ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Առողջապահության առաջատար մասնագետը՝ պատանիների վրա սոցցանցերի ազդեցության մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2023 թ. մայիսի 23-ին ԱՄՆ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետը զգուշացրել է հանրությանը, որ սոցիալական ցանցերը բացասաբար են ազդում բազմաթիվ պատանիների վրա։
«Թեպետ սոցիալական ցանցերը կարող են օգտակար լինել որոշ երեխաների ու պատանիների համար, սակայն կան նաև անժխտելի փաստեր, որ դրանք կարող են մեծապես վնասել երեխաների ու պատանիների հոգեկան և ֆիզիկական առողջությունը» (Սոցիալական ցանցերն ու պատանիների հոգեկան առողջությունը. ԱՄՆ գլխավոր վիրաբույժի տեղեկատու, 2023)։
Տեղեկատուում նշված էին ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս։
12-15 տարեկան անչափահասները, «ովքեր օրական ավելի քան 3 ժամ էին անցկացնում սոցցանցերում, հոգեկան խնդիրների կրկնակի ռիսկի տակ էին, այդ թվում՝ դեպրեսիայի և տագնապային խանգարումների»։
14-ամյա պատանիների շրջանում «սոցցանցերի առավել ակտիվ օգտագործումը հող էր նախապատրաստել քնի խանգարումների, առցանց բուլիինգի, արտաքին տեսքից ամաչելու, ցածր ինքնագնահատականի և դեպրեսիայի ավելի ցայտուն դրսևորումների համար։ Ընդ որում՝ հարվածի տակ ավելի մեծ թվով աղջիկներ էին, քան տղաներ»։
Ծնողներն ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց երեխաներին այս վտանգներից։ Աստվածաշունչը գործնական լուծումներ է առաջարկում։
Ինչ կարող են անել ծնողները
Ներգրավված եղեք։ Որպես ծնողներ՝ պարզեք հնարավոր վտանգները և որոշեք՝ ձեր երեխան օգտվի սոցցանցերից, թե ոչ։
Աստվածաշնչյան սկզբունք. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն» (Առակներ 22։6)։
Ավելին իմանալու համար ընթերցեք «Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից» հոդվածը։
Եթե թույլ եք տալիս ձեր երեխային օգտվել սոցցանցերից, տեղեկացեք պոտենցիալ վտանգների մասին և ներգրավված եղեք ձեր երեխայի օնլայն կյանքում։ Ինչպե՞ս։
Պաշտպանեք ձեր երեխային վնասակար նյութերից։ Սովորեցրեք նրան հասկանալ, թե որ նյութերն են վնասակար, և հեռու մնալ դրանցից։
Աստվածաշնչյան սկզբունք. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ.... Ձեր մեջ թող չլինի ամոթալի վարք, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ կատակներ» (Եփեսացիներ 5։3, 4)։
Գործնական առաջարկներ գտնելու համար ընթերցեք «Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից» հոդվածը։
Սահմաններ դրեք։ Օրինակ՝ կանոններ սահմանեք այն մասին, թե ձեր երեխան երբ և որքան ժամանակով կարող է օգտվել սոցցանցերից։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք.... իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։15, 16)։
Օգտագործելով «Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս» անիմացիան՝ օգնեք ձեր երեխային հասկանալ, թե սահմանները ինչու են անհրաժեշտ։