1 Սամուել 5։1-12
5 Ճշմարիտ Աստծու տապանակը+ զավթելուց հետո փղշտացիներն Աբենեզերից այն տարան Ազոտոս:
2 Նրանք վերցրին ճշմարիտ Աստծու տապանակը, բերեցին Դագոնի տուն* և դրեցին Դագոնի կողքին:+
3 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, երբ ազոտոսցիները վեր կացան, տեսան, որ Դագոնի արձանը Եհովայի տապանակի առջև երեսնիվայր ընկած է:+ Նրանք վերցրին Դագոնին ու դրեցին իր տեղը:+
4 Մյուս օրը, երբ նրանք առավոտ շուտ վեր կացան, տեսան, որ Դագոնը նորից երեսնիվայր ընկած է Եհովայի տապանակի առջև, իսկ Դագոնի գլուխն ու երկու դաստակները կոտրված ու շեմքի վրա են ընկած: Դրա մարմնի ձկան տեսք ունեցող մասն* էր միայն անվնաս մնացել:
5 Այդ պատճառով Դագոնի քրմերը և դրա տուն մտնողները Ազոտոսում գտնվող այդ տան շեմքի վրա մինչ օրս ոտք չեն դնում:
6 Եհովան պատժեց* ազոտոսցիներին՝ նրանց վրա պատուհաս բերելով. Ազոտոսի ու շրջակա տարածքների բնակիչները թութքով հիվանդացան:+
7 Տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ՝ ազոտոսցիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նա ծանր հարված է հասցրել մեզ և մեր աստծուն՝ Դագոնին»:
8 Ուստի նրանք կանչեցին փղշտացիների բոլոր կառավարիչներին ու հարցրին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը»: Նրանք էլ պատասխանեցին. «Թող Գեթ տեղափոխվի»:+ Եվ Իսրայելի Աստծու տապանակը տեղափոխեցին այնտեղ:
9 Երբ տապանակը տարան այդ քաղաք, Եհովան այնտեղ մեծ խուճապ առաջացրեց: Նա պատուհասեց քաղաքի բնակիչներին՝ փոքրից մինչև մեծ, և նրանք թութքով հիվանդացան:+
10 Այդ պատճառով ճշմարիտ Աստծու տապանակը ուղարկեցին Ակկարոն:+ Հենց որ այն մտավ Ակկարոն, ակկարոնցիները սկսեցին բղավել. «Իսրայելի Աստծու տապանակը բերել են այստեղ, որ մեզ ու մեր ժողովրդին մահվան մատնեն»:+
11 Նրանք կանչեցին փղշտացիների բոլոր կառավարիչներին ու ասացին. «Հե՛տ ուղարկեք Իսրայելի Աստծու տապանակը: Վերադարձրե՛ք իր տեղը, որ մենք ու մեր ժողովուրդը չմեռնենք»: Մահվան սարսափը պատել էր ողջ քաղաքը, քանի որ ճշմարիտ Աստված խստորեն պատժել էր այնտեղի մարդկանց,*+
12 իսկ ովքեր չէին մահացել, տառապում էին թութքի պատճառով: Քաղաքի բնակիչները, օգնության կանչելով, այնպես էին աղաղակում, որ նրանց ձայնը երկինք էր հասնում:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «տաճար»:
^ Բռց.՝ «Դագոնը»:
^ Բռց.՝ «Եհովայի ձեռքը ծանրացավ»:
^ Բռց.՝ «Աստծու ձեռքը շատ էր ծանրացել այնտեղ»: