Մատթեոս 27։1-66
27 Առավոտյան բոլոր ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները խորհրդակցեցին, թե ինչպես սպանեն Հիսուսին:+
2 Հետո նրան կապեցին ու տարան հանձնեցին կուսակալ Պիղատոսին:+
3 Հուդան՝ Հիսուսին մատնողը, տեսնելով, որ նա մահվան դատապարտվեց, խղճի խայթ զգաց: Նա 30 արծաթադրամը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին+
4 և ասաց. «Ես մեղք գործեցի՝ անմեղ մարդու* մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ: Դո՛ւ տես»:
5 Նա էլ արծաթադրամները շպրտեց տաճարի մեջ ու հեռացավ: Ապա գնաց ու իրեն կախեց:+
6 Ավագ քահանաները վերցրին արծաթե դրամները, բայց ասացին. «Ճիշտ չի լինի դրանք գցել սուրբ գանձարանը, որովհետև դրանք արյունոտ փողեր* են»:
7 Եվ խորհրդակցելուց հետո այդ փողով բրուտի արտը գնեցին, որ օտարականներին թաղեն այնտեղ:
8 Դրա համար էլ այդ արտը մինչ օրս Արյան արտ է կոչվում:+
9 Այդպիսով կատարվեց Երեմիա* մարգարեի միջոցով ասվածը. «Նրանք վերցրին 30 կտոր արծաթը՝ այն արժեքը, որն իսրայելացիները սահմանել էին այդ մարդու համար,
10 և տվեցին բրուտի արտի դիմաց, ինչպես որ Եհովան* պատվիրել էր ինձ»:+
11 Հիսուսին կանգնեցրին կուսակալի առաջ: Վերջինս հարցրեց նրան. «Դու հրեաների թագավո՞րն ես»: Հիսուսը պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+
12 Բայց երբ ավագ քահանաներն ու երեցները սկսեցին մեղադրել նրան, նա պատասխան չէր տալիս:+
13 Պիղատոսը հարցրեց. «Չե՞ս լսում, թե որքան մեղադրանքներ են ներկայացնում քո դեմ»:
14 Սակայն Հիսուսը բառ անգամ չպատասխանեց, ինչը կուսակալին շատ զարմացրեց:
15 Կուսակալը սովորություն ուներ ամեն անգամ Պասեքի ժամանակ ժողովրդի ցանկությամբ ազատ արձակել որևէ բանտարկյալի:+
16 Հենց այդ ժամանակ բանտարկության մեջ էր Բարաբբա անունով մի հայտնի հանցագործ:
17 Պիղատոսը, դիմելով հավաքված ամբոխին, հարցրեց. «Ո՞ւմ կցանկանաք՝ ազատ արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին, որին Քրիստոս են կոչում»:
18 Նա այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ նախանձից դրդված էին Հիսուսին իր ձեռքը հանձնել:
19 Դեռ ավելին՝ մինչ Պիղատոսը նստած էր դատավորական աթոռին, նրա կինը մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գործ չունես այդ անմեղ մարդու հետ, որովհետև այսօր նրա հետ կապված երազ եմ տեսել ու սարսափելի ապրումներ եմ ունեցել»:
20 Սակայն ավագ քահանաներն ու երեցները ամբոխին համոզեցին, որ ասեն՝ Բարաբբային ազատ արձակի,+ իսկ Հիսուսին մահապատժի ենթարկի:+
21 Կուսակալը կրկին հարցրեց. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում՝ ազատ արձակեմ»: Ամբոխը պատասխանեց. «Բարաբբայի՛ն»:
22 Պիղատոսը հարցրեց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին, որին Քրիստոս են կոչում»: Բոլորն ասացին. «Սյա՛նը գամիր»:*+
23 Նա հարցրեց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»: Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Սյա՛նը գամիր»:+
24 Պիղատոսը, տեսնելով, որ ինչ էլ անում է, օգուտ չկա, ու դեռ մի բան էլ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերն ու ասաց. «Ես մեղավոր չեմ այս մարդու արյունը թափելու մեջ: Դո՛ւք տեսեք»:
25 Բոլորը պատասխանեցին. «Թող մենք ու մեր երեխաները պատասխանատու լինենք նրա արյան համար»:+
26 Այդ ժամանակ Պիղատոսը Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց+ ու հանձնեց զինվորներին, որ տանեն սյանը գամեն:+
27 Զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատ և նրա շուրջը հավաքեցին ամբողջ զորագունդը:+
28 Նրա հագուստը հանեցին և մի ալ կարմիր թիկնոց գցեցին վրան,+
29 ապա փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին, աջ ձեռքն էլ մի եղեգ տվեցին: Եվ ծնկի գալով նրա առաջ՝ սկսեցին ծաղրել. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»:
30 Հետո թքեցին նրա վրա,+ վերցրին եղեգը և սկսեցին դրանով խփել գլխին:
31 Հիսուսին ծաղրուծանակի ենթարկելուց հետո հանեցին թիկնոցը, հագցրին նրա վերնահագուստներն ու տարան սյանը գամելու:+
32 Քաղաքից դուրս գալիս մի մարդու հանդիպեցին ու պարտադրեցին տանել Հիսուսի տանջանքի սյունը:* Այդ մարդու անունը Սիմոն էր, նա Կյուրենիայից էր:+
33 Երբ հասան Գողգոթա, այսինքն՝ Գանգ կոչվող վայրը,+
34 Հիսուսին դառնահամ մի բանի* հետ խառնած գինի տվեցին, որ խմի,+ բայց նա, համն առնելով, չուզեց խմել:
35 Նրան սյանը գամելուց հետո զինվորները վիճակ* գցելով նրա վերնահագուստները բաժանեցին իրար մեջ+
36 և նստեցին այնտեղ, որ հսկեն նրան:
37 Հիսուսի գլխավերևում փակցված էր նրա դեմ մեղադրանքը ցույց տվող հետևյալ գրությունը. «Սա Հիսուսն է՝ հրեաների թագավորը»:+
38 Այդ օրը երկու ավազակներ էլ էին սյան վրա մահապատժի դատապարտվել: Մեկը Հիսուսի աջ կողմում էր, իսկ մյուսը՝ ձախ:+
39 Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին+ ու գլուխները շարժելով՝+
40 ասում. «Տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք,+ դե փրկի՛ր քեզ: Եթե Աստծու որդի ես, իջի՛ր տանջանքի սյունից»:+
41 Ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն* ու երեցներն էլ էին ծաղրում նրան և ասում.+
42 «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել: Չէ՞ որ նա Իսրայելի թագավորն է.+ դե թող հիմա իջնի տանջանքի սյունից, ու մենք կհավատանք նրան:
43 Հույսն Աստծու վրա էր դրել, ասում էր՝ «Ես Աստծու Որդին եմ»,+ դե թող հիմա Աստված ազատի նրան, եթե ունի Աստծու հավանությունը»:+
44 Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+
45 Կեսօրին մոտ* խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը:+
46 Մոտ ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով բացականչեց՝ «Էլի՛, էլի՛, լամա՞ սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»:+
47 Դա լսելով՝ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին. «Այս մարդը Եղիային է կանչում»:+
48 Նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված գինու մեջ ու փայտի ծայրին հագցնելով՝ մոտեցրեց նրան, որ խմի:+
49 Բայց մյուսներն ասում էին. «Սպասիր՝ տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան փրկելու»:
50 Հիսուսը կրկին բարձր ձայնով բացականչեց և շունչը* տվեց:+
51 Այդ ժամանակ սրբարանի վարագույրը,+ վերից վար պատռվելով,+ երկու մասի բաժանվեց:+ Եվ երկրաշարժ եղավ, ու ժայռերը ճեղքվեցին,
52 գերեզմանները բացվեցին, և մահվան քնով ննջած սրբերից* շատերի մարմինները դուրս թափվեցին:*
53 Շատ մարդիկ տեսան դրանք (Հիսուսի հարությունից հետո մարդիկ գերեզմանոցից եկան և սուրբ քաղաք մտան):
54 Հարյուրապետն ու նրա հետ Հիսուսին հսկողները, տեսնելով երկրաշարժը և տեղի ունեցող ամեն բան, շատ վախեցան ու ասացին. «Նա իսկապես Աստծու Որդին էր»:+
55 Այս ամենին, հեռվում կանգնած, հետևում էին շատ կանայք, որոնք Գալիլեայից ուղեկցել էին Հիսուսին, որ հոգ տանեն նրա մասին:+
56 Նրանց թվում էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի կինը՝ Հակոբոսի ու Հովհաննեսի մայրը:*+
57 Իրիկնամուտին Հովսեփ անունով մի հարուստ արիմաթեացի մարդ, որը նույնպես Հիսուսի աշակերտն էր դարձել,+
58 գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ Պիղատոսն էլ հրամայեց, որ տրվի:+
59 Հովսեփը տարավ մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով+
60 և դրեց ժայռի մեջ փորված իրեն պատկանող մի նոր գերեզմանում:+ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու գնաց:
61 Իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը մնացին գերեզմանի դիմաց նստած:+
62 Դա Շաբաթին պատրաստվելու օրն էր:+ Հաջորդ օրը ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ
63 և ասացին. «Տե՛ր, հիշում ենք, որ այդ խաբեբան, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երրորդ օրը* հարություն կառնեմ»:+
64 Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որ նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան նրան+ և մարդկանց ասեն, թե նա հարություն է առել. դա ավելի մեծ մոլորություն կլինի, քան առաջինը»:
65 Պիղատոսն էլ ասաց. «Դուք պահապան զինվորներ ունեք, գնացեք հսկեք, ինչպես գիտեք»:
66 Նրանք էլ գնացին, գերեզմանի քարի վրա կնիք դրեցին և պահապան զինվորներ կանգնեցրին:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «անմեղ արյուն»:
^ Բռց.՝ «արյան գին»:
^ Իրականում մեջբերումը Զք 11:12, 13-ից է: Մատթեոսի ժամանակներում «Երեմիա»-ն մարգարեական գրքերի շարքում առաջինն էր, ու թերևս բոլոր այդ գրքերի համար «Երեմիա»-ն ընդհանուր անվանում էր:
^ Տես հավելված Ա5:
^ Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
^ Կամ՝ «Սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Բռց.՝ «լեղու»:
^ Բռց.՝ «դպիրները»:
^ Բռց.՝ «Վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
^ Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
^ Կամ՝ «ոգին»:
^ Այսինքն՝ Աստծու ծառաներից:
^ Բռց.՝ «վեր հանվեցին»:
^ Բռց.՝ «Զեբեդեոսի որդիների մայրը»:
^ Բռց.՝ «Երեք օր հետո»: