1 Տարեգրություն 28։1-21
28 Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին՝ ցեղերի իշխաններին, թագավորին ծառայություն մատուցող ջոկատների հրամանատարներին,+ հազարապետներին, հարյուրապետներին,+ թագավորի ու նրա որդիների+ ունեցվածքի և անասունների համար պատասխանատու վերակացուներին,+ նաև պալատականներին ու բոլոր զորեղ և ընդունակ մարդկանց հավաքեց Երուսաղեմում:+
2 Դավիթ թագավորը ոտքի ելավ ու ասաց.
«Լսե՛ք ինձ, ի՛մ եղբայրներ և ի՛մ ժողովուրդ: Սրտիս ցանկությունն էր մի տուն կառուցել, որտեղ Եհովայի ուխտի տապանակը կհանգրվաներ, և որը մեր Աստծու ոտքերի պատվանդանը կլիներ:+ Եվ ես շատ բաներ կուտակեցի դրա շինարարության համար:+
3 Բայց ճշմարիտ Աստված ասաց ինձ. «Դու իմ անվան համար տուն չես կառուցելու,+ որովհետև շատ պատերազմներ ես մղել և արյուն թափել»:+
4 Սակայն Իսրայելի Աստված Եհովան իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որ Իսրայելի թագավորը լինեմ հավիտյան.+ նա Հուդային ընտրեց որպես առաջնորդ+ և Հուդայի ցեղից հորս տոհմն ընտրեց,+ իսկ հորս որդիների միջից ինձ հավանեց, որ ամբողջ Իսրայելի թագավորը դարձնի:+
5 Իմ բոլոր որդիների միջից (Եհովան ինձ շատ որդիներ է տվել)+ նա ընտրեց Սողոմոնին,+ որպեսզի Եհովայի թագավորության գահին նստի և իշխի Իսրայելի վրա:+
6 Նա ասաց ինձ. «Քո որդի Սողոմոնն է կառուցելու իմ տունն ու գավիթները, որովհետև նրան ընտրել եմ, որ իմ որդին լինի. ես էլ նրա հայրը կլինեմ:+
7 Եթե նա այսօրվա պես վճռականորեն կատարի իմ պատվիրաններն ու կարգադրությունները,+ նրա թագավորությունը հավիտենապես հաստատուն կդարձնեմ»:+
8 Այժմ ամբողջ Իսրայելի՝ Եհովայի ժողովի առաջ և մեր Աստծու առաջ ասում եմ. «Ձգտեք ըմբռնել ձեր Աստված Եհովայի բոլոր պատվիրանները և ճշգրտորեն պահեք դրանք, որպեսզի մնաք այս լավ երկրում+ և այն որպես մնայուն ժառանգություն փոխանցեք ձեր որդիներին»:
9 Եվ դու, Սողոմո՛ն, որդի՛ս, ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան ողջ* սրտով+ և մեծ ուրախությամբ,* որովհետև Եհովան քննում է բոլորի սրտերը+ և գիտի բոլորի մտքերն ու ցանկությունները:+ Եթե փնտրես նրան, նա թույլ կտա, որ գտնես իրեն,*+ բայց եթե թողնես նրան, նա քեզ առհավետ կմերժի:+
10 Հիշի՛ր, Եհովան քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբարան: Քա՛ջ եղիր ու գործի՛ անցիր»:
11 Ապա Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց նախասրահի,+ ինչպես նաև տաճարի տարբեր սենյակների՝ պահեստասենյակների, վերնասենյակների, ներքին սենյակների ու հաշտության կափարիչի+ համար նախատեսված սենյակի* ճարտարապետական նախագիծը՝+
12 այն ամենի նախագիծը, որը տրվել էր իրեն Աստծու ներշնչմամբ,* այդ թվում՝ Եհովայի տան գավիթների,+ շուրջբոլորը գտնվող բոլոր ճաշասենյակների, ճշմարիտ Աստծու տան ու նրան նվիրված* իրերի գանձարանների նախագիծը:+
13 Բացի այդ՝ նա հրահանգներ տվեց քահանաների+ ու ղևտացիների խմբերի, Եհովայի տան ծառայության հետ կապված բոլոր պատասխանատվությունների ու Եհովայի տան ծառայության մեջ օգտագործվող բոլոր պիտույքների վերաբերյալ:
14 Նա հայտնեց, թե ինչքան ոսկի պետք է օգտագործվի ոսկե բոլոր պիտույքները պատրաստելու համար, և թե որքան պետք է կշռեն արծաթե պիտույքները, որոնք անհրաժեշտ էին լինելու տարբեր ծառայություններ կատարելու համար:
15 Նաև հայտնեց, թե որքան պետք է կշռեն ոսկե ճրագակալներն+ ու դրանց ոսկե ճրագները և արծաթե ճրագակալներն ու դրանց ճրագները՝ կախված դրանց գործածության նպատակից:
16 Նա ասաց նաև, թե ինչքան ոսկի պետք է օգտագործվի Աստծու առաջ դրվող հացերի յուրաքանչյուր սեղանի համար+ և ինչքան արծաթ՝ արծաթե սեղանների համար,
17 թե ինչքան պետք է կշռեն մաքուր ոսկուց մեծ պատառաքաղները, թասերը, սափորները, յուրաքանչյուր ոսկե փոքր թասը+ և յուրաքանչյուր արծաթե փոքր թասը,
18 թե ինչքան զտված ոսկի պետք է օգտագործվի խնկարկության սեղանի համար+ և ինչքան ոսկի՝ կառքը+ ներկայացնող ոսկե քերովբեների համար,+ որոնք, իրենց թևերը տարածելով, ամպհովանու պես ծածկելու էին Եհովայի ուխտի տապանակը:
19 Դավիթն ասաց. «Եհովան առաջնորդեց ինձ և իմաստություն տվեց, որպեսզի կարողանամ ճարտարապետական նախագծի+ բոլոր մանրամասները գրի առնել»:+
20 Ապա նա ասաց իր որդի Սողոմոնին. «Քա՛ջ և ամո՛ւր եղիր ու գործի՛ անցիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր, որովհետև Եհովա Աստված՝ իմ Աստվածը, քեզ հետ է:+ Նա քեզ չի լքի ու չի թողնի.+ նա քեզ հետ կլինի և կօգնի Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտել:
21 Քահանաների+ ու ղևտացիների+ խմբերը պատրաստ են կատարելու ցանկացած ծառայություն ճշմարիտ Աստծու տանը: Դու ունես հմուտ և պատրաստակամ վարպետներ, որոնք կանեն ցանկացած գործ:+ Իշխաններն+ ու ժողովուրդը նույնպես կկատարեն քո բոլոր կարգադրությունները»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամբողջությամբ նվիրված»:
^ Կամ՝ «Եթե փնտրես նրա առաջնորդությունը, նա կտա քեզ այն»:
^ Կամ՝ «քավության սենյակի»:
^ Բռց.՝ «ոգու միջոցով»:
^ Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»: