2 Սամուել 5։1-25
5 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր ցեղերը եկան Դավթի մոտ՝ Քեբրոն,+ ու ասացին. «Մենք քո միսն ու արյունն ենք:*+
2 Այն ժամանակ, երբ Սավուղն էր մեր թագավորը, դու էիր Իսրայելին առաջնորդում ռազմարշավների:*+ Եվ Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, դու ես դառնալու Իսրայելի առաջնորդը»»:+
3 Իսրայելի բոլոր երեցները եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը այնտեղ նրանց հետ դաշինք կապեց Եհովայի առաջ:+ Դրանից հետո նրանք Դավթին օծեցին Իսրայելի թագավոր:+
4 Դավիթը 30 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և թագավորեց 40 տարի:+
5 Նա 7 տարի ու 6 ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և 33 տարի Երուսաղեմում+ թագավորեց ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա:
6 Թագավորն ու իր մարդիկ գնացին Երուսաղեմ՝ այնտեղ ապրող հեբուսացիների դեմ կռվելու:+ Հեբուսացիները ծաղրեցին Դավթին՝ ասելով. «Դու երբեք չես մտնի այստեղ: Նույնիսկ կույրերն ու կաղերը կկարողանան քեզ վռնդել»: Նրանք մտածում էին, որ Դավիթը երբեք չի մտնի այնտեղ:+
7 Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի ամրոցը, որն այժմ կոչվում է Դավթի քաղաք:+
8 Այդ օրը Դավիթն ասաց. «Հեբուսացիների վրա հարձակվողները թող անցնեն ջրանցքով,* որ սպանեն «կաղերին ու կույրերին», որոնք ատելի են ինձ՝ Դավթիս համար»: Դա է պատճառը, որ ասում են. «Կույրերն ու կաղերը երբեք չեն մտնի այս տուն»:
9 Դավիթը բնակություն հաստատեց այդ ամրոցում, և այն կոչվեց* Դավթի քաղաք: Հետո նա սկսեց պարիսպներ և այլ շինություններ կառուցել Թումբի*+ վրա ու քաղաքի այլ տեղերում:+
10 Դավիթը գնալով հզորանում էր,+ և Զորքերի տերը՝ Եհովա Աստված, նրա հետ էր:+
11 Տյուրոսի թագավոր Քիրամը+ պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ: Նաև ուղարկեց ատաղձագործներ ու պատշարներ և նրանց հետ՝ մայրու գերաններ:+ Նրանք սկսեցին Դավթի համար պալատ կառուցել:+
12 Դավիթը հասկացավ, որ իր թագավորական իշխանությունը Եհովան ամուր հաստատել է Իսրայելի վրա+ և իր թագավորությունը,+ հանուն Իր ժողովրդի՝ Իսրայելի, փառահեղ է դարձրել:+
13 Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո Դավիթը ուրիշ հարճեր+ ու կանայք էլ առավ և էլի որդիներ ու դուստրեր ունեցավ:+
14 Երուսաղեմում ծնված նրա որդիների անուններն են՝ Սամուա, Սոբաբ, Նաթան,+ Սողոմոն,+
15 Եբաար, Ելիսուա, Նաֆեկ, Հաբիե,
16 Ելիսամա, Ելիադա և Ելիֆալետ:
17 Երբ փղշտացիներն իմացան, որ Դավիթը օծվել է Իսրայելի թագավոր,+ գնացին նրա դեմ կռվելու:+ Լսելով այդ մասին՝ Դավիթը իջավ ապաստան:+
18 Փղշտացիները եկան ռաֆայիմների հովիտ+ ու դիրքավորվեցին այնտեղ:
19 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ փղշտացիների դեմ կռվելու: Կմատնե՞ս նրանց իմ ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Գնա, ես անպայման քո ձեռքը կմատնեմ փղշտացիներին»:+
20 Ուստի Դավիթը գնաց Բաալ-Փարասին և այնտեղ կոտորեց նրանց: Նա ասաց. «Եհովան իմ առաջ ճեղքեց թշնամիներիս+ շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»: Դրա համար էլ Դավիթն այդ տեղը կոչեց Բաալ-Փարասին:*+
21 Փղշտացիներն իրենց կուռքերը այնտեղ թողեցին, և Դավիթն ու իր մարդիկ տարան դրանք:*
22 Դրանից հետո փղշտացիները նորից եկան ռաֆայիմների հովիտ+ ու դիրքավորվեցին այնտեղ:
23 Դավիթը Եհովայից առաջնորդություն խնդրեց: Սակայն Աստված ասաց. «Ուղիղ նրանց դեմ մի՛ գնա, այլ շրջանցիր թիկունքից, դուրս եկ թփերի* դիմաց ու հարձակվիր նրանց վրա:
24 Երբ թփերի վերնամասից ձայն լսես, ասես զորք է քայլում, վճռականորեն գործի անցիր, որովհետև Եհովան արդեն քո առաջ կլինի, որ կոտորի փղշտացիների բանակը»:
25 Դավիթն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն. նա կոտորեց փղշտացիներին+ Գեբայից+ մինչև Գազեր:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «քո ոսկորն ու քո միսն ենք»:
^ Բռց.՝ «Իսրայելում դու էիր դուրս հանողը ու ներս բերողը»:
^ Կամ՝ «ջրաթունելով»:
^ Կամ հնարավոր է՝ «և նա այն կոչեց»:
^ Կամ՝ «Մելոնի»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
^ Նշանակում է «ճեղքվածքների տեր»:
^ Ակներևաբար, նրանք այդ կուռքերը տարան ու վերացրին:
^ Բռց.՝ «բակայի թփերի»: Եբր. բակա բառի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ: