1 Թագավորներ 8։1-66
8 Այդ ժամանակ Սողոմոն թագավորը իր մոտ հավաքեց+ Իսրայելի երեցներին՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխներին+ ու գերդաստանների գլուխներին. նրանք եկան Երուսաղեմ՝ Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը Դավթի քաղաքից՝+ Սիոնից+ տեղափոխեն:
2 Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ տոնի* ժամանակ՝ անթանի,* այսինքն՝ յոթերորդ ամսին:+
3 Երբ Իսրայելի բոլոր երեցները եկան, քահանաները բարձրացրին տապանակը:+
4 Նրանք տարան Եհովայի տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք տեղափոխեցին քահանաներն ու ղևտացիները:*
5 Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված բոլոր իսրայելացիները տապանակի առջևում էին և անթիվ-անհամար ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին զոհաբերում:+
6 Այսպիսով՝ քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան դրա համար նախատեսված տեղը՝+ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ:+
7 Քերովբեների թևերը տարածվում էին այն հատվածի վրա, որտեղ տապանակն էր, և ամպհովանու պես ծածկում էին տապանակն ու դրա ձողերը:+
8 Ձողերն+ այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին խորքի սենյակի առջևում գտնվող Սրբությունից, բայց դրսից չէին երևում: Դրանք մինչ օրս այնտեղ են:
9 Տապանակի մեջ միմիայն երկու քարե տախտակներն էին,+ որոնք Մովսեսը այնտեղ էր դրել+ Քորեբում, երբ Եհովան ուխտ* էր կապել+ Իսրայելի ժողովրդի հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ:+
10 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից, Եհովայի տունը+ ամպով լցվեց:+
11 Քահանաները ամպի պատճառով չկարողացան այնտեղ մնալ և կատարել իրենց ծառայությունը, քանի որ Եհովայի փառքը լցրել էր Եհովայի տունը:+
12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում ես բնակվելու:+
13 Ես քեզ համար մի վեհապանծ տուն եմ կառուցել՝ մնայուն տեղ, որ հավիտյան այնտեղ բնակվես»:+
14 Ապա թագավորը շրջվեց և օրհնեց Իսրայելի ժողովին. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր:+
15 Սողոմոնն ասաց. «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով իր բերանով խոստում տվեց իմ հորը՝ Դավթին, և իր ձեռքով կատարեց խոստացածը: Նա ասել էր.
16 «Այն օրից, երբ իմ ժողովրդին՝ Իսրայելին, Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ իմ անունը պատվելու համար տուն կառուցվի այնտեղ,+ այլ ընտրեցի Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին»:
17 Եվ իմ հայր Դավիթը իր ողջ սրտով ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+
18 Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Դու քո ողջ սրտով ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ է, որ այդ ցանկությունն ունես քո սրտում,
19 բայց դո՛ւ չես կառուցելու տունը, այլ քո որդին, որին կունենաս,* նա է իմ անվան համար տուն կառուցելու»:+
20 Եհովան կատարել է իր խոստումը. ես հաջորդել եմ իմ հորը ու նստել Իսրայելի գահին, ճիշտ ինչպես որ Եհովան խոստացել էր: Ես նաև Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն եմ կառուցել+
21 և այդ տանը տեղ եմ պատրաստել տապանակի համար, որտեղ Եհովայի ուխտի տախտակներն են,+ այն ուխտի, որը նա կապեց մեր նախահայրերի հետ, երբ նրանց հանեց Եգիպտոսից»:
22 Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+
23 ու ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, քեզ պես Աստված չկա+ ո՛չ վերևում՝ երկնքում, և ո՛չ էլ ներքևում՝ երկրի վրա: Դու պահում ես քո ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում+ ծառաներիդ հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո ճանապարհներով:+
24 Դու կատարեցիր քո խոստումը, որը տվել էիր ծառայիդ՝ իմ հայր Դավթին: Քո բերանով խոստում տվեցիր և այսօր քո ձեռքով կատարեցիր այն:+
25 Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր իմ հայր Դավթին տվածդ այս խոստումը. «Քո սերնդից իմ առաջ միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին, եթե միայն որդիներդ ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ընթանան իմ ուղիներով, ինչպես որ դու ընթացար»:+
26 Ո՛վ Իսրայելի Աստված, խնդրում եմ, թող քո ծառային՝ իմ հայր Դավթին տվածդ խոստումը իրականություն դառնա:
27 Բայց մի՞թե Աստված երկրի վրա կապրի:+ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել քեզ,+ ուր մնաց թե իմ կառուցած այս տունը:+
28 Այժմ ուշադրություն դարձրու ծառայիդ աղոթքին ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին, ո՜վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի օգնության աղաղակն ու աղոթքը, որ նա այսօր մատուցում է քո առաջ:
29 Թող քո աչքերը գիշեր ու ցերեկ այս տան վրա լինեն՝ այն տեղի, որի համար ասացիր, թե՝ «Այնտեղ կլինի իմ անունը»,+ որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, կմատուցի քեզ:+
30 Լսիր ծառայիդ աղերսանքը ու ժողովրդիդ՝ Իսրայելի աղաչանքը, երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը: Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից,+ լսիր ու ներիր:+
31 Երբ մի մարդ մեղք գործի ինչ-որ մեկի դեմ, ու վերջինս նրան երդում անել տա,* և երդման* պարտավորության տակ եղող մարդը գա ու այս տանը՝ քո զոհասեղանի առաջ կանգնի,+
32 լսիր երկնքից, միջամտիր ու դատիր քո ծառաներին. անօրենին մեղավոր ճանաչիր և հատուցիր նրան ըստ իր արածի, իսկ արդարին անմեղ ճանաչիր և վարձատրիր նրան ըստ իր արդարության:+
33 Երբ քո ժողովուրդը՝ Իսրայելը, քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով իր թշնամուց պարտություն կրի,+ բայց վերադառնա քեզ մոտ ու փառաբանի քո անունը,+ աղոթի ու քո բարեհաճությունն աղերսի այս տանը,+
34 լսիր երկնքից ու ներիր քո ժողովրդի՝ իսրայելացիների մեղքը, վերադարձրու նրանց այն երկիր, որը տվել ես նրանց նախահայրերին:+
35 Երբ նրանք քո դեմ շարունակ մեղք գործեն,+ ու այդ պատճառով երկինքը փակվի ու անձրև չգա,+ և երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը, փառաբանեն քո անունը և դադարեն մեղք գործելուց, քանի որ դու խոնարհեցրած* կլինես նրանց,+
36 լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ իսրայելացիների մեղքը: Սովորեցրու նրանց ճիշտ ճանապարհը,+ որով պետք է ընթանան, և անձրև բեր քո երկրի վրա,+ որը իբրև ժառանգություն տվել ես քո ժողովրդին:
37 Եթե երկրում սով լինի+ կամ համաճարակ, տոթակեզ քամի, ալրացող,*+ թևավոր մորեխներ կամ անկուշտ մորեխներ* լինեն, եթե թշնամին պաշարի նրանց իրենց քաղաքներից մեկում, և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի,+
38 և որևէ մեկը կամ քո ամբողջ ժողովուրդը՝ Իսրայելը, քեզ աղոթի կամ քո բարեհաճությունը աղերսի+ (ամեն մեկն ինքը գիտի իր սրտի ցավը)+ և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի,
39 լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ ներիր,+ միջամտիր ու ամեն մեկին իր ճանապարհների համաձայն վարձատրիր+ (քանի որ դու գիտես նրանց սիրտը, այո՛, միայն դու իսկապես գիտես յուրաքանչյուր մարդու սիրտը),+
40 որպեսզի նրանք վախենան* քեզանից այն ողջ ժամանակ, որ ապրում են մեր նախահայրերին տվածդ երկրում:
41 Եթե մի օտարազգի, որ քո ժողովրդից՝ Իսրայելից չէ, լսելով քո անվան* մասին, գա հեռու երկրից+
42 (որովհետև օտարազգիները կլսեն քո մեծ անվան,+ քո զորավոր ձեռքի ու հզոր* բազկի մասին) ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթի,
43 դու լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ և արա այն ամենը, ինչ օտարազգին կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները իմանան քո անունը,* վախենան քեզանից,+ ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը:
44 Եթե քո ժողովրդին պատերազմի ուղարկես իր թշնամու դեմ՝+ անկախ նրանից, թե ուր, և ժողովուրդդ, ո՛վ Եհովա, շրջվելով դեպի քո ընտրած քաղաքը+ և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար,+ աղոթի քեզ,+
45 լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:
46 Եթե նրանք մեղք գործեն քո դեմ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի),+ և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և թշնամին գերեվարի նրանց իր երկիր՝ հեռու թե մոտիկ,+
47 ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել,+ և քեզ մոտ վերադառնալով՝+ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝+ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+
48 եթե իրենց գերեվարած թշնամիների երկրում նրանք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով վերադառնան քեզ մոտ+ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես, և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար,+
49 երկնքից՝ քո բնակության վայրից,+ լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ,
50 ներիր ժողովրդիդ, որը մեղք է գործել քո դեմ: Ներիր քո հանդեպ գործած նրա բոլոր հանցանքները: Դու գութ կարթնացնես քո ժողովրդին գերեվարածների սրտում, և նրանք կխղճան նրան+
51 (քանի որ նա քո ժողովուրդն է և քո սեփականությունը,*+ որին դուրս բերեցիր Եգիպտոսից՝+ այդ թեժ հնոցից):*+
52 Ուշադրություն դարձրու* ծառայիդ աղերսանքին,+ նաև ժողովրդիդ՝ Իսրայելի աղերսանքին: Լսիր, երբ էլ որ նրանք խնդրելիս լինեն քեզ:*+
53 Չէ՞ որ դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, երկրի բոլոր ժողովուրդներից առանձնացրիր նրանց,+ որ քո սեփականությունը դառնան, ինչպես որ հայտնեցիր քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր նախահայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»:
54 Երբ Սողոմոնն ավարտեց Եհովային ուղղած այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը, վեր կացավ Եհովայի զոհասեղանի մոտից, որի առջև ծնկի էր եկել և ձեռքերը դեպի երկինք տարածել,+
55 կանգնեց ու բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովին՝ ասելով.
56 «Փա՛ռք Եհովային, ով հանգրվան տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին, ինչպես որ խոստացել էր:+ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով իր տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց:+
57 Թող մեր Աստվածը՝ Եհովան, մեզ հետ լինի, ինչպես որ մեր նախահայրերի հետ էր:+ Թող մեզ չլքի ու չթողնի:+
58 Թող նա մեր սիրտը դեպի իրեն դարձնի,+ որպեսզի գնանք իր բոլոր ճանապարհներով ու պահենք իր պատվիրանները, կանոններն ու օրենքները, որոնք նա տվեց մեր նախահայրերին:
59 Եվ թող մեր Աստված Եհովան գիշեր ու ցերեկ հիշի աղաչանքի իմ այս խոսքերը, որ մատուցեցի իրեն՝ Եհովային, որպեսզի ամեն օր, որքան որ պետք լինի, իր ծառայի ու իր ժողովրդի՝ Իսրայելի հանդեպ արդարադատություն իրագործի,
60 և որպեսզի երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը.+ ուրիշը չկա:+
61 Ուստի ձեր ողջ սրտով+ նվիրված եղեք մեր Աստված Եհովային. նրա կանոնների համաձայն ապրեք ու պահեք նրա պատվիրանները, ինչպես որ այսօր անում եք»:
62 Հետո թագավորը, նրա հետ նաև ողջ Իսրայելը Եհովայի առաջ մեծ թվով զոհեր մատուցեցին:+
63 Սողոմոնը Եհովային խաղաղության զոհեր մատուցեց՝+ 22 000 խոշոր եղջերավոր անասուն և 120 000 ոչխար: Այսպիսով՝ թագավորն ու բոլոր իսրայելացիները արեցին Եհովայի տան հանդիսավոր բացումը:+
64 Այդ օրը թագավորը սրբագործեց* գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն է, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզները, հացի ընծաները ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ Եհովայի առաջ գտնվող պղնձե զոհասեղանը+ չափազանց փոքր էր և չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու խաղաղության զոհերի ճարպը:+
65 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ նաև ամբողջ Իսրայելը՝ մի բազմաքանակ ժողովուրդ,* որ եկել էր Եմաթից* մինչև Եգիպտոսի հեղեղատն* ընկած վայրերից,+ մեր Աստված Եհովայի առաջ 7 օր ու հետո ևս 7 օր, այսինքն՝ 14 օր, նշեցին տոնը:+
66 Հաջորդ* օրը Սողոմոնը մարդկանց ուղարկեց իրենց տները: Նրանք օրհնեցին թագավորին ու զվարթ սրտով գնացին՝ ուրախանալով բոլոր այն բարիքների համար,+ որ Եհովան արել էր իր ծառային՝ Դավթին, ու իր ժողովրդին՝ Իսրայելին:
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Տաղավարների տոնի:
^ Տես հավելված Բ15:
^ Կամ՝ «ղևտացի քահանաները»:
^ Բռց.՝ «որը դուրս կգա քո երանքից»:
^ Կամ՝ «ու վերջինս նրան անեծքով երդում անել տա»: Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:
^ Բռց.՝ «անեծքի»:
^ Կամ՝ «նեղը գցած»:
^ Բույսերի սնկային հիվանդություն:
^ Կամ՝ «ծղրիդներ»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Կամ՝ «համբավի»:
^ Բռց.՝ «մեկնած»:
^ Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
^ Բռց.՝ «ժառանգությունը»:
^ Կամ՝ «երկաթ հալելու հնոցից»:
^ Բռց.՝ «Թող քո աչքերը բաց լինեն դեպի»:
^ Կամ՝ «Լսիր այն ամենը, ինչի մասին որ նրանք խնդրեն քեզ»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «ժողով»:
^ Կամ՝ «Եմաթի մուտքից»:
^ Բռց.՝ «Ութերորդ»: Այսինքն՝ երկրորդ յոթնօրյակի հաջորդ օրը: