիվը գնալով մեծանում է։ Որոշ տարեցներ տեղափոխվում են ծերանոցներ, որտեղ աշխատակազմը բարյացակամորեն հոգ է տանում նրանց առողջության և առօրյա կարիքների մասին։

Ինչ խոսք, ծերանոցների բնակիչներից շատերին ֆիզիկական աջակցությունից ավելին է հարկավոր։ Նրանք երբեմն ձանձրանում են, միայնակ և նույնիսկ անօգնական են զգում իրենց։ Եհովայի վկաները հույս և մխիթարություն են տալիս այդ մարդկանց, երբ ամեն շաբաթ այցելում են Վիկտորիա նահանգի (Ավստրալիա) Պորտլենդ քաղաքի երկու ծերանոցներ։

Ծերանոցների բնակիչների կարիքներին համապատասխան աստվածաշնչյան թեմաներով զրույցներ

Տեղի Վկաները հանդիպում են ծերանոցի մի խումբ բնակիչների հետ և զրուցում աստվածաշնչյան տարբեր թեմաների, օրինակ՝ Հիսուսի կյանքի կարևոր իրադարձությունների մասին։ «Մենք տարեցների հետ կարդում ենք Աստվածաշնչից մի հատված,— պատմում է Ջեյսոնը,— և հետո քննարկում ենք այն»։ Քանի որ ներկաներից շատերը առողջական խնդիրներ ունեն, Վկաները նաև հույս են տալիս և քաջալերում են նրանց՝ խոսելով այն մասին, որ Աստված խոստացել է վերացնել հիվանդություններն ու մահը։

«Սկզբում կես ժամով էինք այցելում այդ մարդկանց, բայց նրանք ցանկացան, որ ավելի երկար մնանք,— պատմում է Թոնի անունով տեղի Վկաներից մեկը։— Ուստի հիմա քննարկումները մոտ մեկ ժամ են տևում, թեև նրանցից մեկն ասաց, որ կցանկանար, որ երկու ժամ մնայինք այնտեղ»։ Քանի որ տարեցներից ոմանք կույր են, գամված են անկողնուն կամ ի վիճակի չեն առարկաներ պահել ձեռքում, զրույցի ընթացքում Վկաները աջակցում են նրանց և հորդորում են հնարավորինս մասնակցել դրան։

Տարեցներին այցելելիս Վկաները նրանց հետ Աստծուն նվիրված գովաբանական երգեր են երգում, և հաճախ վերջիններս խնդրում են, որ ավելի շատ երգեր երգեն։ Ջոն a անունով մի մարդ ասաց. «Մենք սիրում ենք ձեր երաժշտությունը։ Այն օգնում է մեզ հասկանալու և հարգելու Աստծուն»։ Իսկ Ջուդիթ անունով մի կին, ով կույր է, անգիր է արել իր սիրած երգերի բոլոր խոսքերը։

Վկաները հետաքրքրված են ծերանոցի յուրաքանչյուր բնակչի բարօրությամբ։ Բրիան անունով մի կամավոր ասում է, որ եթե բնակիչները լավ չեն զգում, Վկաները այցելում են նրանց իրենց սենյակներում։ «Մենք զրուցում ենք նրանց հետ և իմանում նրանց որպիսությունը։ Երբեմն վերադառնում ենք մեկ ուրիշ օր, որպեսզի տեսնենք, թե ինչպես են նրանք զգում իրենց»։

«Աստված է ձեզ ուղարկել մեզ մոտ»

Ծերանոցների շատ բնակիչներ թանկ են համարում այդ այցերը։ Պիտերը, որը ամեն շաբաթ այցելում է ծերանոց, ասում է. «Անհամբերությամբ եմ սպասում, որ հասնեմ այնտեղ»։ Ջուդիթը իրեն հոգ տանողներին ամեն անգամ ասում է. «Այսօր չորեքշաբթի է։ Խնդրում եմ, ինձ կարգի բերեք, որ միանամ Աստվածաշունչը ուսումնասիրողների խմբին։ Չեմ ուզում ուշանալ»։

Տարեցներին դուր է գալիս այն, ինչ նրանք իմանում են, և նրանք առավել քան երբևէ իրենց մոտ են զգում Աստծուն։ Հիսուսի սովորեցրածներից մեկը քննարկելուց հետո Ռոբերտ անունով մի մարդ ասաց. «Երբեք չեմ հասկացել Աստվածաշնչի այդ հատվածը։ Բայց հիմա հասկանում եմ»։ Դեյվիդը սովորել է, թե որքան կարևոր է աղոթել։ Նա ասում է. «Աղոթքը օգնել է ինձ փոխհարաբերություններ հաստատելու Աստծու հետ, և նա ինձ համար իրական է դարձել»։

Ծերանոցում ապրողներին ոգևորում է ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսը։ «Շնորհակալ եմ, որ այսքան մխիթարական բաներ եք հայտնում մեզ Աստվածաշնչից»,— Վկաներին ասաց Լինեթ անունով մի բնակիչ։ Իսկ մեկ ուրիշը այսպիսի խոսքեր ասաց. «Աստված է ձեզ ուղարկել մեզ մոտ»։

Մարգարետը այնքան ուրախ էր այդ այցելությունների համար, որ այժմ կանոնավորաբար հաճախում է Թագավորության սրահում անցկացվող Եհովայի վկաների հանդիպումներին։ Մեծ ջանքեր են պահանջվում նրանից դա անելու համար, քանի որ նա վատառողջ է և դժվարությամբ է շարժվում։ Մարգարետը ասաց Վկաներին. «Դուք մեզ բոլորիս մի բան եք տվել, որի համար արժե ապրել»։

«Դուք հրաշալի բան եք անում»

Ծերանոցի աշխատակազմը նույնպես գնահատում է Վկաների այցերը։ Աննան՝ տեղի Վկաներից մեկը, նշում է. «Աշխատակազմը հորդորում է բնակիչներին ներկա լինել այդ զրույցներին, քանի որ նրանք նկատում են, որ դրանից հետո այդ մարդիկ ավելի ուրախ են դառնում»: Բրիանը, որի մասին արդեն նշվեց, ավելացնում է. «Աշխատողները բարեհամբույր են և համագործակցող: Նրանք ամեն ջանք թափում են, որ օգնության ձեռք մեկնեն»։

Ծերանոցի բնակիչների ընտանիքները ուրախ են տեսնելու, որ իրենց սիրելի հարազատները հաճույք են ստանում այդ զրույցներից։ Տարեցներից մեկի աղջիկը գովեց Վկաներին՝ ասելով. «Դուք հրաշալի բան եք անում մորս համար»։

a Ծերանոցների բնակիչների անունները փոխված են։