2 Սամուել 11։1-27

  • Դավիթը շնություն է գործում Բերսաբեի հետ (1-13)

  • Դավիթը սպանել է տալիս Ուրիային (14-25)

  • Դավիթը կնության է առնում Բերսաբեին (26, 27)

11  Տարվա սկզբին՝* այն ժամանակ, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս, Դավիթն ուղարկեց Հովաբին, իր մարդկանց ու Իսրայելի ողջ զորքին, որ կոտորեն ամմոնացիներին, և նրանք պաշարեցին Ռաբան:+ Ինքը, սակայն, մնաց Երուսաղեմում:+  Մի երեկո* Դավիթը վեր կացավ իր անկողնուց և սկսեց ման գալ արքունական պալատի տանիքում: Այնտեղից նա մի կնոջ տեսավ, որը լողանում էր. կինը շատ գեղեցիկ էր:  Դավիթը մարդ ուղարկեց՝ հարցուփորձ անելու այդ կնոջ մասին: Այդ մարդը նրան տեղեկացրեց. «Նա Էլիամի+ դուստրն է՝ Բերսաբեն՝+ քետացի+ Ուրիայի+ կինը»:  Դավիթը մարդիկ ուղարկեց և բերել տվեց Բերսաբեին:+ Նա եկավ նրա մոտ, և Դավիթը հարաբերություն ունեցավ նրա հետ:+ (Այդ ժամանակ կինը մաքրվում էր իր անմաքրությունից):*+ Դրանից հետո Բերսաբեն վերադարձավ իր տուն:  Կինը հղիացավ: Նա լուր ուղարկեց Դավթին, որ հղի է:  Դա լսելով՝ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ ասի նրան. «Քետացի Ուրիային ինձ մոտ ուղարկիր»: Եվ Հովաբը Ուրիային Դավթի մոտ ուղարկեց:  Երբ Ուրիան եկավ, Դավիթը հարցրեց նրան Հովաբի և զորքի ողջության, ինչպես նաև պատերազմի ընթացքի մասին:  Այնուհետև նա ասաց Ուրիային. «Գնա տուն և հանգիստ առ»:* Երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, նրա հետևից ուղարկեցին թագավորի նվերը:*  Բայց Ուրիան չգնաց իր տուն, այլ իր տիրոջ բոլոր զինվորների հետ թագավորի պալատի մուտքի մոտ քնեց: 10  Դավթին իմաց տվին. «Ուրիան չի գնացել իր տուն»: Դավիթը հարցրեց Ուրիային. «Ինչո՞ւ չգնացիր քո տուն. չէ՞ որ ճանապարհից ես եկել»: 11  Ուրիան պատասխանեց. «Տապանակը,+ Իսրայելը և Հուդան վրաններում են, և իմ տերը՝ Հովաբը, ու իմ տիրոջ զինվորները բաց դաշտում բանակ են դրել, իսկ ես գնամ իմ տուն՝ ուտեմ-խմեմ ու կնոջս հետ անկողի՞ն մտնեմ:+ Քո կյանքով եմ երդվում, ես այդ բանը չեմ անի»: 12  Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա այստեղ, և վաղը հետ կուղարկեմ քեզ»: Ուստի այդ և հաջորդ օրը Ուրիան մնաց Երուսաղեմում: 13  Դավիթը կանչել տվեց նրան, որ գա և իր հետ ուտի-խմի, ու հարբեցրեց նրան: Սակայն երեկոյան, երբ Ուրիան դուրս եկավ, տուն չգնաց, այլ գիշերեց իր տիրոջ զինվորների հետ: 14  Առավոտյան Դավիթը նամակ գրեց Հովաբին և Ուրիայի միջոցով ուղարկեց այն: 15  Նամակում նա գրել էր. «Ուրիային տարեք առաջնագիծ, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում: Իսկ դուք հետ քաշվեք նրանից, որ սպանեն նրան»:+ 16  Հովաբը ուշադիր զննել էր թշնամու քաղաքը և լավ գիտեր, թե որտեղ են ուժեղ ռազմիկները, ուստի Ուրիային այնտեղ ուղարկեց: 17  Այդ քաղաքի մարդիկ դուրս եկան ու կռվեցին Հովաբի դեմ: Դավթի զինվորներից ոմանք սպանվեցին. քետացի Ուրիան էլ սպանվեց:+ 18  Հովաբը մարդ ուղարկեց, որ Դավթին պատմի պատերազմում տեղի ունեցած բոլոր բաների մասին: 19  Նա պատգամաբերին հրամայեց. «Երբ պատերազմի հետ կապված ամեն բան թագավորին պատմես վերջացնես, 20  թագավորը գուցե զայրանա ու քեզ ասի. «Ինչո՞ւ այդքան մոտեցաք քաղաքին: Չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն: 21  Ո՞վ սպանեց Հերոբեսեթի*+ որդի Աբիմելեքին:+ Մի կին չէ՞ր, որ պարսպի վրայից նրա վրա աղացքար գցեց, և նա մեռավ Թեբեսում: Ինչո՞ւ այդքան մոտեցաք պարսպին»: Այդ ժամանակ կասես նրան. «Քո ծառան՝ քետացի Ուրիան, նույնպես զոհվեց»»: 22  Այսպիսով՝ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչ Հովաբը պատվիրել էր ասել: 23  Հետո նա ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզնից ուժեղ էին, և նրանք դաշտում մեր դեմ դուրս եկան: Սակայն մենք հետ մղեցինք նրանց մինչև քաղաքի դարպասը: 24  Նետաձիգները պարսպի վրայից քո զինվորների վրա նետեր արձակեցին, և թագավորի զինվորներից ոմանք զոհվեցին: Զոհվեց նաև քո ծառա քետացի Ուրիան»:+ 25  Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց պատգամաբերին. «Հովաբին ասա. «Մի՛ մտահոգվիր տեղի ունեցածի համար, քանի որ սուրը կարող է խոցել ցանկացած մեկի: Ավելի ուժգին գրոհ նախաձեռնիր քաղաքի վրա ու գրավիր այն»:+ Այդպես քաջալերիր Հովաբին»: 26  Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան, մահացել է, սկսեց սուգ անել նրա համար: 27  Հենց որ սգի օրերը վերջացան, Դավիթը մարդ ուղարկեց և նրան իր տուն բերել տվեց: Բերսաբեն նրա կինը դարձավ+ ու մի որդի ծնեց նրա համար: Բայց Դավթի արածները շատ տհաճ էին Եհովային:*+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ գարնանը:
Կամ՝ «Մի օր՝ երեկոյան կողմ»:
Հավանաբար, խոսքը դաշտանի հետ կապված անմաքրության մասին է:
Բռց.՝ «ոտքերդ լվա»:
Կամ՝ «թագավորի բաժինը»: Հավանաբար, խոսքը ուտելիքի այն բաժնի մասին է, որը հյուրընկալողը ուղարկում էր պատվարժան հյուրին:
Նույն Հերոբահաղն է՝ Գեդեոնը (Դտ 6:32):
Բռց.՝ «չար էին Եհովայի աչքին»: