2 Թագավորներ 20։1-21

  • Եզեկիան հիվանդանում է և ապաքինվում (1-11)

  • Բաբելոնից պատգամաբերներ են գալիս (12-19)

  • Եզեկիան մահանում է (20, 21)

20  Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ:+ Ամոզի որդի Եսայիան եկավ նրա մոտ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Կարգադրություններ արա քո տան անդամներին, քանի որ դու մեռնելու ես, չես ապաքինվելու»»:+  Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց ու աղոթեց Եհովային.  «Աղաչում եմ քեզ, ո՜վ Եհովա, հիշիր, խնդրում եմ, որ քո առաջ ողջ սրտով ու հավատարմությամբ եմ քայլել և արել եմ այն, ինչը ճիշտ է քո աչքում»:+ Եվ Եզեկիան դառնագին լաց եղավ:  Եսայիան դեռ չէր հասել միջին գավիթ,* երբ Եհովան նրան ասաց.+  «Հետ դարձիր ու ասա Եզեկիային՝ իմ ժողովրդի առաջնորդին. «Եհովան՝ քո հայր Դավթի Աստվածը, ասում է. «Ես լսեցի քո աղոթքը և տեսա քո արցունքները:+ Ես կբուժեմ քեզ:+ Երրորդ օրը դու կգնաս Եհովայի տուն:+  Ես 15 տարի կավելացնեմ քո կյանքին: Ասորեստանի թագավորի ձեռքից կփրկեմ քեզ ու այս քաղաքը.+ ես այն կպաշտպանեմ հանուն ինձ ու հանուն իմ ծառա Դավթի»»»:+  Եսայիան ասաց. «Չորացրած թզի բլիթ* բերեք»: Բլիթը բերեցին ու դրեցին թարախապալարի վրա: Դրանից հետո Եզեկիան սկսեց առողջանալ:+  Մինչ այդ Եզեկիան հարցրել էր Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի,+ որից կիմանամ, որ Եհովան կառողջացնի ինձ, ու ես երրորդ օրը կգնամ Եհովայի տուն»:  Եսայիան պատասխանեց. «Սա նշան կլինի Եհովայից, որից կիմանաս, որ Եհովան կկատարի իր խոսքը. ուզում ես, որ սանդուղքի* վրա ընկած ստվերը տասը աստիճան առա՞ջ շարժվի, թե՞ տասը աստիճան հետ»:+ 10  Եզեկիան ասաց. «Ստվերը հեշտությամբ կարող է տասը աստիճան առաջ շարժվել: Թող այն տասը աստիճան հետ շարժվի»: 11  Այդ ժամանակ Եսայիա մարգարեն աղոթեց Եհովային, և Նա այնպես արեց, որ ստվերը, որն արդեն իջել էր Աքազի սանդուղքի վրայով, տասը աստիճան հետ դառնա:+ 12  Բաբելոնի թագավոր Բերոդաք-Բալադանը՝ Բալադանի որդին, նամակներ և նվեր ուղարկեց Եզեկիային, քանի որ լսել էր նրա հիվանդ լինելու մասին:+ 13  Եզեկիան ջերմորեն ընդունեց պատգամաբերներին ու ցույց տվեց իր ողջ գանձատունը՝+ արծաթը, ոսկին, բալասանի յուղը և ուրիշ թանկարժեք յուղեր, իր զենքերն ու այն ամենը, ինչ կար իր գանձարաններում: Իր արքունիքում և ողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց: 14  Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել»: Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել»:+ 15  Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»: «Ինչ որ կար իմ տանը, տեսան,– ասաց Եզեկիան:– Իմ գանձարաններում մի բան չմնաց, որ նրանց ցույց չտայի»: 16  Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Եհովայի խոսքը.+ 17  «Օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա քո տանը, և ինչ կուտակել են քո նախահայրերը, տարվելու է Բաբելոն:+ Ոչինչ չի մնալու,– ասում է Եհովան:– 18  Քո հետնորդներից մի քանիսին* գերի են վերցնելու+ և պալատականներ են դարձնելու Բաբելոնի թագավորի արքունիքում»»:+ 19  Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Եհովայի խոսքը, որ ասացիր, արդար է»:+ Եվ ավելացրեց. «Լավ է, որ իմ օրոք խաղաղություն և կայունություն* է լինելու»:+ 20  Եզեկիայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա ողջ զորության և այն մասին, թե ինչպես նա ավազան+ ու ջրանցք կառուցեց և ջուրը քաղաք հասցրեց,+ գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 21  Եզեկիան հանգչեց իր նախահայրերի հետ,+ իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Մանասեն:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված թզի չրերի մասին է:
Հավանաբար, սանդուղքի աստիճանները օգտագործում էին ժամանակը հաշվելու համար, ինչպես որ արեգակնային ժամացույցը:
Կամ՝ «Քո որդիներից մի քանիսին, որոնց հայրն ես լինելու»:
Կամ՝ «ճշմարտություն»: