2 Սամուել 6։1-23
6 Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի լավագույն զինվորներին՝ 30 000 մարդ:
2 Հետո նա և իր բոլոր մարդիկ գնացին Բաալ-Հուդա, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը,+ որի առջև մարդիկ կանչում են Զորքերի տեր Եհովայի+ անունը՝* նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+
3 Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա,+ որպեսզի տեղափոխեն Աբինադաբի տնից,+ որը բլրի վրա էր: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը:
4 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը հանեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր, ու տարան: Աքիովը գնում էր տապանակի առջևից:
5 Դավիթը և ողջ Իսրայելը տոնում էին այդ իրադարձությունը Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ, լարային այլ գործիքներ, դափեր,+ սիստրեր* ու ծնծղաներ էին նվագում:+
6 Բայց երբ նրանք հասան Նաքոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց ճշմարիտ Աստծու տապանակը,+ որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային:
7 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ: Ճշմարիտ Աստված մահով պատժեց+ նրան այդ անհարգալից արարքի համար:+ Նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի մոտ:
8 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում:
9 Դավիթն այդ օրը ահով լցվեց Եհովայի հանդեպ+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+
10 Եվ նա չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն:+
11 Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը:+
12 Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տան անդամներին և նրա ողջ ունեցվածքը օրհնել է, քանի որ ճշմարիտ Աստծու տապանակը նրա տանն է»: Ուստի Դավիթը ուրախությամբ գնաց, որ ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից բերի Դավթի քաղաք:+
13 Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց:
14 Դավիթը, կտավե եփուդ* հագած,*+ մեծ ոգևորությամբ* պարում էր Եհովայի առաջ:
15 Նա և ողջ Իսրայելը Եհովայի տապանակը+ բերում էին ուրախ բացականչություններով+ ու եղջերափողի նվագակցությամբ:+
16 Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը թռչկոտելով պարում է Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+
17 Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար:+ Այնուհետև Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ:+
18 Ողջակեզներն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Զորքերի տեր Եհովայի անունով:
19 Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական օղակաձև հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց, ինչից հետո բոլորը գնացին իրենց տները:
20 Երբ Դավիթը գնաց, որ օրհնի իր տնեցիներին, Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ նրան դիմավորելու: Նա ասաց. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը, երբ իր ենթակաների աղախինների աչքի առաջ մերկացրել էր* իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է բոլորի առաջ իրեն մերկացնում»:+
21 Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, ով ընտրեց ինձ, ոչ թե քո հորն ու նրա ողջ տունը, և ով նշանակեց ինձ որպես Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդ:+ Ուստի ես ուրախանալու եմ Եհովայի առաջ
22 և սրանից ավելի շատ եմ խոնարհեցնելու ու ցածրացնելու ինձ անգամ իմ աչքին: Իսկ քո ասած աղախինները ինձ կփառավորեն»:
23 Եվ Սավուղի դուստր Մեղքողը+ մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Հարվածային երաժշտական գործիք:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Կամ՝ «տրտմեց»:
^ Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»:
^ Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
^ Բռց.՝ «եփուդով գոտևորված»:
^ Բռց.՝ «ամբողջ ուժով»:
^ Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված արմավների, ինչպես նաև չամիչների մասին է:
^ Այսինքն՝ նա առանց արքայական հագուստի էր: