Մատթեոս 8։1-34
8 Երբ Հիսուսը իջավ լեռան լանջից, մարդկանց մեծ խմբեր գնացին նրա հետևից:
2 Այդ ժամանակ մի բորոտ մարդ մոտեցավ, ծնկի գալով խոնարհվեց նրա առաջ ու ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+
3 Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»:+ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը բուժվեց:+
4 Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տես, ոչ ոքի չպատմես:+ Գնա ներկայացիր քահանային+ ու մատուցիր Մովսեսի օրենքով սահմանված ընծան,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:
5 Երբ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ մոտեցավ նրան և աղաչելով ասաց.+
6 «Տե՛ր, իմ ծառան տանը կաթվածահար պառկած է և սաստիկ տանջվում է»:
7 Հիսուսն ասաց. «Կգամ և կբուժեմ նրան»:
8 Իսկ հարյուրապետը պատասխանեց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի:
9 Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»:
10 Սա լսելով՝ Հիսուսը շատ զարմացավ և իր հետևից եկող մարդկանց ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսպիսի մեծ հավատ չեմ տեսել:+
11 Ասում եմ. շատերը արևելքից ու արևմուտքից կգան և երկնքի թագավորության մեջ սեղան կնստեն+ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ,
12 իսկ Թագավորության որդիները կնետվեն դուրս՝ խավարի մեջ, որտեղ լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները»:+
13 Ապա դիմելով հարյուրապետին՝ ասաց. «Տուն վերադարձիր: Քո դրսևորած հավատի համար խնդրանքդ կկատարվի»:+ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ:+
14 Հետո Հիսուսը գնաց Պետրոսի տուն և տեսավ, որ նրա զոքանչը+ ջերմության մեջ պառկած է:+
15 Նա դիպավ կնոջ ձեռքին,+ և ջերմությունն իջավ: Կինը վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:
16 Երեկոյան մարդիկ շատ դիվահարների բերեցին Հիսուսի մոտ, և նա, ընդամենը մի խոսք ասելով, դուրս էր հանում ոգիներին ու բուժում էր բոլոր հիվանդներին:
17 Այդպիսով կատարվեց Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր տկարությունները և հեռու տարավ մեր ցավերը»:+
18 Երբ Հիսուսը տեսավ, որ իր շուրջը մարդկանց բազմություն է հավաքվել, աշակերտներին պատվիրեց, որ նավով իր հետ ծովի մյուս ափն անցնեն:+
19 Նրան մոտեցավ Օրենքի մի ուսուցիչ* ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, կհետևեմ քեզ»:+
20 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:+
21 Ապա աշակերտներից մեկն ասաց Հիսուսին. «Տե՛ր, թույլ տուր՝ նախ գնամ իմ հորը թաղեմ»:+
22 Նա էլ ասաց. «Շարունակիր հետևել ինձ. թող մահացածները* թաղեն մահացածներին»:+
23 Ապա Հիսուսը նավ մտավ, աշակերտներն էլ՝ նրա հետ:+
24 Որոշ ժամանակ անց ծովում մեծ փոթորիկ բարձրացավ, այնպես որ ալիքները հեղեղում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր:+
25 Աշակերտները եկան ու արթնացրին նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»:
26 Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք այդպես վախեցել, թերահավատնե՛ր»:+ Ապա վեր կացավ, սաստեց քամուն ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց:+
27 Աշակերտներն ապշել էին: Նրանք ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամին ու ծովն են ենթարկվում նրան»:
28 Երբ հասան ծովի մյուս ափը՝ Գադարայի կողմերը, գերեզմանոցից երկու դիվահար մարդիկ եկան Հիսուսին ընդառաջ:+ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով:
29 Նրանք բղավեցին. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Աստծո՛ւ Որդի:+ Եկել ես՝ պատժե՞ս* մեզ+ նշանակված ժամանակից շուտ»:+
30 Հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում:+
31 Դևերը սկսեցին աղաչել. «Եթե մեզ հանելու ես, խոզերի երամակի մեջ ուղարկիր»:+
32 Հիսուսն ասաց. «Գնացե՛ք»: Նրանք էլ դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Եվ ամբողջ երամակը գահավեժ ժայռից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ:
33 Իսկ խոզարածները փախան և գնալով քաղաք՝ մարդկանց պատմեցին ողջ եղելությունը, նաև դիվահարներին պատահածը:
34 Եվ քաղաքի ամբողջ բնակչությունը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ: Երբ հանդիպեցին նրան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մաքրել»:
^ Բռց.՝ «մի դպիր»:
^ Ակներևաբար, խոսքը հոգևորապես մահացած մարդկանց մասին է:
^ Բռց.՝ «տանջե՞ս»: