Հիշողություններ «Աշխարհի շուրջը» համաժողովից
Հիսուն տարի առաջ՝ 1963-ի «Հավիտենական ավետիս» վերնագրով համաժողովի առիթով 583 Եհովայի վկաներ սկսեցին իրենց տասշաբաթյա ճամփորդությունը աշխարհով մեկ։ Նրանք սովորական զբոսաշրջիկներ չէին։ Նրանց նպատակն էր շփվել տարբեր երկրների իրենց հավատակիցների հետ և փոխադարձ քաջալերանք ստանալ։ Քանի որ այս պատվիրակները եղան ավելի քան 20 երկրներում, այս հոգևոր միջոցառումը կոչվեց նաև համաժողով «Աշխարհի շուրջը»։
Համաժողովի ամենահիշարժան ելույթի վերնագիրն էր «Երբ Աստված կթագավորի ողջ երկիր վրա»։ Համաժողովներից շատերի ժամանակ այն ներկայացրեց եղբայր Նաթան Նորը՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից։ Նա նկարագրեց աշխարհի գնալով վատացող իրավիճակը և հակադրեց այն Աստվածաշնչում գրված Աստծու մեծագույն խոստման՝ երկրի վրա դրախտ վերահաստատելու հետ։ Ամբողջ աշխարհում այս ելույթին ներկա եղավ ընդհանուր հաշվով 580509 հոգի։
«Աշխարհի շուրջը» տասը շաբաթում
Այս համաժողովը առաջինը անցկացվեց Միլուոկիում (Վիսքոնսին, ԱՄՆ)։ Այնուհետև պատվիրակները ճամփորդեցին դեպի հարավ։ Նյու Յորքից հետո եղան Անգլիայում, Շվեդիայում, Գերմանիայում և Իտալիայում։ Ամենուրեք նրանք հնարավորություն էին ունենում քարոզելու բարի լուրը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։
Շատ տեղերում մարդիկ գնահատում էին այն, որ Վկաները ժամանակ են տրամադրել ու այցելել են իրենց։ Ստոկհոլմում (Շվեդիա) մի երիտասարդ կին այսպես էր արտահայտվել. «Ձեր այցը ես երբեք չեմ մոռանա.... Այսքա՜ն ճանապարհ եք անցել, որ գաք ու խոսեք ինձ հետ Աստծու հանդեպ ունեցած ձեր հավատի մասին։ Ես հիանում եմ ձեզանով»։
Երբ հասան Աթենք (Հունաստան), պատվիրակները փոքր-ինչ հիասթափվեցին։ Տեղի տալով տեղի կրոնական առաջնորդների ճնշումներին՝ իշխանությունները չեղյալ էին համարել «Պանատինայկոս» մարզադաշտում համաժողով անցկացնելու թույլտվությունը։ Սակայն նախանձախնդիր Վկաներին դա չկանգնեցրեց։ Մինչև օգոստոսի վերջ գրեթե 10000 մարդ լսեց ծրագիրը՝ ներկա լինելով տեղի ժողովի սրահներում և մասնավոր տներում կազմակերպված համաժողովին։
Աթենքից հետո պատվիրակները մեկնեցին Լիբանան, այնուհետև՝ Հորդանան, Իսրայել և Կիպրոս։ Հավատակիցները նրանց սրտաբաց ընդունեցին։ Հյուրընկալությունն այնքան ջերմ էր, որ երբեմն զվարճալի դեպքեր էին լինում։ Պատվիրակներից մեկը պատմեց Նիկոսիայում (Կիպրոս) իր կոշիկների հետ կապված մի առեղծված. «Ամեն անգամ, երբ վերադառնում էի իմ հյուրընկալի տուն, հանում էի կոշիկներս.... դրանք անհետանում էին.... մեկ էլ հինգ րոպեից հայտնվում էին շողշողուն տեսքով»։
Ճամփորդության վերջին փուլում պատվիրակները եղան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում։ Հնդկաստանը, Բիրման (այժմ՝ Մյանմա), Թաիլանդը, Հոնկոնգը, Սինգապուրը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Ավստրալիան, Թայվանը, Ճապոնիան, Ֆիջին և Կորեան հյուրընկալեցին պատվիրակներին։ Համաժողովներին ներկա եղան նաև հազարավոր տեղացի Վկաներ։ Շատերը փոփոխեցին իրենց ծրագրերը՝ համաժողովին ներկա լինելու համար։ Տպավորիչ էր Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքից մի երիտասարդ նշանված զույգի արած քայլը։ Երբ երիտասարդը իր գործատերից աշխատանքից բացակայելու թույլտվություն էր խնդրել Կիոտոյում անցկացվող համաժողովին ներկա լինելու համար, վերջինս ասել էր, որ նման թույլտվություն տրվում է միայն թաղման կամ ամուսնության դեպքում։ Քանի որ զույգն ամուսնանալու նպատակ ուներ, նրանք իրենց ծրագրածից շուտ ամուսնացան և մասնակցեցին համաժողովին իրենց մեղրամսին։
Ճամփորդությունն ավարտվեց սեպտեմբերի սկզբներին։ Վերջին համաժողովները տեղի ունեցան Հավայիում և Կալիֆորնիայում (ԱՄՆ)։ Կալիֆորնիայի Պասադենա քաղաքում ներկաների թիվը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Ծրագրից հետո փողոցներում երկարատև խցանումներ էին։ Տեղի թերթերից մեկում, սակայն, մեջբերված էր մի ոստիկանապետի խոսքեր այն մասին, որ դա իր տեսած այդքան մեծաթիվ մարդկանց ամենակարգապահ խումբն էր։
Անջնջելի հետք
Համաժողովն իր ուրույն տեղն է գտել Վկաների պատմության մեջ։ Այդ ժամանակ էր, որ լույս տեսավ «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» գիրքը, որն առայսօր օգտագործվում է Եհովայի վկաների ժողովի հանդիպումների ժամանակ։
Նյու Յորքում համաժողովի ժամանակ ներկայացվեց մի նոր երգ։ Այն գրել էր Հարոլդ Քինգը, մի Վկա, որը Չինաստանում ազատ էր արձակվել բանտից հենց այդ տարի՝ 1963-ին։ Երգի վերնագիրն էր «Դռնից դուռ»։ Նա գրել էր այն մենախցում։ Եհովայի Վկաները հիմա էլ երգում են այդ երգը, որն այժմ կոչվում է «Տնետուն»։
Այսօր Վկաների համաժողովները շատ են տարբերվում նախկին համաժողովներից։ Անցկացման վայրերը փոքր են, հավաքվածները փոքրաթիվ են։ Դրանք շատ քաղաքներում են կազմակերպվում, ուստի ճանապարհի վրա ավելի քիչ ժամանակ է ծախսվում։ Նման և այլ փոփոխությունները նպաստել են, որ ավելի շատ մարդիկ կենտրոնանան ծրագրի վրա։ Ամեն տարի 7 միլիոնից ավել Եհովայի վկաները իրենց հյուրերի հետ ներկա են լինում այս համաժողովներին։ Կմիանա՞ս մեզ այս ամռանն անցկացվող համաժողովին։ Գտիր համաժողովի անցկացման քեզ ամենամոտ վայրը։