Երկրորդ Օրենք 14։1-29
14 «Դուք ձեր Աստված Եհովայի որդիներն եք: Մահացած մարդու համար սգալիս ձեզ վրա կտրվածքներ չանեք+ ու չսափրեք ձեր հոնքերը,*+
2 որովհետև դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք:+ Եհովան երկրի երեսին բնակվող բոլոր ժողովուրդներից ձեզ է ընտրել, որ լինեք իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը:+
3 Ոչ մի գարշելի բան չուտեք:+
4 Սրանք են այն կենդանիները, որոնք կարող եք ուտել.+ ցուլ, ոչխար, այծ,
5 եղջերու, այծեղջերու, այծյամ, վայրի այծ, այծքաղ, վայրի ոչխար և լեռնային ոչխար:
6 Կարող եք ուտել ցանկացած երկկճղակավոր կենդանի, որի կճղակը ամբողջությամբ բաժանված է երկու մասի, և որը որոճում է:
7 Սակայն որոճացողներից կամ երկկճղակավորներից չպետք է ուտեք հետևյալ կենդանիները. ուղտ, նապաստակ, ժայռային դաման,* որոնք որոճացող են, սակայն դրանց կճղակը ամբողջությամբ բաժանված չէ երկու մասի: Դրանք անմաքուր են ձեզ համար:+
8 Չպետք է ուտեք նաև խոզ, որը թեև երկկճղակավոր է, բայց որոճացող չէ: Այն անմաքուր է ձեզ համար: Այդ կենդանիների մսից չուտեք ու դրանց լեշին չդիպչեք:
9 Ջրային կենդանիներից կարող եք ուտել լողակներ ու թեփուկներ ունեցողներին:+
10 Լողակներ ու թեփուկներ չունեցող ոչ մի ջրային կենդանի չուտեք: Դրանք անմաքուր են ձեզ համար:
11 Ցանկացած մաքուր թռչուն կարող եք ուտել:
12 Բայց չպետք է ուտեք հետևյալ թևավոր արարածներին. արծիվ, ջրարծիվ, սև անգղ,+
13 կարմիր ցին, սև ցին, ցինի ոչ մի տեսակ,
14 ագռավի ոչ մի տեսակ,
15 ջայլամ, բու, որոր, բազեի ոչ մի տեսակ,
16 տնային բվիկ, ականջավոր բու, կարապ,
17 հավալուսն, անգղ, ձկնկուլ,
18 արագիլ, տառեղի ոչ մի տեսակ, հոպոպ և չղջիկ:
19 Թևավոր միջատները նույնպես անմաքուր են ձեզ համար: Դրանք չպետք է ուտեք:
20 Իսկ ցանկացած մաքուր թևավոր արարած կարող եք ուտել:
21 Սատկած ոչ մի կենդանի չուտեք:+ Այն կարող եք տալ ձեր քաղաքներում ապրող այլազգիներին, ովքեր կարող են ուտել դրանից, կամ կարող եք վաճառել օտարականներին: Դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք:
Ուլն իր մոր կաթի մեջ չեփեք:+
22 Ամեն տարի ձեր ցանած սերմի ամբողջ բերքից առանձնացրեք տասներորդ մասը:+
23 Ձեր հացահատիկի, նոր գինու և յուղի՝ որպես տասանորդ առանձնացված մասը, ինչպես նաև խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկներին պետք է ուտեք ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի իր անվան համար.+ այդպես կսովորեք միշտ վախենալ ձեր Աստված Եհովայից:+
24 Բայց եթե ձեր Աստված Եհովայի՝ իր անվան համար ընտրած վայրը+ հեռու լինի ձեզանից, ճանապարհը չափազանց երկար լինի, և դուք չկարողանաք ձեզ հետ տանել այդքան բան (քանի որ ձեր Աստված Եհովան առատորեն կօրհնի ձեզ),
25 ապա այդ ամենը փողի վերածեք և փողը ձեզ հետ վերցնելով՝ գնացեք ձեր Աստված Եհովայի ընտրած վայրը:
26 Այնտեղ այդ փողով կարող եք գնել ինչ որ կուզեք՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, այծեր, գինի և այլ ոգելից խմիչքներ կամ ցանկացած այլ բան, որ ձեր սիրտը կուզի: Ձեր Աստված Եհովայի առաջ կերեք և ուրախացեք ձեր տնեցիների հետ:+
27 Չանտեսեք ձեր քաղաքներում ապրող ղևտացիներին,+ քանի որ նրանք ձեզ պես առանձին բաժին չեն ստանալու և ժառանգություն չեն ունենալու:+
28 Ամեն երեք տարին մեկ վերջին տարվա* բերքի ողջ տասներորդ մասը բերեք ու ամբարեք ձեր քաղաքներում:+
29 Եվ ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, ում ձեզ պես առանձին բաժին կամ ժառանգություն չի տրվել, պանդուխտները, որբերը* և այրիները թող գան և կուշտ ուտեն,+ որ ձեր Աստված Եհովան օրհնի ձեզ ձեր բոլոր գործերում»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ճակատը»: Բռց.՝ «աչքերի մեջտեղը»:
^ Կամ՝ «թանկագին»:
^ Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
^ Բռց.՝ «Ամեն երեք տարիների վերջում»:
^ Կամ՝ «անհայր երեխաները»: