ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Կրոնը և պատերազմը Ուկրաինայում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Նկատի առեք, թե ներքոհիշյալ աղբյուրներում ինչ է ասվում կրոնական առաջնորդների և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։
«Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը ոչ մի բառ չի ասել ռուսական ագրեսիայի կապակցությամբ.... Նրա Եկեղեցին պարբերաբար քարոզչություն է իրականացրել Ուկրաինայի դեմ, ինչն էլ Պուտինն օգտագործել է պատերազմական գործողություններն արդարացնելու համար» («EUobserver», 2022 թ., մարտի 7):
«Պատրիարք Կիրիլը.... հստակ դիրքորոշում է արտահայտել, որում արդարացրել է իր երկրի ներխուժումը Ուկրաինա՝ հակամարտությունը համարելով մեղքի դեմ պայքար» («AP News», 2022 թ., մարտի 8):
«Ուկրաինական եկեղեցու առաջնորդ, Կիևի մետրոպոլիտ Եպիֆանի I-ը երկուշաբթի օրհնեց իր ժողովրդին և հորդորեց «կռվել ռուս զավթիչների դեմ».... [Նա] նաև նշեց, որ ռուս զինվորներին սպանելը մեղք չէ» («Jerusalem Post», 2022 թ., մարտի 16):
«Մենք [Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ուկրաինական խորհուրդը] աջակցում ենք Ուկրաինայի զինված ուժերին և մեզ նեցուկ կանգնողներին, օրհնում ենք նրանց, որ կարողանան պաշտպանել Ուկրաինային ագրեսորից, և աղոթում ենք նրանց համար» («UCCRO a Statement», 2022 թ., փետրվարի 24)։
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն կրոնը, որը պնդում է, թե հետևում է Հիսուս Քրիստոսին, պետք է խրախուսի իր անդամներին պատերազմի գնալ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դրա վերաբերյալ։
Կրոնի ներգրավվածությունը պատերազմներում
Պատմությունը ցույց է տալիս, որ կրոնը հաճախ հանդուրժել ու արդարացրել է պատերազմները և նույնիսկ թիկունք է կանգնել դրանց՝ միևնույն ժամանակ ձևացնելով, թե խաղաղության ջատագով է։ Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները քողազերծել են կրոնական այդ կեղծավորությունը։ Մեր հրատարակություններում նշված է այդպիսի մի քանի օրինակների մասին։
«Խաչակրաց արշավանքներ. «ողբերգական պատրանք»» (անգլ., ռուս.) հոդվածը ցույց է տալիս, թե Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինչ առումով է պատասխանատու Աստծու և Քրիստոսի անունով կատարված զանգվածային սպանությունների համար։
«Ցեղասպանություն՝ Ռուանդայում. հետադարձ հայացք 25 տարի անց» հոդվածում խոսվում է այն մասին, թե կրոնն ինչպես չկանխեց միջցեղային բախումները, անգամ ցեղասպանությունը։
«Կրո՞նն է մեղավոր» (անգլ., ռուս.) ու «Կրոնը չեզոքություն չի պահում» (անգլ.) հոդվածներում և «Եկեղեցիների դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում» տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես են բազմաթիվ պատերազմներում երկու կողմերի կաթոլիկ, ուղղափառ և բողոքական հոգևորականները աջակցել հակամարտությանը։
Արդյո՞ք քրիստոնյա կրոնները պետք է աջակցեն պատերազմներին
Ի՞նչ է սովորեցրել Հիսուսը։ «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին» (Մատթեոս 5։44-47)։
Մտածեք։ Արդյո՞ք որևէ կրոն կարող է պնդել, թե հետևում է Հիսուսի տված վերոնշյալ պատվերներին, եթե իր հետևորդներին խրախուսում է պատերազմի ժամանակ սպանել ուրիշներին։ Պատասխանն իմանալու համար կարդացեք «Ճշմարիտ քրիստոնյաները և պատերազմը» (անգլ.) և «Հնարավո՞ր է սիրել թշնամուն» հոդվածները (անգլ., ռուս.)։
Ի՞նչ է սովորեցրել Հիսուսը։ «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ» (Հովհաննես 18։36)։ «Բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։47-52)։
Մտածեք։ Եթե քրիստոնյաները նույնիսկ Հիսուսին պաշտպանելու համար չպետք է կռվեին, ապա պե՞տք է արդյոք զենք վերցնեն որևէ այլ պատճառով։ Իմանալու համար, թե վաղ քրիստոնյաները ինչպես են հավատարմորեն հետևել Հիսուսի օրինակին և սովորեցրածներին՝ կարդացեք «Պատերազմը և քրիստոնեությունը» հոդվածը։
Ի՞նչ է սպասում պատերազմներին աջակցող կրոններին
Աստվածաշունչը ասում է, որ Աստված մերժում է բոլոր այն կրոնները, որոնք պնդում են, թե հետևում են Հիսուսին, սակայն չեն ապրում նրա սովորեցրածների համաձայն (Մատթեոս 7։21-23; Տիտոս 1։16)։
«Հայտնություն» գրքից տեսնում ենք, որ Աստված այդպիսի կրոններին պատասխանատու է համարում «երկրի վրա սպանված բոլոր մարդկանց» մահվան համար (Հայտնություն 18։21, 24)։ Պատճառն իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է Մեծ Բաբելոնը» հոդվածը։
Հիսուսն ասել է, որ Աստծու կողմից մերժված բոլոր կրոնները կկործանվեն իրենց վատ գործերի համար, ինչպես որ փտած պտուղ տվող փտած ծառն է «կտրվում և կրակի մեջ գցվում» (Մատթեոս 7։15-20)։ Իմանալու համար, թե ինչպես է դա լինելու՝ կարդացեք «Կեղծ կրոնի վերջը մո՛տ է» հոդվածը։
Լուսանկարներ՝ ձախից աջ. Photo by Sefa Karacan/Anadolu Agency/Getty Images; Maxym Marusenko/NurPhoto via Getty Images:
a «Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ուկրաինական խորհրդի» (UCCRO) մեջ են մտնում ուղղափառ, հունական կաթոլիկ, Հռոմի կաթոլիկ, բողոքական, ավետարանչական, հրեական և մահմեդական 15 եկեղեցիներ և կրոնական միավորումներ։