2 Կորնթացիներ 9։1-15

  • Տալու դրդապատճառները (1-15)

    • Աստված ուրախությամբ տվողին է սիրում (7)

9  Ինչ վերաբերում է սրբերին* տրամադրվելիք օգնությանը,*+ ավելորդ եմ համարում գրել ձեզ այդ մասին,  քանի որ գիտեմ ձեր պատրաստակամությունը, որի համար մակեդոնացիների առաջ պարծենում եմ: Ես նրանց ասում եմ, որ դուք՝ Աքայայում եղողներդ, արդեն մեկ տարի է, ինչ պատրաստ եք օգնություն ուղարկելու, և ձեր խանդավառությունը ոգեշնչել է նրանցից շատերին:  Հիմա ուղարկում եմ եղբայրներին, ուստի փաստեք, որ այս հարցում ձեզնով մեր պարծենալն իզուր չէր, և պատրաստ եղեք, ինչպես որ ասել ենք ձեր մասին:  Այլապես, եթե այնպես լինի, որ մակեդոնացիները ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ տեսնեն, մենք (էլ չասեմ՝ դուք) ամոթով կմնանք ձեր հանդեպ մեր ունեցած վստահության համար:  Ուստի հարկ համարեցի հորդորել եղբայրներին, որ ինձնից առաջ գան ձեզ մոտ և հավաքեն ձեր խոստացած առատաձեռն նվիրաբերությունը, որպեսզի երբ գանք, այն պատրաստ լինի, և ակնհայտ լինի, որ մենք չենք ստիպում ձեզ, այլ դուք սրտանց եք տալիս:  Հիշեք՝ ով խնայելով է ցանում, քիչ կհնձի, իսկ ով առատ է ցանում, առատ էլ կհնձի:+  Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես սրտանց որոշել է, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրաբար,+ որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում:+  Դեռ ավելին՝ Աստված կարող է իր անզուգական բարությունը լիուլի դրսևորել ձեր հանդեպ, որ ոչ մի անհրաժեշտ բանի պակաս չունենաք և առատորեն ունենաք հարկ եղածը՝ ամեն բարի գործ անելու համար:+  (Ինչպես որ գրված է. «Նա իր ունեցածը բաժանում է առատաձեռնությամբ, տալիս է աղքատներին: Նրա արդար գործերը մնում են հավիտյան»:+ 10  Իսկ Աստված, ով առատորեն սերմ է տալիս ցանելու համար և հաց՝ ուտելու համար, ձեզ էլ առատորեն կտա ցանելու սերմը և կօգնի, որ ձեր արդար գործերից առատ պտուղներ քաղեք): 11  Աստված ամեն առումով առատորեն օրհնում է ձեզ, որ դուք էլ ամեն ինչում առատաձեռնություն դրսևորեք: Եվ մեր միջոցով փոխանցված ձեր առատաձեռն նվերը կմղի մարդկանց շնորհակալություն հայտնելու Աստծուն: 12  Չէ՞ որ ձեր այս հանրօգուտ ծառայության արդյունքում ոչ միայն սրբերի կարիքները կբավարարվեն,+ այլև շատ մարդիկ շնորհակալություն կհայտնեն Աստծուն: 13  Ձեր այդ օգնությունը* տեսնելով՝ նրանք կփառաբանեն Աստծուն, քանի որ դա կփաստի, որ դուք հնազանդորեն վարվում եք Քրիստոսի մասին ձեր իսկ քարոզած բարի լուրին ներդաշնակ և առատաձեռն եք թե՛ իրենց, թե՛ բոլորի հանդեպ:+ 14  Նրանք ջերմեռանդորեն կաղոթեն ձեզ համար ու կարտահայտեն իրենց սերը ձեր հանդեպ՝ տեսնելով, որ Աստծու անգերազանցելի անզուգական բարությունը դրսևորվում է ձեր միջոցով: 15  Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն իր աննկարագրելի ձրի պարգևի համար:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «ծառայությանը»:
Կամ՝ «ծառայությունը»: