2 Տարեգրություն 1։1-17

  • Սողոմոնը իմաստություն է խնդրում Աստծուց (1-12)

  • Սողոմոնի հարստությունը (13-17)

1  Դավթի որդի Սողոմոնի թագավորական իշխանությունը առավել, քան երբևէ հզորացավ. նրա Աստված Եհովան նրա հետ էր և նրան անչափ բարձրացրեց:+  Սողոմոնը հավաքեց ողջ Իսրայելին՝ հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին, Իսրայելի բոլոր տոհմապետներին և գերդաստանների գլուխներին:  Այնուհետև նա ամբողջ ժողովի հետ գնաց Գաբաոնում գտնվող սրբավայրը,+ քանի որ այնտեղ էր ճշմարիտ Աստծու հանդիպման վրանը, որը Եհովայի ծառա Մովսեսն էր պատրաստել անապատում:  Սակայն ճշմարիտ Աստծու տապանակը Դավիթը Կարիաթարիմից+ տեղափոխել էր դրա համար պատրաստած տեղը՝ այն վրանը, որը նա կանգնեցրել էր Երուսաղեմում:+  Իսկ պղնձե զոհասեղանը,+ որը պատրաստել էր Հուրի որդի Ուրիի որդի Բեսելիելը,+ կանգնեցվել էր Եհովայի խորանի առջև, և Սողոմոնն ու ժողովը աղոթում էին այդ զոհասեղանի առաջ:*  Սողոմոնը հանդիպման վրանի մոտ գտնվող պղնձե զոհասեղանի վրա Եհովայի առաջ 1 000 ողջակեզ մատուցեց:+  Այդ գիշեր Աստված հայտնվեց Սողոմոնին ու ասաց նրան. «Խնդրիր ինձնից, ինչ ուզում ես»:+  Սողոմոնն էլ ասաց. «Դու նվիրվածություն ու մեծ սեր* ես դրսևորել իմ հոր՝ Դավթի հանդեպ+ և ինձ նրանից հետո թագավոր ես դարձրել:+  Եվ հիմա, ո՛վ Եհովա Աստված, թող որ կատարվի այն խոստումը, որ տվել ես իմ հայր Դավթին,+ որովհետև դու ինձ մի այնպիսի ժողովրդի թագավոր ես դարձրել, որը երկրի փոշեհատիկների չափ շատ է:+ 10  Ինձ իմաստություն ու գիտելիք տուր,+ որ առաջնորդեմ նրանց, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել քո այս մեծ ժողովրդին»:+ 11  Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ սիրտդ հենց դա ցանկացավ, և ո՛չ հարստություն խնդրեցիր, ո՛չ ունեցվածք, ո՛չ փառք, ո՛չ քեզ ատողների մահը և ո՛չ էլ երկար կյանք, այլ խնդրեցիր իմաստություն ու գիտելիք, որպեսզի կարողանաս դատել իմ ժողովրդին, որի թագավորն եմ քեզ դարձրել,+ 12  քեզ իմաստություն ու գիտելիք կտամ, բայց նաև հարստություն, ունեցվածք ու փառք կտամ, ինչպիսիք որ քեզ նախորդած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզնից հետո եկողները կունենան»:+ 13  Սողոմոնը Գաբաոնի սրբավայրից,+ որտեղ հանդիպման վրանն էր, եկավ Երուսաղեմ և այնտեղից սկսեց թագավորել Իսրայելի վրա: 14  Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր: Նա ընդհանուր հաշվով ուներ 1 400 կառք ու 12 000 ձի,*+ որոնք պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում+ և իր մոտ՝ Երուսաղեմում:+ 15  Թագավորը Երուսաղեմում արծաթն ու ոսկին քարի նման հասարակ բան դարձրեց,+ իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+ 16  Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից,+ և թագավորի վաճառականները ձիերի յուրաքանչյուր երամակն առնում էին հաստատված գնով:*+ 17  Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիների ու Ասորիքի թագավորներին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «այնտեղ հարցնում էին Աստծուն»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ձիավորների»:
Կամ՝ «ձիավոր»:
Կամ հնարավոր է՝ «բերում էին Եգիպտոսից և Կուեից. թագավորի վաճառականները դրանք գնում էին Կուեից»: «Կուե»-ն թերևս վերաբերում է Կիլիկիային: