Երկրորդ Օրենք 31։1-30
31 Մովսեսը կրկին կանգնեց ամբողջ Իսրայելի առաջ և ասաց.
2 «Ես արդեն 120 տարեկան եմ:+ Այլևս չեմ կարող ձեզ առաջնորդել,* քանի որ Եհովան ասել է ինձ. «Դու չես անցնի Հորդանանը»:+
3 Ձեր Աստված Եհովան է գնալու ձեր առջևից: Նա ինքը կոչնչացնի այդ ազգերին ձեր առաջ, և դուք կտիրանաք նրանց երկրին:+ Ինչպես ասել է Եհովան, Հորդանանն անցնելիս ձեզ կառաջնորդի Հեսուն:+
4 Եհովան կկործանի այդ ազգերին,+ ինչպես որ կործանեց ամորհացիների թագավորներ Սեհոնին+ և Օգին+ ու նրանց երկիրը:
5 Եհովան նրանց ձեր ձեռքը կմատնի, և նրանց հետ կվարվեք այնպես, ինչպես պատվիրել եմ:+
6 Քաջ և ամուր եղեք:+ Մի՛ վախեցեք, մի՛ սարսափեք նրանցից,+ որովհետև ձեր Աստված Եհովան է գնում ձեզ հետ: Նա ձեզ մենակ չի թողնի ու չի լքի»:+
7 Ապա Մովսեսը կանչեց Հեսուին և ամբողջ Իսրայելի աչքի առաջ ասաց նրան. «Քաջ և ամուր եղիր,+ քանի որ դու ես այս ժողովրդին տանելու այն երկիրը, որ Եհովան երդվել է տալ նրանց նախահայրերին, և այն տալու ես նրանց որպես ժառանգություն:+
8 Եհովան է գնալու քո առջևից: Նա քեզ հետ կլինի:+ Նա քեզ մենակ չի թողնի ու չի լքի: Ոչ մի բանից մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր»:+
9 Հետո Մովսեսը գրի առավ այս Օրենքը+ և տվեց Եհովայի ուխտի տապանակը փոխադրող ղևտացի քահանաներին և Իսրայելի բոլոր երեցներին:
10 Մովսեսը նրանց պատվիրեց. «Ամեն յոթերորդ տարում՝* ազատման տարում,+ երբ գա սահմանված ժամանակը՝ Տաղավարների* տոնը,+
11 և ամբողջ Իսրայելը ներկայանա ձեր Աստված Եհովայի առաջ+ նրա ընտրած վայրում, դուք պետք է բարձրաձայն կարդաք այս Օրենքը, որ ողջ Իսրայելը լսի:+
12 Հավաքեք ժողովրդին՝+ տղամարդկանց, կանանց, երեխաներին ու ձեր քաղաքներում ապրող պանդուխտներին, որ լսեն ու սովորեն ձեր Աստված Եհովայի մասին, վախենան նրանից և բարեխղճորեն կատարեն այս Օրենքի բոլոր խոսքերը:
13 Ձեր զավակները, ովքեր չգիտեն այս Օրենքը, պետք է լսեն+ ու սովորեն վախենալ ձեր Աստված Եհովայից բոլոր օրերում, որ կապրեք այն երկրում, որին տիրանալու համար անցնում եք Հորդանանը»:+
14 Դրանից հետո Եհովան ասաց Մովսեսին. «Մոտեցել է քո մահվան օրը:+ Կանչիր Հեսուին, և եկեք հանդիպման վրանի մոտ, որ նրան առաջնորդ նշանակեմ»:+ Ուստի Մովսեսն ու Հեսուն գնացին ու կանգնեցին հանդիպման վրանի մոտ:
15 Հետո Եհովան հայտնվեց այնտեղ ամպի սյունով. ամպի սյունը կանգնեց վրանի մուտքի մոտ:+
16 Եհովան ասաց Մովսեսին. «Դու շուտով կմահանաս, իսկ այս ժողովուրդը կդավաճանի ինձ՝ պաշտելով օտար աստվածների* այն երկրում, ուր նրանք գնում են:+ Նրանք կթողնեն ինձ,+ կդրժեն իրենց հետ կապած իմ ուխտը:+
17 Այդ ժամանակ իմ բարկությունը կբորբոքվի նրանց դեմ,+ ու ես կթողնեմ նրանց,+ երես կթեքեմ նրանցից,+ մինչև որ ոչնչանան: Շատ դառնություններ ու նեղություններ ճաշակելուց հետո+ նրանք կասեն. «Չէ՞ որ այս չարիքները գալիս են մեզ վրա, որովհետև մեր Աստվածը մեզ հետ չէ»:+
18 Բայց ես այդ ժամանակ էլ նրանց կողմը չեմ նայի նրանց գործած մեծ չարիքի՝ ուրիշ աստվածների պաշտելու պատճառով:+
19 Այժմ ձեզ համար գրի առեք այս երգը+ և սովորեցրեք իսրայելացիներին:+ Թող սովորեն այս երգը, որ այն հիշեցնի նրանց իմ նախազգուշացումները:*+
20 Երբ նրանց տանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց նախահայրերին,+ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ և այնտեղ նրանք կուշտ ուտեն ու բարգավաճեն,*+ այդ ժամանակ կսկսեն ուրիշ աստվածների պաշտել ու դրանց ծառայել, կանարգեն ինձ ու կդրժեն իմ ուխտը:+
21 Եվ երբ շատ չարիքներ ու նեղություններ գան նրանց վրա,+ այս երգը նրանց կհիշեցնի իմ նախազգուշացումները* (սերնդեսերունդ այս երգը չպետք է մոռացվի): Ես գիտեմ, թե ինչ հակում է ձևավորվում նրանց մեջ արդեն հիմա,+ նախքան նրանց կտանեմ այն երկիրը, որի մասին երդվել եմ»:
22 Ուստի այդ օրը Մովսեսը գրի առավ այդ երգը և սովորեցրեց իսրայելացիներին:
23 Իսկ հետո Նավեի որդի Հեսուին+ Աստված առաջնորդ նշանակեց ու ասաց. «Քաջ և ամուր եղիր,+ քանի որ իսրայելացիներին դու ես տանելու այն երկիրը, որի մասին երդվել եմ նրանց.+ ես քեզ հետ կլինեմ»:
24 Երբ Մովսեսը այս Օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրի առավ գրքում,+
25 Եհովայի ուխտի տապանակը փոխադրող ղևտացիներին պատվիրեց.
26 «Վերցրեք Օրենքի այս գիրքն+ ու դրեք ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակի մոտ:+ Այն վկա կլինի ձեր՝ իսրայելացիներիդ դեմ:
27 Ես լավ գիտեմ, որ դուք ըմբոստ եք+ ու համառ:*+ Եթե հիմա եք այդքան ըմբոստանում Եհովայի դեմ, երբ ես դեռ ողջ եմ, էլ ուր մնաց՝ իմ մահից հետո:
28 Ինձ մոտ հավաքեք ձեր ցեղերի բոլոր երեցներին ու գլխավորներին, որ նրանց ասեմ այս խոսքերը և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց դեմ:+
29 Ես հաստատ գիտեմ, որ իմ մահից հետո դուք չարիք կանեք+ ու կշեղվեք այն ճանապարհից, որով պատվիրել եմ գնալ: Ապագայում աղետ կգա ձեզ վրա,+ որովհետև կանեք այն, ինչ չար է Եհովայի աչքին, և կվիրավորեք նրան ձեր արարքներով»:
30 Այնուհետև Մովսեսը Իսրայելի ողջ ժողովի առաջ ծայրից ծայր ասաց երգի բոլոր խոսքերը:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դուրս գալ ու ներս մտնել»:
^ Բռց.՝ «Ամեն յոթ տարիների վերջում»:
^ Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
^ Կամ՝ «հոգևոր պոռնկություն կգործի օտար աստվածների հետ»:
^ Կամ՝ «որ այն իմ վկան լինի նրանց դեմ»:
^ Բռց.՝ «ճարպակալեն»:
^ Կամ՝ «վկա կլինի նրանց համար»:
^ Բռց.՝ «խստապարանոց»: