Ահաբեկչությանը երբևէ վերջ կդրվի՞
Ահաբեկչական հարձակման մասին լսելիս գուցե մտածես. «Արդյո՞ք Աստծու համար միևնույն է, թե ինչ է կատարվում։ Ինչո՞ւ են նման բաներ տեղի ունենում։ Երբևէ վերջ կդրվի՞ ահաբեկչությանը։ a Ինչպե՞ս ապրել այս վախի զգացումով»։ Աստվածաշունչը տալիս է այս հարցերի գոհացուցիչ պատասխանները։
Ինչպե՞ս է Աստված վերաբերվում ահաբեկչությանը
Աստված ատում է բռնությունն ու ահաբեկչությունը (Սաղմոս 11։5; Առակներ 6։16, 17)։ Հիսուսը՝ Աստծու ներկայացուցիչը, հանդիմանեց իր աշակերտին, երբ վերջինս բռնություն գործադրեց (Մատթեոս 26։50–52)։ Թեև շատերը պնդում են, որ ահաբեկչական հարձակումներ են գործում Աստծու անունով, սակայն Աստված նման գործողություններ կատարելու իրավունք չի տվել նրանց։ Իրականում նա նույնիսկ չի լսում նրանց աղոթքները (Եսայիա 1։15)։
Աստված հոգ է տանում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր տառապում են, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումից տուժածների (Սաղմոս 31։7; 1 Պետրոս 5։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Աստված վերջ է դնելու բռնությանը (Եսայիա 60։18)։
Ո՞րն է ահաբեկչության պատճառը
Աստվածաշնչում ասվում է, թե որն է ահաբեկչության պատճառը. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Մարդկության պատմության ընթացքում իշխանություն ունեցողները ահաբեկչության միջոցով ճնշել են մյուսներին։ Այդ ճնշումներին ի պատասխան՝ հակառակ կողմն էլ է դիմել ահաբեկչական գործողությունների (Ժողովող 7։7)։
Վերջ ահաբեկչությանը
Աստված խոստանում է, որ կվերացնի ահաբեկչության հանդեպ վախն ու բռնությունը և երկրի վրա խաղաղություն կհաստատի (Եսայիա 32։18; Միքիա 4։3, 4)։
Աստված կվերացնի ահաբեկչության պատճառը։ Նա մարդկային կառավարությունները կփոխարինի իր համաշխարհային կառավարությամբ։ Այդ կառավարության Ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսը, բոլորին արդարությամբ կվերաբերվի։ Հիսուսը կվերացնի ճնշումներն ու բռնությունը (Սաղմոս 72։2, 14)։ Այդ ժամանակ ոչ ոք ահաբեկչական գործողություններ չի կատարի։ Մարդիկ «կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
Աստված կվերացնի ահաբեկչության հետևանքները։ Նա կբուժի ահաբեկչության պատճառած ցավերը՝ լինեն դրանք ֆիզիկական, թե էմոցիոնալ (Եսայիա 65։17; Հայտնություն 21։3, 4)։ Նա նույնիսկ խոստացել է հարություն տալ մահացածներին և նոր կյանք պարգևել խաղաղ երկրի վրա (Հովհաննես 5։28, 29)։
Աստվածաշնչում հիմնավոր փաստեր են նշվում, որ Աստված շուտով գործի է անցնելու։ Սակայն գուցե մտածես. «Ինչո՞ւ Աստված արդեն իսկ վերջ չի դրել ահաբեկչությանը»։ Այս հարցի պատասխանը գտնելու համար դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։
a «Ահաբեկչություն» տերմինը հիմնականում վերաբերում է քաղաքական, կրոնական կամ սոցիալական փոփոխություններ անելու նպատակով քաղաքացիների դեմ կիրառվող բռնությանը կամ դրա սպառնալիքին։ Այնուամենայնիվ, մարդիկ գուցե տարակարծիք լինեն, թե արդյոք տվյալ գործողությունը պետք է որակել որպես ահաբեկչություն, թե ոչ: