1 Տիմոթեոս 4։1-16
4 Սակայն Աստծու ներշնչմամբ ասված խոսքերը հստակ հայտնում են,* որ ապագայում կգան ժամանակներ, երբ ոմանք կթողնեն հավատը, քանի որ ուշադրություն կդարձնեն մոլորեցնող խոսքերի, որոնք իբր թե Աստծու ներշնչմամբ են տրված,*+ և ականջ կդնեն դևերի ուսմունքներին,
2 ինչպես նաև կեղծավոր մարդկանց ստերին,+ ում խիղճը դաղված* է, ասես շիկացած երկաթով:
3 Նրանք արգելում են ամուսնանալ+ և պատվիրում են հրաժարվել ուտելիքներից,+ որոնք Աստված ստեղծել է,+ որ հավատ ունեցող+ ու ճշմարտությունը ճշգրտորեն իմացող մարդիկ շնորհակալություն հայտնելով վայելեն:
4 Աստծու ստեղծած ամեն ինչն էլ լավ է,+ և եթե ուտում ես շնորհակալություն հայտնելով, ոչ մի ուտելիքից էլ պետք չէ հրաժարվել,+
5 քանի որ այն սրբագործված* է Աստծու խոսքով և աղոթքով:
6 Եղբայրներին տալով այս խորհուրդները՝ դու կլինես Քրիստոս Հիսուսի լավ ծառա, որ սնվում է ճշմարտության խոսքերով և սերտորեն հետևում է վեհ ուսմունքին:+
7 Մերժիր աստվածանարգ սուտ պատմությունները,+ ինչպես, օրինակ, պառավական պատմությունները: Նաև նպատակ դիր Աստծուն նվիրված լինել և մարզիր ինքդ քեզ, որ հասնես դրան:
8 Ֆիզիկական մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը ամեն առումով է օգտակար, քանի որ դրա շնորհիվ կարող ենք ձեռք բերել Աստծու խոստացած օրհնությունները թե՛ այս կյանքում, թե՛ գալիք:+
9 Այն, ինչ ասացի, ճշմարիտ է և արժանի լիակատար վստահության:
10 Հենց դրա համար ենք եռանդագին ջանքեր թափում+ և մեր ձեռքից եկածն անում: Չէ՞ որ մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, ով Փրկիչն է+ ամեն տեսակ մարդկանց,+ հատկապես՝ հավատարիմների:
11 Շարունակիր տալ այս պատվերները և սովորեցնել այս ամենը:
12 Այնպես արա, որ ոչ ոք անլուրջ չվերաբերվի քեզ, ինչ է թե երիտասարդ ես. հավատարիմ մարդկանց համար լավ օրինակ եղիր քո խոսքով, վարքով, սիրով, հավատով և մաքրությամբ:
13 Մինչև իմ գալը շարունակիր ուժերդ ներդնել հանրային ընթերցանության,+ հորդորներ տալու* և ուսուցանելու գործում:
14 Մատների արանքով մի՛ նայիր քո ունեցած պարգևին, որը տրվեց քեզ, երբ երեցների խորհուրդը, մարգարեական կանխատեսման համաձայն, իր ձեռքերը դրեց քեզ վրա:+
15 Խորհրդածիր այս ամենի մասին, կլանված եղիր դրանցով: Այդ դեպքում քո առաջադիմությունը բոլորի համար ակնհայտ կլինի:
16 Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն:+ Հաստատակամորեն շարունակիր անել այս ամենը, որովհետև այդպիսով կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Սակայն ոգին հստակ ասում է»:
^ Բռց.՝ «ուշադրություն դարձնելով մոլորեցնող ոգիների»:
^ Կամ՝ «խարանված»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կամ՝ «քաջալերելու»: