2 Սամուել 24։1-25

  • Դավիթը մեղք է գործում՝ հաշվառում անցկացնելով (1-14)

  • Համաճարակի պատճառով 70 000 մարդ է մահանում (15-17)

  • Դավիթը զոհասեղան է կառուցում (18-25)

    • Դավիթը չի ցանկանում ձրի վերցրած զոհեր մատուցել (24)

24  Եհովայի բարկությունը նորից բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ երբ մեկը Դավթին դրդեց գործել նրանց դեմ՝ ասելով. «Գնա ու հաշվառում կատարիր+ Իսրայելում և Հուդայում»:+  Ուստի թագավորը զորքի հրամանատար Հովաբին,+ որն իր հետ էր, ասաց. «Անցի՛ր Իսրայելի բոլոր ցեղերով՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և հաշվառո՛ւմ անցկացրու, որպեսզի իմանամ ժողովրդի* թիվը»:  Բայց Հովաբն ասաց թագավորին. «Թող քո Աստված Եհովան ժողովրդի թիվը հարյուրապատկի, և թող իմ տեր թագավորի աչքերը տեսնեն դա, բայց իմ տեր թագավորն ինչո՞ւ է ուզում այդ բանն անել»:  Սակայն թագավորն իր կամքը պարտադրեց Հովաբին և մյուս զորագլուխներին, ուստի նրանք, թագավորի մոտից դուրս գալով, գնացին Իսրայելի ժողովրդին հաշվառելու:+  Նրանք անցան Հորդանան գետն ու ճամբար դրեցին Արոերում+ և գետահովտի* մեջտեղում գտնվող քաղաքի հարավային* կողմում, ապա գնացին Գադի ուղղությամբ, իսկ հետո՝ Հազեր:+  Այնուհետև նրանք գնացին Գաղաադ+ ու Թահթիմադասի երկիր, հետո՝ Դան-Եաան, այնտեղից էլ՝ Սիդոն:+  Ապա գնացին Տյուրոսի+ ամրոց և խևացիների+ ու քանանացիների բոլոր քաղաքները: Ի վերջո հասան Բերսաբեե,+ որը Հուդայի Նեգևում է:+  Այսպիսով՝ նրանք անցան ամբողջ երկրով և ինը ամիս ու 20 օր հետո վերադարձան Երուսաղեմ:  Հաշվառման տվյալները Հովաբը հանձնեց թագավորին. Իսրայելում սուր կրող 800 000 ռազմիկ կար, իսկ Հուդայում՝ 500 000:+ 10  Հաշվառում անցկացնելուց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել* իրեն:+ Ուստի նա ասաց Եհովային. «Ես ծանր մեղք եմ գործել՝+ այդ բանն անելով: Բայց հիմա, խնդրում եմ, Եհո՛վա, ներիր քո ծառայի մեղքը,+ որովհետև մեծ հիմարություն եմ արել»:+ 11  Երբ Դավիթն առավոտյան վեր կացավ, Եհովան Գադ+ մարգարեին՝ Դավթի տեսանողին,* ասաց. 12  «Գնա ու Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առաջ: Ընտրիր, թե դրանցից որ մեկով պատժեմ քեզ»»»:+ 13  Գադը գնաց Դավթի մոտ ու ասաց. «Ընտրիր. կա՛մ քո երկրում յոթ տարի սով է լինելու,+ կա՛մ երեք ամիս դու փախչելու ես քեզ հետապնդող հակառակորդներից,+ կա՛մ էլ երեք օր համաճարակ է լինելու քո երկրում:+ Հիմա լավ մտածիր ու ասա, թե ինչ պատասխանեմ ինձ Ուղարկողին»: 14  Դավիթն ասաց Գադին. «Շատ ծանր դրության մեջ եմ: Բայց ավելի լավ է՝ մենք Եհովայի ձեռքն ընկնենք,+ քանի որ նա շատ գթասիրտ է,+ քան ընկնեմ մարդկանց ձեռքը»:+ 15  Դրանից հետո Եհովան Իսրայելին հարվածեց համաճարակով,+ որը առավոտից շարունակվեց մինչև սահմանված ժամանակի ավարտը. ամբողջ երկրում՝ Դանից մինչև Բերսաբեե,+ 70 000 մարդ մեռավ:+ 16  Երբ հրեշտակը ձեռքը մեկնեց Երուսաղեմի կողմը, որ կործանի այն, Եհովան ափսոսաց,* որ աղետ է բերել,+ և ժողովրդին կործանող հրեշտակին ասաց. «Բավակա՛ն է: Ձեռքդ հե՛տ քաշիր»: Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հեբուսացի+ Օռնայի կալատեղի մոտ էր:+ 17  Երբ Դավիթը տեսավ հրեշտակին, որը կոտորում էր ժողովրդին, Եհովային ասաց. «Ե՛ս եմ մեղք գործել, ե՛ս եմ հանցավոր: Այս գառներն+ ի՞նչ են արել: Խնդրում եմ, ինձ ու իմ հոր տունը պատժիր»:+ 18  Այդ օրը Գադը եկավ Դավթի մոտ ու ասաց. «Գնա ու հեբուսացի Օռնայի կալատեղում Եհովայի համար զոհասեղան կանգնեցրու»:+ 19  Եվ Դավիթը գնաց այնտեղ, ինչպես որ Եհովան Գադի միջոցով պատվիրել էր իրեն: 20  Երբ Օռնան տեսավ, որ թագավորը ծառաների հետ իր մոտ է գալիս, իսկույն դուրս եկավ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 21  Օռնան հարցրեց. «Ինչո՞ւ է իմ տեր թագավորը եկել իր ծառայի մոտ»: Դավիթը պատասխանեց. «Եկել եմ, որ քեզնից կալատեղը գնեմ ու Եհովայի համար զոհասեղան կառուցեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի»:+ 22  Բայց Օռնան ասաց Դավթին. «Թող իմ տեր թագավորը վերցնի կալատեղը և զոհաբերի, ինչ ուզում է: Ահա ցլերը՝ ողջակեզի համար, և կամնը* ու ցլերի լծասարքը՝ որպես վառելափայտ: 23  Այս ամենը, ո՛վ թագավոր, Օռնան տալիս է թագավորին»: Նա նաև ասաց. «Թող քո Աստված Եհովան իր բարեհաճությունը ցույց տա քեզ»: 24  Սակայն թագավորը պատասխանեց Օռնային. «Ո՛չ, ես պետք է գնեմ քեզանից: Ես ձրի վերցրած կենդանիներ որպես ողջակեզ չեմ մատուցի իմ Աստված Եհովային»: Եվ Դավիթը 50 սիկղ* արծաթով գնեց կալատեղն ու ցլերը:+ 25  Դավիթն այնտեղ Եհովայի համար զոհասեղան կառուցեց+ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց: Եհովան լսեց երկրի համար արվող աղաչանքը,+ և Իսրայելում կոտորածը դադարեց:

Ծանոթագրություններ

Ակներևաբար, խոսքը զինվորագրման տարիքի տղամարդկանց մասին է:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «նրա խիղճը սկսեց տանջել»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «վշտացավ»:
Հացահատիկը մանրելու գործիք:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14: